(Պատմվածք )

Msheci_patmvacq

Աղջիկը կանգնած էր կամրջի վրա ու մոլորված  չգիտեր ուր գնար, ինչ աներ, բայց ավելի շատ նա  ցած նետվելու մասին էր մտածում: Այն միտքը, որ րոպեներ անց խնդիրներն այլևս անցյալում կլինեն, իրեն ուժ էր տալիս այդ քայլն անելու:
Առավոտն այնքան վատ սկսեց…Վիճեց մոր հետ, ում կյանքում ամենաշատն էր սիրում, ում կյանքից էլ առավել էր սիրում…
Թեյը թափեց վրան ու արտաքին ցավը ձուլվեց հոգու ցավին և ամեն ինչ թվաց միանշանակ, իմաստազուրկ:   Աղջիկը տհաճորենք փոխեց համազգեստը, որն ամեն օր պարտավորված էր հագնում, նա այս կյանքում ամեն ինչն էլ մեքենայորեն էր անում, առանց մտածելու, վերլուծելու, ասես գլխում անջատել էր ինքնավերահսկման կոճակը:
Մի անգամ, երբ ընկերուհիներով խոսում էին Մերին շատ կտրուկ հարցրեց.
-Լուսինե՛, իսկ դու մտածել ես, եթե մեռնեիր ի՞նչ կխոսեին քո մասին, ի՞նչ կգրվեր քո տապանաքարին, ի՞նչ ասելիքով էիր դու լույս աշխարհ եկել ու ի՞նչ թողեցիր երկրի վրա: Ես վերջերս շատ եմ մտորում այս թեմայով, գիտես…
-…Ես մահից չեմ վախենում,-հանկարծ պատասխանեց Լուսինեն ու շարունակեց նույն հստակությամբ,- Ես երջանիկ կլինեմ, թե մահանամ, հասկանո՞ւմ ես: Մահը երջանկությա՜ն պես մի բան է, մահը վերջ է տալիս մեր տառապանքներին, հիշողություններին…Ես որ մեռնեմ մարդիկ կասեն՝ ծնվեց, տառապեց, հեռացավ:
-Լո՞ւս, ինչե՜ր ես խոսում…մնում էր մտածեիր, որ մահը երջանկություն է, անիմաստ բան ասացիր: Ես այլ բան նկատի ունեի, հասկանո՞ւմ ես: Ես նկատի ունեի, երբ հասակ առած լինես, երբ ծե՜ր, զառամյալ տատիկ լինես, ալեհեր: Հիմա հասկացա՞ր միտքս :
-Իսկ ո՞վ է որոշում մահվան տարիքը Մերի,-  ապա ցուցամատը ուղղեց երկինք ու հարցրեց,-Վերևո՞ւմ է որոշվում, չէ ՜, չկա՛ նման բան, անգամ այս հարցում են մեզ ազաատություն տվել: Իսկ ես գուցե ուզում եմ ապրել 22 տարի ու վե՛րջ: Հա, հենց այդպես, ես ունեմ ընտրության հնարավորություն, ես կարող եմ հրաժարվել այն ամենից ինչ կարող եմ ունենալ ու դնել վերջակետ, իմ ձեռքերով:
-Քո կամքով չես լույս աշխարհ եկել ու քո կամքով չէ, որ պիսի հեռանաս:
Ես արդեն անհանգստացա քեզ համար:  Լո՜ւս, հիմարություն է վերջակետ դնել 22 տարեկանում, երբ 32,42,52,62 անգամ 88 տարեկանում քեզ աննկարագրելի երջանկության պահեր են այցի գալու:
-Պահե՜ր, պահե՜ր…երջանկության պահե՞ր: Իսկ ի՞նչ է երջանկությունը Մերի, ասա՛,ստվե՞ր, որի մասին բոլորն են խոսում , որին բոլորն են սպասում, բայց նա ԺԼԱՏ է, նա՛ է որոշում ում այցի գնալ ում՝ոչ:  Չէ՜, խնդրում եմ, ես չեմ խաղում այս կյանքի կանոններով…
Մերին ապշած նայեց Լուսինեի դեմքին ու նրան թվաց օտար մի մարդու հետ է խոսում: Սարսափեց, մոտեցավ ընկերուհուն, բռնեց նրա սառած ձեռքն ու զգաց,թե ինչպես Լուսինեի ձեռքի դողն անցավ  իր իսկ մարմնով: Կորուստի վախը համակեց Մերիին ու նա ուժգին գրկեց նրան.
-Լո՜ւս, արև՜…այլևս, երբե՛ք չասես նման բաներ…Դու ծնվել ես որ երջանիկ լինես ու դու կլինես երջանիկ, հավատա ինձ ընկերուհիս: Էլ չմտածեց մահվան մասին, մահը բոլորիս է այցի գալիս, մի օր, բայց ո՛չ հիմա, քանի երիտասարդ ենք ու գեղեցիկ պիտի ապրե՜նք, Լո՜ւս  ախր չկա նենց մի բան, որ հաղթահարելի չլինի…
Լուսինեն քարացած հայացքով նայում էր դիմացի շենքի պատուհանին, ուր մի կին փոքրիկի շորեր էր պարանին կախում: Արցունքներ սահեցին նրա աչքերից, բայց հայացքն անթարթ էր:
Լռությունն ընդհատեց Մերիի ձայնը.
-Թեյ կխմե՞ս,-
-Ահա, նանայով, եռման…կոկորդս այլրելու աստիճան տաք,-արցունքների միջից ժպտաց Լուսինեն ու արագ սրբեց այտերը:
Msheci_patmvacq_Lusinen

