Ճամփորդական նոթեր 10. Ապրիլի 24-ը թուրքերի հետ մեկ տանը

 

Հունգարական ռադիոյում աշխատելու ծրագրին դիմել էին 94 հոգի, որոնցից միայն մեկին պետք է ընտրեին: Ես անչափ ուզում էի, որ այդ մեկը ես լինեմ:
Հարցազրույց վարողը Աթիլան էր, հունգարացի մի տղա, որն առաջին հայացքից ծերուկի է նման՝ երկար մազերով և երկար մորուքով: Աթիլան հարցարույցի ընթացքում ասաց, որ այն տանն ուր բնակվելու եմ ապրելու են նաև թուրքեր ու ուզում էր իմ կարծիքն իմանալ…
Ես լարվեցի, երբ իմացա այդ լուրը ու չփորձեցի էլ թաքցնել լարվածությունս…
-Ես թուրքերից չեմ վախենում, բայց և չեմ պատկերացնում կյանքս նրանց հետ մեկ հարկի տակ:
-Հավատա Անի, նրանք լավ մարդիկ են և դու հնարավորություն կունենաս ճանաչել նրանց:
-Նախևառաջ ես իմ անվտանգության մասին եմ մտածում…
-Անի, նրանք երկուսն էլ համալսարանն ավարտած կիրթ մարդիկ են:
-Կիրթ մարդիկ թվում են հատկապես պատմությանը կողքից, հպանցիկ ծանոթացողների համար, սակայն առիթը չեն կորցնում քնած ժամանակ կացնահարելու….
Հունգարացին լռեց, այդ սարսափելի ու խայտառակ դեպքի մասին իմ բոլոր հունգարացի ընկերները հաճախ էին ամոթով հիշում ու փաստում, որ իրենց կառավարությունը ծախված ու անբարոյական է…
Իմ և Աթիլայի միջև եղավ պայմանավորվածություն, որ ես ունենալու եմ իմ սենյակն ու այն չեմ կիսելու ոչ ոքի հետ, սակայն պայմանը խախտվեց, քանի որ իմ սենյակը զբաղեցրել էր մի հուգարացի տղա և ես ստիպված տեղափոխվեցի 3 հոգու համար հատկացվող սենյակում,որտեղ ես մենակ էի:
Մինչ ես սպասում էի, որ կազմակերպության ղեկավարները գործուղումից կվերադառնան քաղաք և կլուծեն իմ սենյակի հարցը մի գիշեր իմ սենյակ ուղարկեցին Նեսթլի անունով մի թուրք աղջկա…
Միայն Աստված գիտի, թե ես ինչպես լուսացրի այդ գիշերը…
Հայն ու թուրքը գիշերում են մի սենյակում…մեր անկողինների միջև երկու քայլ տարածություն էր, բայց մեր միջև արյունոտ պատմության անջրպետ էր…
Ես մտածում էի, որ հիմա մեծ պապս՝ Կարապետը իմանար այս ամենը, ապա իր դագաղում մի քանի անգամ շուռ կգար…ես աչքերս բաց լուսացրի…
Առավոտյան ես կապվեցի Աթիլայի հետ ու հիշեցրի մեր պայմանավորվածությունը:
-Ո՞վ է քեզ հետ սենյակը կիսել,-հանգիստ հարցրեց նա:
-Թուրք աղջիկը…
Նա այլևս չերկարացրեց, տաս րոպե անց աղջկան տեղափոխեցին այլ սենյակ, ես մնացի մենակ, խաղաղ, բայց մեր միջմշակութային տանը սկսվեցին առաջին բամբասանքները հայի,թուրքի, Հայոց Ցեղասպանության, քաղաքականության մասին…ու այս բամբասանքների ու խոսակցությունների դատավորները գերմանացիներն էին: Այո, այս ամենի մեջ մի մե՜ծ հեգնանք կար…
