Մերօրյա օլիգարխը

1

Նրա ճակատին գրված էր ՝ <<բութ>>, նա հենց այդպիսի պիտակավորմամբ էլ ծնվել էր: Մարդկանց մի տեսակ կա՝ նրանք լույս աշխարհ են գալիս սպառելու , հափշտակելու, գռփելու, ոչնչացնելու, շահագործելու համար: Նա այդ գործում մենակ չէր: Նրան օգնում էր իրենից ոչ պակաս բութ եղբայրը: Չմանրամասնելով ընտանիքի անդամների տեսակը վերադառնանք բութին, ով  որդի տեսք ուներ: Հա, դե սովորական մի որդ՝ փոքր,տռզած, ծալքերով, հազիվ շաժվելով ու անկանոն շնչառությամբ: Երբ նրա հետ խոսում էիր թվում էր, թե նրա մտքերը հեռվում մի խորովածանոցում են ու նա լափում է…լափում է…լափում է:
Իրականում հենց լափելն էր նրա մոտ լավ  ստացվում: Իսկ լափելու պրոցեսը նրա մոտ սկսվել էր քաղաքականությամբ զբաղվելուն զուգահեռ: Բացելով սեփական բիզնեսը, շրջանցելով օրենքները նա մեծ կարողություն կարողացավ դիզել շատ կարճ ժամանակահատվածում:
Նա երբեք մենակ չէր շրջում՝ պնակալեզ աշխատողներն էին նրա շրջապատում, ովքեր պատրաստ էին ամեն ինչի ՝ նրան գոհացնելու համար: Ու կարծես սովորական մի արարողություն էր դարձել աշխատողներին բոլորի առջև ստորացնելը, սպառնալը, որ աշխատավարձը չի վճարի և այլն և այլն:
Այդ  գրասենյակն ասես կտտանքների վայր լիներ: Չկար մեկը, որը այդ  յուղապատ որդի ձեռքը չընկներ: Ով չէր հանդուրժում ինքնակամ հեռանում էր, ով էլ հանդուրժում էր հերթական ստորացումը սպասեցնել չէր տալիս:
Կտտանքների գրասենյակից դուրս գալու ոչ մի հնար չկար՝ անգամ ընդմիջմանը: Աշխատավարձի հաշվին մշտապես մատուցվում էր նույն սնունդը՝ բրձով և ոսպով փլավ: Ասես դեժավյու լիներ ամեն օր նույնն էր: Ընդմիջմանը տնօրեն որդը մշտապես պատվիրում էր խոզի խորոված, քաբաբ…դե մի խոսքով այն ինչը  կակտիվացներ նրա ինտելեկտը, իսկ նրա ինտելեկտը՝ ստամոքսն էր:
Հերթական ընդմիջման ժամանակ նա ձուկ էր պատվիրել : Ծուլորեն մտավ խոհանոց  ու տեսավ որ աշխատողները հերթական անգամ բրձով ոսպ են ուտում: Ոչ ոքի վրա չնայեց ուր մնաց ասեր՝ բարի ախորժակ: Ա՜խ նա ուր, քաղաքավարի լինելն ուր: Նրա դեպքում քաղաքավարի պահվածք ակնկալելը նույնն էր, թե խոզին ասեիր՝  Բաղրամյան փողոցում ամեն առավոտ ձգումներ արա:
Մոտեցավ ընդհանուր սեղանին, նստեց աշխատակիցների դիմաց ու սկսեց լափել դիմացը դրված ձուկը:  Ճաշի սեղանը կիսվեց երկու մասի՝ մարդիկ ովքեր ամեն Աստծո օր փլավ են ուտում և մարդ, ով փլավ ուտողների հաշվին նրանց դիմաց ձուկ է լափում:
Աշխատողները տհաճություն զգալով մեկ առ մեկ կիսատ թողնելով հացը վեր կացան սեղանից ու հեռացան խոհանոցից, իսկ դրանից  ավելի վիրավորական բան չէր  կարող լինել: Մարդիկ զզվեցին հաց ուտել միևնույն սեղանի շուրջ այդ մարդու հետ: Նա ասես չնկատեց դա: Նրա դիմաց միայն ես էի նստած մնացել ՝ ձեռքիս էլ  հաց ու պանիր: Դիտմամբ դուրս չեկա խոհանոցից:  Այնպիսի ախորժակով սկսեցի ուտել այդ հաց ու պանիրն ու հանդուգն նայելով այդ մարդու աչքերին: Մարդ, ում ոչ ոք չէր հարգում, մարդ, ումից վախենում էին…մարդ, որը  ծնվել էր միայն ստամոքս լցնելու համար:  Նա չկարողացավ շարունակել լափել ու դուրս եկավ:
Իսկ ես նրա գրասենյակից դուրս եկա, թեև աշխատանքի և աշխատավարձի կարիք շատ ունեի…
Նրա գրասենյակ աշխատանքի ընդունվելիս մարդիկ  ստորագրում էին հեռացման հրամանագիրը առանց տարվա ու ամսաթվի, որպեսզի ցանկացած ժամանակ առանց քաշքշուկի հեռացնեին աշխատողին:
Օրենքից քիչ թե շատ տեղյակ  տնօրենը գիտեր ինչպես վարվել ջրից չոր դուրս գալու համար:
Կտտանքների վայրը լքելուց երկու ամիս անց  մամուլում հայտնվեցին մի շարք դատական գործընթացներ ուղղված նրա դեմ: Դրանից զատ ինչ որ հասարակական կազմակերպություններ բացելով դրամաշորթությամբ էր զբաղվում:
Ճակատին դրոշմված բութը ազատության մեջ է…ո՞վ էլ կասկածեր:

 

Ճամփորդական նոթեր

  Ավտոստոպը Ռումինիայում

Ուրբաթ առավոտ կանուխ շտապում ենք քաղաքից դուրս: Վաղ է , բայց մի քանի միլիոնանոց Բուխարեստում կյանքի եռը հենց վաղ առավոտից է սկսում:
Չսիրեցի այս քաղաքը, մի տեսակ մոխրագույն ու  միանման է , այստեղ մոլորվելն էլ է հեշտ հենց այդ միանման լինելու պատճառով…Ճամփորդողները Բուխարեստը Կոմունիստական  քաղաք են անվանում,թերևս դրականն այն է, որ  ռումինացիները բարհեամբույր ու հայերիս պես օտարազգիներին ձեռք մեկնող են:
Մենք շտապում ենք մայրաքաղաքից  դուրս տանող հիմնական մայրուղին: Այնտեղից հեշտ է մեքենա կամ բեռնատար գտնելը երկրի մեկ ծայրից մյուսը տեղափոխվելու համար՝անվճար:
Ավտոստոպ երևույթն այս երկրում հրաշալի է գործում: Մեծից փոքր կարելի է տեսնել մարդկանց, ովքեր փողոցում կանգնած, բթամատը  վեր պահած մեքենա են <<որսում>>: Իսկ հատկապես օտար ճամփորդի համար սա յուրօրինակ ձև է երկիրն ավելի  <<խորքից>>  ճանաչելու համար:
Վարորդները հիմնականում բարի, հասարակ մարդիկ են, ովքեր ձանձրանում են  մի քանի հարյուր կիլոմետր միայնակ անցնելու և ճամփորդներին չեն անտեսում: Նրանց մեջ այնպիսի մարդկանց  կարելի է հանդիպել, որ վերջին հացն անգամ կիսում  են հետդ, պատմում երկրի, ավանդույթների մասին, ամեն ինչ անում, որ սիրես Ռումինիան:
Ավտոստոպ երևույթը ես անվանում եմ կազինո: Երբեք չես իմանա ինչ տեսակի  վարորդի կհանդիպես՝ իտալիայից  ժամանաց գլամուռ դիմահարդարի, թե որսորդի, որի բեռնախցիկում վայրի խոզ է և մեքենայից դեռ գալիս է արյան հոտը:
Ավտոստոպը կամ ինչպես բրիտանացիներն են անվանում՝ hitchhiking –ը ունի կանոններ, գրված և չգրված օրենքներ,որոնց հետո ավելի մանրամասն կանդրադառնամ:  Չգրված օրենքներից է ունենալ ցուցապաստառ , ուր պետք է  նշված լինի այն քաղաքը ուր գնում ես:

msheci_hitchhiking
Իմ պաստառը միշտ զարդարում էի արևներով ու ժպիտներով, իսկ ահա մեջքիս 15 կիլոգրամանոց ուսապարկը վկայում էր, որ ես յուրային չեմ և հետաքրքիր ճանապարհի ընկեր կարող եմ դառնալ տեղացիների համար:
Օրը մռայլ էր, երբ ես ու մեկ այլ հայուհի ճամփա ընկանք:
-Արփ ես հաջողակ եմ, ես երբեք երկար չեմ սպասում ճանապարհին, հուսամ այս օրը այդ օրերից է,միայն թե անձրև չսկսվի:
-Ես էլ եմ հաջողակ, մի՛ անհանգստացիր հիմա հաստատ մեքենա կունենանք…,- և խոսքը չավարտած մի մեծ բեռնատար է կանգնում:
-Բունա,- բարևում եմ ու հետո հարցնում , թե անգլերեն խոսում է և  ցույց եմ տալիս պաստառի վրա գրված քաղաքը՝ Brasov: Վարորդը գլխով է անում ու հասկացնում, որ բարձրանանք բեռնատար: Ես ռումիներեն այդքան էլ լավ չգիտեմ, հետևաբար ընկերուհիս է խոսում, հարց ու փորձ անում, իսկ ես փակում աչքերս ու մտածում , որ սա ես չեմ, սա ինչ որ ֆիլմ է…
-Սուճ կխմեք,- հարցնում է վարորդը:
-Ոչ շնորհակալություն,-միաձայն պատասխանում ենք: Նա կանգնեցնում է բեռնատարը բենզալցակայանի մոտ ու իջնում: Հինգ րոպե անց մոտենում է սուրճի երկու բաժակներով: Հետո ներքևից ձայն տալիս որ դուռը բացենք և վերցնենք այն:
Շնորհակալություն ենք հայտնում ու վերցնում  սուրճի բաժակները: Օտար երկրում սկսում ես գնահատել ամեն մի լավ արարք ու շնորհակալ լինում դրա համար: Սա մի տիեզերական կարողություն է դառնում՝ շնորահակալ լինել ամեն լավ բանի համար ինչ հանդիպում է քո ճանապարհին և փոխհատուցել քո բարությամ, թեկուզ փոքրիկ:
– Ես հայուհիների երբեք չէի տեսել: Հազիվ կկարողանամ քարտեզում ցույց տալ Ձեր երկիրը: Բայց վստահ ասում եմ, որ հայուհիները գեղեցիկ աչքեր ունեն…,-ի պատասխան ամոթխած ժպտում ենք…
Երկինքն ամպամած էր…սարսափում էի այն մտքից, որ անձրև կարող է տեղալ: Անտառախիտ այդ երկրում երբ անձրևները սկսում են՝ օրեր են տևում: Արևահամ երկրի բնակչին դժվար է օրերով արևի երես չտեսնելը…Իսկ մեզ մրսել չի կարելի…օտար երկրում, ոչ ոք չի թակում, քո ննջասենյակի դուռն ու նանայով տաք թեյ բերում…օտարության մեջ դու ես քո գլխի տերը ու դու պարտավո՛ր ես հոգ տանել քո մասին:
-Հասնում ենք Բրաշով,-մտքերս ընդհատում է ընկերուհիս: Ցատկում եմ բեռնատարից, հետո նա տալիս է մեր ուսապարկերը, շնորհակալություն ենք հայտնում ու հրաժեշտ տալիս նրան:
Անձրևի կաթիլները շոշափելի են դառնում: Ես ավելի եմ անհանգստանում այդ մտքից ու մտածում ով կլինի այն բարի մարդն, ով կկանգնի՝  մեզ իր հետ տանելու համար…մնաց  400 կիլոմետր…
Նոր մակնիշի մեքենա է կանգնում: Սովորաբար լավ մեքենաներ ունեցող վարորդները հազվադեպ են կանգնում ճամփորդներին վերցնելու: Հարուստ մարդիկ վախկոտ են…չեն վստահում…չեն էլ փորձում…սա բացառությո՞ւն էր:
Վարորդը փայլուն անգլերեն է խոսում: Անձրևը սաստկանում է , մենք արագ տեղավորում ենք ուսապարկերը բեռնախցիկում և նստում մեքենայի մեջ:
Դանիելը 40 անց տղամարդ էր: Ճերմակ մազերն արդեն նկատելի էին: Խոսում էր գերազանց անգլերեն, ամերիկյան ակցենտով: Ասես չհավատալով երկրորդ անգամ եմ հարցնում, թե իսկապե՞ս ռումինացի է:
– 18 տարի է ապրում եմ Ամերիկայում: Ծնողներիս տեսակցության եմ եկել: Ռումինիան իմ երկիրն է, ուր էլ ապրեմ միշտ հետ եմ գալիս իմ հողն ու ջուրը:
Այս նախադասությունը միշտ լսել եմ պանդուխտ հայերից…
<<Ուր էլ լինես, քո մայր լեզուն…>>…
-Իսկ դո՞ւք,- հարցնում է Դանիելը,- Ի՞նչ գործ ունեք Ռումինիայում:
-Կամավորներ ենք, ընկերուհիս դպրոցում է աշխատում,փոքրիկ ռումինացիներին հայկական երգ ու պար է դասավանդում, ես ռադիոյում եմ աշխատում՝ հունգարական:
-Տրանսիլվանիայում հունգարացիները շատ են,-ասում է Դանիելը:
-Ըհը, ասում են իրենց պատմական երկիրն է,- ավելացնում եմ ես՝ առաջ բերելով կոնֆլիկտային հարցը: Միշտ հետաքրքիր է, թե միևնույն հողի համար պայքարող տարբեր ազգերի ներկայացուցիչներն  ոնց են մեկնաբանում փաստերը: Ու հենց այդ ամենի մեջ ապրելով զուգահեռներ եմ տանում իմ երկրի խնդիրների հետ: Մոտ հարյուր տարի է, ինչ գոյություն ունի այս կոնֆլիկտը հունգարացիների և ռումինացիների միջև, մարդիկ ապրում են իրենց պապենական հողում, բայց փաստաթղթերով այլ երկրի քաղաքացի են: Ատելությունը ակնառու չէ, բայց հրաժարվում են անգամ ռումիներեն լեզուն սովորելուց, ռադիոներով ռումինական երագեր չեն պտտեցնում,իսկ միմյանց միջև ամուսնությունը բարկացնում է հատկապես ազգայնականներին:
Դանիելը պատմում է, թե ինչպես է հայտնվել Ամերիկայում, ասում է չուզենալով  է գնացել.
-Նոր էի ամուսնացել: Կինս երազում էր ԱՄՆ-ի մասին և ա՜յ քեզ հրաշք, նա  Green Card շահեց ու մեկնեցինք: Սարսափելի դժվար էր, նոր միջավայր՝ ուրիշ կենասկերպով ապրող մարդիկ, այլ արժեքներ: Առավոտից իրիկուն աշխատում էի, դպրոց հաճախում կնոջս հետ, մի խոսքով փորձում էինք ինտերգրվել այդ երկրում: Շատ բարդ էր, ամիսներ անց կինս չէր կարողանում կարոտին դիմադրել: Այն ժամանակ էլ չկար Skype  կամ նմանատիպ բաներ, որոնք կարոտը մեղմացնում են…Ամեն ամսվա վերջում ես հասկանում էի, որ ավելի շատ վճարում եմ
ԱՄՆ-Ռումինիա զանգերի համար քան խնայում: Սկսվեցին ընտանեկան վեճերը, կինս ամեն օր տեսարան էր սարքում, ամեն մի մանրուքի համար վիճում էինք: Կյանքս քաոս դարձավ, էլ չէի կարողանում հանդուրժել: Մի գեղեցիկ օր էլ կինս վերջնահաշիվ  դրեց ՝վերադառնում ենք Ռումինիա այլապես սպառնում էր բաժանվել: Դե մեկ  տարի անցել էր, իսկ ես իմ ապագան ԱՄՆ-ում էի տեսնում և ասացի նրան, որ կարող է գնալ, եթե ուզում է և ես նրան չեմ հետևելու:
-Չէի՞ք սիրում նրան,-զարմացած հարցնում եմ:
-Դե գիտես, դա նրա՛ երազանքն էր ԱՄՆ-ում ապրելը ո՛չ թե իմ: Եթե չսիրեի՝ չէի հետևի նրան, կմնայի իմ հայրենիքում, ուր վատ չէինք ապրում: Չուզեցի նրա խաղալիքը լինել: Կանացի կամակորությունները չեմ կարողանում հանդուրժել, եթե անգամ չափից շատ եմ սիրում:
-Իսկ նա՞
-Նա գնաց…
-Կապ կա՞, շփվո՞ւմ եք
-Նա ինձ ատում է, գիտեմ, որ ինձանից հետո մի քանի տարի անց անհաջող ամուսնացավ, հիմա տեղյակ չեմ ինչով է զբաղվում, ոնց է ապրում:
-Իսկ չեք էլ փորձել հանդիպել…ի վերջո ընտանիք եք ունեցել…
-Չէ, երկուսս էլ համառ էինք ու հպարտ:
-Երեխաներ ունեք:
-Ոչ…բայց կուզեյի:
-Իսկ երեխայի գործոնը կստիպե՞ր բաժանվել նրանից:
-Երբ տղամարդը որոշում է հեռանալ, նրան այլևս ոչ ոք չի կարող պահել, ես չեմ ափսոսում ոչինչի համար…Իսկ հիմա ես կայացած բիզնեսմեն եմ, ձկնարտադրության ճյուղ ունեմ ,էլ մենակ չեմ, ընկերուհի ունեմ
տիպիկ ամերիկուհի է: Չցանկացավ հետս ճամփորդել Ռումիայում: Դե գիտեք, կանա՜յք, իրենց ձևե՜րը, մի խոսքով պրակտիկ չէ նրա հետ ճամփորդելը: Բացի դա կարծում եմ, որ զույգերը ժամանակ առ ժամանակ պիտի միմյանցից հեռու ապրեն, դա ավելի է մոտեցնում նրանց:
Դանիելի պատմությունն ինձ տանում է հիշողությանս փոշոտ անկյունները: Այն ինձ հիշեցրեց իմ 20 տարեկանը, երբ սիրահարված էի մի նյութապաշտ ու ցնդած նկարչի, ով հեռացավ ԱՄՆ իր երազանքի հետևից ինձ թողնելով միայնակ իմ սիրո հետ:  Եւ այո…տարիներ անց ես հասկանում, որ ամեն սեր չէ, որ դիմանում է հազարավոր կիլոմետրերի փորձությանը:
Խիստ ու կարգապահ Դանիելը տարին գոնե երկու անգամ այցի է գալիս ծեր ծնողներին տեսակցության: Առիթն էլ  բաց չի թողնում շրջելու իր սիրելի երկրում.
-Տես ինչ սիրուն անտառներ, սարեր ունենք: Սա իմ երկիրն է, ուր էլ գնամ իմ միտքն ու սիրտն այս երկրին է պատկանում:

Romania
-Հասկանում եմ…
-Այ դու կուզենայիր ապրել Ռումիայում, ընդմիշտ…
-Սիրում եմ Ձեր երկիրը, բայց չէ…Իմը Հայաստանն է…իմ սիրտն էլ մեր լեռներում է,-հիշում եմ Սարոյանին:
-Խոսիր ինձ համար, հայերեն, երբեք չեմ լսել այդ լեզուն, թեև ԱՄՆ-ում  ազդեցիկ հայ ընկերներ ունեմ:
Ես սկսում եմ խոսել  հայերեն, ինչ որ բան պատմում:
– Գեղեցիկ լեզու է, ես կարծում էի կոպիտ լեզու կարող է լինել, բայց քնքուշ է հնչում:
Իսկ օտարության մեջ հայերենով խոսելը սաստիկ ես կարոտում: Քանի անգամներ եմ առավոտյան քնաթաթախ գերմանացի կամ հունգարացի ընկերներիս հետ հայերեն խոսել հետո էլ ակնկալել, որ պիտի պատասխանեն:
Դանիելին եմ մեկնում հեռախոսս, ուր Մեսրոպատառերն են իրենց ողջ գեղեցկությամբ:
-Սա Ձեր տառերն են, ինչ բարդ է թվում: Իսկ Ձեզանից բացի էլ ո՞վ է այս այբուբենն  օգտագործում:
-Միայն մենք՝ հայերս:
Հետո խոսակցությունը սահուն անցնում է հայերի մշակույթի, ավանդույթների ու պատմության շուրջ: Իսկ մենք արդեն մոտենում ենք այն քաղաքաին, ուր պետք է հրաժեշտ տանք Դանիելին և այլ մեքենայով հասնենք տուն, որը շատ մոտ: Դանիելն առանց վարանելու առաջարկում  է մինչը տուն հասցնել մեզ: Հրաժարվում ենք,բայց  նա պնդում է.
-Անձրևը չի դադարել, մինչ հասնեք կթրջվեք, իսկ դուք օտար երկրում եք, ձեզ ոչ ոք տաք թեյ չի առաջարկելու եթե հիվանդանաք…