Հաջորդ առավոտն աշխատանքային չէր: Մերին վաղ արթնացավ ու գնաց Լուսինեի մոտ: Տան դուռը բաց էր, ներս մտավ՝ զարմացավ, թե ինչու իրեն արձագանքող չկա:
Մոտեցավ Լուսինեի սենյակին, ուր նա քնած էր: Սենյակի լռության մեջ պարզ լսվում էր Լուսինեի հանդարտ շնչառությունը: Հանգստություն, խաղաղություն կար այդ սենյակում: Լուսինեն ամբողջովին ճերմակ էր հագել ու սև սաթի պես մազերը ներդաշնակություն, երկնային հմայք էին տալիս աղջկան: Մերին ջերմորեն շոյեց ընկերուհու գլուխն ու  զգույշ արթնացրեց նրան ասելով, որ տեղ պիտի գնան ու որ պետք է արագ հագնվի:
Լուսինեն նախ զարմանքով նայեց ընկերուհուն, ապա անտարբերությամբ վերցրեց կողքին դրված հագուստն ու մտավ լողասենյակ:Մի քանի րոպե անց վերադարձավ ու ի միջիայլոց  ասաց.
-Ես պատրաստ եմ, բայց լավ կլինի ասես, թե ո՞ւր ես ինձ ուզում տանել:
-Լավ տեղ ենք գնում, ուղղակի արի հետս,- ժպիտով ավելացրեց Մերին ու դուրս եկան տանից:
Օրը կիրակի էր, լուսավոր, արևոտ առավոտ էր, քանի դեռ մարդիկ քնած էին քաղաքը շունչ էր քաշում:
-Մերի՛, իսկ քեզ ասել եմ, որ այս բոլոր փողոցները մայրս է ավլում…Մաքրում է ամեն մի սանտիմետրը, որովհետև ոչ միայն դրանով հաց է վաստակում, այլև սիրում է քաղաքը: Ասում է ՝ իմ  տունն է, որ այն մարդիկ, ովքեր աղտոտում են քաղաքը նրանք նաև աղտոտում են իրենց հոգիները: Ասում է՝ մարդիկ ներքուս, որ անհաշտ չլինեն մյուսների կյանքն էլ դժբախտ չեն դարձնի: Մամայիս ամենաշատն եմ սիրում…: Եթե միայն իմանայիր, թե ո՜նց է սիրտս կտոր-կտոր լինում, երբ հոգնած տուն է վերադառնում, փուլ գալիս բազմոցին ու ասում՝ մի րոպե, հիմա քեզ նախաճաշ կպատրաստեմ ու այդպես քնած է մնում բազմոցին:
Ես միշտ երազել եմ ամուր ընտանիքի՝ հոր,եղբոր, քրոջ մասին: Իմ երազանքները երբեք չեն իրականանում…
Դու ինձ չես հասկանա…Դու ամեն ինչ ունես:
-Մի՛ ասա , ես հասկանում եմ քեզ, մենք միասին ամեն ինչ ենք կիսել, անգամ դպրոցի բուլկին:
-Ի՞նչ մի բան գտար հիշելու,-ծիծաղեց Լուսինեն:
-Լուս քո ցավը նաև իմ ցավն է: Չեմ ուզում քեզ այսպես կոտրված տեսնել: Այ կտեսնես, ամեն բան լավ կլինի:
-Զզվում եմ այդ արտահայտությունից՝ ամեն բան լավ կլինի: Ոչինչ էլ լավ չի լինի, որ լիներ՝ կլիներ:
-Քեզ այլևս ոչ ոք չի ցավեցնի:
-Ցավեցնի՞, դու դա անվանում ես ցավեցնե՞լ: Այդ անասունն ինձ…
-Լավ,լավ  հասնում ենք, սո՜ւս:
-Եկեղեցի՞…Մերի՜…