Թուրք աղջիկների հետ ես շատ մեծ դժվարությամբ մտերմացա, այսինքն ես ոչ մի քայլ չէի անում մտերմանալու համար, բայց նրանք համառ էին:
Անտանելի էր… անասելի անտանելի էր այդ լեզուն լսելն ամեն Աստծու օր…ճաշելիս սպասում էի, որ որ նրանք հեռանան խոհանոցից, որ ես առանց թուրքերենը լսելու հանգիստ կարողանամ ճաշել, եթե ոչ գոնե թե ականջակալերով…
Նեսթլին ինձ հետ շատ մտերմացավ, նա իր բոլոր գաղտնիքները միայն ինձ էր վստահում, ինձ մոտ էր արտասվում, ասում էր այս տանը միայն դու ես ինձ հասկանում…և այո ես հասկանում էի նրան, որովհետև գրողը տանի մենք շատ նման ենք: Մեր մտածելակերպի, արժեհամակարգի նամանությունն ինձ հունից կարող էր հանել անգամ…ես կես լուրջ կես կատակ հաճախ էի ասում, որ այնքան եք ապրրել մեր հողերում, որ մեզանից ոչ միայն մշակույթ այլև բնավորության, վարվելակերպ եք սովորել)
Փոխանակման ծրագրով մեր քաղաք եկան ևս 7 թուրք, որոնցից մեկի մայրը հայ էր: Նա մի ակտիվ, շփվող տղա էր, որը մի քանի օր անց ինձ հետ զրույցում պատմեց, որ իր համար կյանքն անտանելի է Թուրքիայում, որովհետև բացի այն, որ իրեն անընդհատ երեսով են տալիս, որ մայրը հայ է, այլև մահու չափ վախենում էր բանակ զորակոչվելուց:
-Ես կիսով չափ հայ եմ ու արվամոլ, ինձ կսպանեն բանակում, դու չես պատկերացնում , թե թուրք ազգայնականներն ինչի են պատրաստ…
Առաջին անգամ, երբ մեր տան թրքուհիների ընկերները հյուրընկալվեցին մեզ ունեցան մշակութային շոկ: Նախ, որ Նեսթլին իմ պատվին տորթ էր պատրաստել և ես առաջարկեցին այն կիսել բոլորով միասին ուտել:
Թրքուհիների բոյֆրենդներին նայելիս անմիջապես պատկերացնում էի կարմիր գլխարկով ու կիսալուսնաձև թրով ու սարսափում էի:
Նրանք ազգայնական էին և դա չէին թաքցնում:
-Դուք հանգիստ ապրում եք մի տանը ՝հայ և թուրք:
Ես էլ սադրելու համար պատասխանեցի.
-Ավելին ասեմ, մենք միասին ճաշում ենք, սրճում ենք, քո ընկերուհին իմ սուրճի բաժակն է նայում, այսօր էլ ինձ համար տորթ է թխել…
Նա զարմացած աչքը չէր կտրում ինձանից: Հետո ինչպես միշտ, երբ հայն ու թուրքը հանդիպում են բացում են Ցեղասպանության թեման.
-Դուք մեր տան հյուրերն եք,- ասացի ես,-իսկ մենք հայերս չենք նեղացնում մեր տան հյուրերին, այնպես որ ավելի լավ է չքննարկենք մի թեմա, որը փաստ է և որին մի կողմը լավ չի տիրապետում:
Այդ փոխանակման ծրագրում ես ծանոթացա մի իտալացի երիտասարդի հետ:
Ալբերտոն հետաքրքրասեր տղա էր ու տարված էր Արևելքով, ուսումնասիրում էր արաբերեն: Մեր զրույցում նա շատ հանգիստ ասաց.