Երբ մեռնում է սերը…

 

Երբ մեռնում է սերը մենք փակուղում ենք հայտնվում…կարծես ամեն ինչ նույնն է, բայց և ուրիշ:
Սերն այդպիսին է ՝ գալիս աղմուկ աղաղակով, ուզում է աշխարհն իմանա, որ նա եկել է ՝ կա…իրակա՜ն է, բայց գնում  է անխոս՝ վախկոտի պես, առանց ձայն հանելու: Ու մի առավոտ էլ զարթնում ես զգալով , որ սիրտդ դատարկ է…որ նրա անունը լսելիս սիրտդ չի բաբախում ուրախությունից, իսկ շնչառությունդ  համաչափ  է ու հանգիստ…
Սերը կարող է մեռնել ձանձրույթից, սպասումից…սերը կարող է մեռնել սեր չստանալուց…
Սիրուն կարելի է սպանել նաև հրեշային կերպով ՝ աբորտ անել՝ սրտումդ, մտքումդ ցանկանալով  հենց այդ անեզր դատարկությունը…
Իսկ այդ դատարկությունը մի մեծ խուճապ է առաջացնում: Չէ, որ դու սովոր ես, սովորեցրել ես ինքդ քեզ սիրել մեկին, ապրել նրանով ու հիմա չգիտես ինչ անել այդ դատարկության հետ: Մի տեսակ թերի և միևնույն ժամանակա անթերի դարակություն է դա…
Իսկ դո՛ւ, դու ինչպե՞ս ես վարվում , երբ մի օր հասկանում ես, որ սիրել ես ոչ թե նրան, այլ քո ստեղծած սերն ես սիրել, որը ոչ մի կապ չունի նրա հետ:  Իսկ դու ինչպես ես վարվում, երբ հասկանում ես,որ մենակ ես քո դատարկության հետ ու էլ պատրաստ չես այն լցնել այլ սիրով…
Ասա՛, ինչպե՞ս ես վարվում, երբ հասկանում ես, որ կամուրջի մյուս ծայրում մարդիկ պարզապես սեր են ԽԱՂՈՒՄ…
msheci_after_all