Msheci_surb_Hovhannes
-Քեզ պետք է ներս մտնել, աղոթել,-հանդարտ ասաց Մերին ու թևանցուկ արեց ընկերուհուն:
-Ես պիղծ եմ Մերի, Աստված ինձ չի՛ ների, ես…ես չեմ կարող…ի վիճակի չեմ…թո՛ղ ձեռքս, ուզում եմ գնալ,-Լուսինեն փորձեց ազատվել նրա ձեռքից: Մերին նրան գրկեց ու մոտեցրեց եկեղեցու բակի նստարանին:
-Լավ, լավ,ոնց կամենաս…Արի բակում նստենք, պատարագի ձայնն այստեղ էլ հասնում է…Ուղղակի լուռ նստենք:
Լուսինեն սրբեց արցունքներն ու կամաց սկսեց երգել.
‹‹…Քեզ հավատամ, խոստովանիմ…անմահական սուրբ Տիրամէր…քու տաճարին երկրպագիմ, անմահական սուրբ ՏիրամԷր…››:
-Սիրում եմ քո ձայնը, թախիծ ու թովչանք կա ձայնումդ…
-Մերի…այսօր գիշերն արթնացա մամայի լացի ձայնից: Երազին տեսել էր, թե հարսի շորով դագաղում եմ պառկած: Գոռում էր՝ նորահարս եմ թաղում…ու անիծում էր Աստծուն: Ես շվարել նստել էի անկողնումս՝ չգիտեի ինչ անել: Արցունքոտ աչքերով մոտեցավ, ամուր գրկեց ինձ,ապա խաչակնքվեց ու ասաց, որ ես եմ իր լույսը: Ամենաշատը վախենում եմ մորս մենակ թողնել էս անօրեն աշխարհում …
-Իսկ դու ինչո՞ւ պիտի թողնես նրան, ասա:
-Անկապ բաներ եմ խոսում, ուշադրություն մի՛ դարձրու…:
Աղջիկները մինչև պատարագի ավարտվելը մնացին եկեղեցու բակում: Եկեղեցին դատարկվեց մարդկանցից, Լուսինեն խնդրեց մենակ մտնել եկեղեցի: Աջ անկյունից վերցրեց գլխաշորը, խաչակնքվեց ու պատին հենվեց :  Վախվորած էր նայում իրեն ժպտացող սրբի պատկերին: Աչքերը կախեց ու ինչ որ բան սկսեց մրմնջալ:
Ձախ  կողմում նկատեց մի տատիկի, ով ծնկի էր իջել ու աղոթում էր: Տատիկը վերջացրեց աղոթքը,խաչակնքվեց ու դուրս գալուց մի ցավոտ հայացք նետեց Լուսինեի վրա: Տատիկի  թախծոտ աչքերից արցունքներ էին գլորվում, որից Լուսինեի սիրտը մղկտաց :
Վերադառնալիս աղջիկները  ոչինչ  չխոսեցին: Միայն շենքի բակում Լուսինեն առաջարկեց տուն բարձրանալ, բայց Մերին մերժեց:
Աշխատանքային շաբաթը  սկսված էր: Լուսինեն ավարտեց գործը և որոշեց մի քիչ քայլել: Տուն չէր վերադառնալու, դա գոնե հաստատ էր որոշել:
Բռնաբարությունից հետո Լուսինեն ամիսներ շարունակ մտածում էր ինքնասպանության մասին: Ամիսներ շարունակ նա հայելու մեջ իր պատկերին չէր կարողանում նայել: Ամիսներ շարունակ  նա զզվանքով էր մտածում իր գոյության   մասին ու վերջապես վրա էր հասել սպասված օրը: Րոպեներ անց նա կհեռանար այնպես՝ ասես չէր էլ ծնվել:
Երեկոն քամոտ էր: Կամուրջն այդ օրն ‹‹անհանգիստ›› էր: Լուսինեն քայլում էր կամրջով ու զգում, թե ինչպես է ոտքերի տակ դողում հատակը: Հասնելով կամրջի ուղիղ մեջտեղին կանգ առավ ու վար նայեց: Ներքևում մշուշ էր, մթությունն ասես փակել էր նրա գիտակցության մեջ ամեն ինչ: Լուսինեն զգաց մահվան հոտը, շունչ քաշեց ու անցկացրեց աջ ոտքը, ապա՝ ձախը:  Ձեռքերով դեռ ամուր բռնել էր կամրջի երկաթներից  ու համարձակության վերջին ճիգն էր գործադրում  նետվելու համար: Հանկարծ հեռվից մի աղեկտուր ձայն լսվեց.
-Բալե՜ս, բալե՜ս…սպասի՜ր, ի՛նձ լսիր, բալե՜ս մի՛ արա տենց բան, բալե՜ս:
Լուսինեին թվաց, թե մայրն է, բայց իրեն էր մոտենում մի տատիկ, ոտքից գլուխ սև հագած, ճերմա՜կ մազերով: Տատիկը մոտեցավ Լուսինեին ու բռնեց նրա ձեռքը.
-Բալես , մի՛ արա բալե՜ս…
Լուսինեն հիշեց տատիկին, ում երեկ եկեղեցում էր տեսել: Լուսինեն լուռ, ամոթահար գլուխը կախեց, անշարժ մնաց, չիմացավ ինչ ասի:
-Լսի՜ր…թոռնիկս հինգ տարի առաջ կամուրջից նետվել է , հենց այս անիծված կամրջից…Ես ամեն երեկո հատում եմ այս կամուրջը, վար եմ նայում, ասում եմ՝ բարի գիշեր բալես ու գնում տուն: Տունս մոտ է ՝այ էն շենքում եմ ապրում: Թոռնիկիս մենակ եմ մածացրել, այս կյանքում նրանից բացի ես ոչ ոքի չունեի…Էլ ինչ գործ ասես չարեցի, որ թոռս մեծանա, որդուս  ժառանգը ու նա էլ սենց անամոթ բան արեց…բալե՜ս , նա արեց, բայց դու չանես:
Էս կամուրջը քո կյանքի դժվարության ուղին է, հասկացի՛ր: Կյանքիդ կես ճամփին կանգ մի առ, մի՛ հանձնվիր…
-Տատ ես պարտվել եմ կյանքին, ախր դու չգիտես…
-Եթե դու ծնվել ես՝ ուրեմն հաղթել ես: Կամուջները ստեղծված են հատելու համար, նոր ուղղի գտնելու համար, մթությունից դեպի լույս տանելու համար: Դու կարո՛ղ ես, դու պետք է ապրես, դու պետք է պայքարես: Ու քանի դեռ մեկ սիրտ կա, որ բաբախում է քեզ համար, դու պիտի՛ երջանկացնես նրան քո գոյությամբ,ներկայությամբ, քո սիրո՜վ…

Մեկ  ժամ անց Լուսինեի մայրը զանգ ստացավ.
-Մամ, Սառա տատիկենց տանը նանայով թեյ եմ խմում, չանհանգստանաս գալու եմ…

CLF - Olmstead Parks

Leave a comment