-Դուք անվանում եք ցեղասպանություն, բայց միթե՞ պատերազմի պատճառով չեն զոհվել այդքան հայեր: Ես միայն այդ վարկածն եմ ավելի շատ լսում, քան հակառակը…
Շատ դժվար է Հայոց Ցեղասպանության մասին խոսել առանց էմոցիաների, բայց նմանատիպ հանդիպումներն ու խոսակցությունները ինձ սովորեցրել են մի բան՝ խոսել փաստերով, առանց պաթոսի ու ուռճացման…սա շատ կարևոր ու պատասխանատու է…
Ամիսներ անց, Ալբերտոն ինձ նամակ գրեց՝ ներողություն խնդրելով ու մեջբերելով Հռոմի Պապի ելույթը…
2015 թվականին, երբ Հայաստանի ու Հայոց Ցեղասպանության մասին ողողվեց ողջ աշխարհի մամուլը, երբ Հայաստանը հատուկ արարողակարգովպնդում էր, որ 100 տարին ոչինչ է և ոչ մի բան չի մոռացվել…ես նստած իմ ռադիոյի սենյակում հետևում էի լուրերն ու օնլայն հեռարձակումներն և արտասվում…: Սենյակիս դուռը փակ էր ու ոչ ոք տանը չէր, իսկ ես խուափում էի մարդկանցից հատկապես թուրքերից…
Սենյակիս դուռը թակեցին:
-Ո՞վ է:
-Ես եմ Դանիելը, բացիր:
-Ի՞նչ է եղել:
-Բան ունեմ քեզ ասելու:
Դանիելը ներս մտավ, նստեց կողքիս, իսկ ես այնքան էի արտասվել, որ աչքերս փուչիկի պես ուռել էին:
-Ես գիտեմ, թե ինչ օր է այսօր հայերի համար…եկել եմ քեզ ցավակցելու, գիտեմ, որ այս հարցը ամենացավոտ հարցն է հայերի պատմության մեջ…
-Դանիել, ես պայթում եմ, որովհետև ես այստեղ մենակ եմ, բայց պետք է իմ հայ ընկերների կողքին լինեի, ես ինձ անզոր եմ զգում…ես անգամ Բուխարեստ չկարողացա գնալ…ես ինձ մեղավոր եմ զգում:
-Ես գիտեմ մի հայի, որը Բուխարեստի հայկական համայնքում է աշխատում, նա իմ լեհ ընկերուհու ծանոթն է: Ես միայն նոր իմացա այդ մասին, գիտեմ, որ այսօր էլ չես հասցնի գնալ, բայց ահա նրա տվյալները, ծանոթացիր նրա հետ, հանդիպիր, հայերի հետ շփումը կմեղմացնի կարոտդ ու քեզ մենակ չես զգա այստեղ…
Դանիելի շնորհիվ ես ծանոթացա Մկրտիչի հետ: Մի լուսավոր, պայծառ, հոգատար գյումրեցու, որն ամեն անգամ մեզ հյուրընկալելիս տոն էր դարձնում մեր Բուխարեստի այցերը:
Ապրիլի 24-ի օրվա վերջն էր, ես աննկատ դուրս եկա իմ սենյակից, որ արագ բարձրանամ ննջասենյակս և դիմացս դուրս եկավ թուրք աղջիկը, ժպտաց
-Անի՞
Ես ցավոտ, վիրավոր, վրեժով լի հայացքով նայեցի նրան ու առանց բառ ասելու բարձրացա սենյակ…
Իմ հետևից նա սկսեց հարց ու փորձ անել, թե ինձ հետ ինչ է պատահել:
Առավոտյան, նախաճաշի սեղանի շուրջ նա ինքը թեմա բացեց.
-Երեկ դու տխուր էիր, ես իմացա ինչու…բայց ասա ես ի՞նչ կարող եմ անել, չէ՞ որ ծնվել ենք այլ ժամանակաշրջանում ու ես պատասխանատու չեմ պապերիս արածի համար:
-Մենք դարեր շարունակ ապրել ենք կողք կողքի ու շարունակելու ենք ապրել, որովհետև ո՛չ մենք ենք փոխելու մեր բնակության վայրը, ո՛չ էլ դուք…Ես երբեք չեմ մոռանալու իմ պատկանելիությունը և իմ պատմությունը…այս հարցը իմ ու քո լուծելու հարցն է, որովհետև ատելությամբ ապրելը լուծում չէ…հասկացիր, որ ձեր մեղքը ընդունելուց , խոստովանելուց և ներողություն խնդրելուց հետո և իմ (Հայաստան) և քո (Թուրքիա) կյանքը կթեթևանա…դու կքնես մաքուր խղճով, իսկ ես կքնեմ արդարությունը վերականգնածի, խաղախ մտքով…և անմեղ մահացածների հոգիները վերջապես խաղաղություն կգտնեն…

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s