Աղբավայրերի համար նախատեսված տարածքների մոտ արգելվում է բնակվել, ծառ տնկել, անասուններ արածեցնե

Msheci_Anais_bnapahmanՔաղաքային աղբավայրերի տեղակայման, չափորոշիչների հետ կապված խնդիրների մասին զրուցեցի  բնապահպան Անաիս Մելիքյանի հետ:

– Քաղաքային աղբավայրերն ի՞նչ հեռավորության վրա պետք է լինեն բնակելի տարածքից:

– Հայաստանում բնակելի տարածքից 5կմ հեռավորության վրա էլ կան աղբավայրեր, ինչն իրականում արգելվում է: Աղբավայրը պետք է բնակավայրից 20 կմ տրամագծով հեռու լինի բնակելի տարածքից: Բացի այդ, Հայաստանում աղբը չեն տեսակավորում, այսինքն՝ պլաստմասե աղբը խառնվում է բնական հումք ունեցող աղբին, և, սովորաբար, բաց դաշտում, առանց այրման լցնում են ու այդպես թողնում:

Եթե անգամ այրում են աղբը, ուր լինում են տարբեր վնասակար թափոններ, այդ ծուխը աղտոտում է օդը և բնակիչների մոտ շնչառական խնդիրներ կարող են առաջանալ օդի թունավորման պատճառով: Չտեսակավորված թափոններում առկա վնասակար նյութերը նախ թունավորում են հողը, ապա թույնն անցնում է ստորգետնյա ջրերին: Նման տարածքում որևէ բան մշակելը, աճեցնելը ուղղակի վտանգավոր է: Օրինակ՝ մարտկոցների կամ ժամկետանց դեղահաբերի նետումը: Ես կարող եմ օրինակ բերել Լեհաստանից, ուր ինքս տեսել եմ, թե ինչպես են կարգավորում այդ ամենը: Այնտեղ մարտոցները կարելի է հանձնել դպրոցում, սուպերմարկետներում. անպետք մարտկոցները հավաքվում են, տանում հատուկ կենտրոններ ու վերահսկողության տակ բարձր ջերմաստիճանում մոխրացման են ենթարկում:

– Ինչպիսի՞ն պետք է լինեն քաղաքային աղբավայրերը:
– Նախ, պետք է տեսակավորել աղբը: Եվրոպայում հաշվի առնելով այն փաստը, որ մարդու դեն նետած աղբի 60%-ը կարելի է վերամշակել և նորից օգտագործել, լուրջ քայլեր արվեցին աղբը տեսակավորելու և վերամշակելու ուղղությամբ: Սովորաբար փոս է փորվում և այրվում, անգամ հեղուկների համար հատուկ փոսեր են արվում: Առավել վտանգավոր թափոնները հատուկ բարձր ջերմաստիճանի տակ են ոչնչացվում: Այն տարածքը, որը տրամադրվում է աղբավայր սարքելու համար՝ չպետք է 100-300 տարվա ընթացքում շահագործվի այլ նպատակներով, այսինքն՝ արգելվում է ծառ տնկել, անասուններ արածեցնել կամ բնակվել մոտակայքում: Այսինքն՝ այն պետք է անապատային տարածք լինի: Պետք է աշխատանք տարվի նաև մարդկանց կրթելու ուղղությամբ: Տարրական օրինակ բերեմ. Եվրոպայում, երբ մարդը նետում է թթվասերի ամանը, կամ հյութի պլաստմասե շիշը, նախ լվանում է, որովհետև այդպիսով նա հեշտացնում է աղբի վերամշակման գործը, ազատում է տհաճ հոտից՝ այդպիսով նաև հարգելով այն մարդկանց, ովքեր աղբը տանելու են: Իսկ այստեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ինչ ասես նետում են փողոց: Հայաստանը փոքր երկիր է և մենք իրավունք չունենք ամեն տեղ աղբի տարածք հատկացնել: Սա լուրջ խնդիր է, որի համար պետք է անհանգստանան քաղաքային իշխանությունները:Աղբյուրը

Տարեկան կտրվածքով միայն Երևան քաղաքից դուրս է բերվում 120 հազար տոննա աղբ, իսկ ամբողջ Հայաստանից ավելի քան 700 հազար տոննա, բայց չէ՞ որ այդ աղբի առնվազն կեսը կարելի է վերամշակել և օգտագործել:

Աբովյանի աղբանոցը (տեսանյութ)

Ամբողջական նյութը 168.am -ում  ՝ Աղբավայրերի համար նախատեսված տարածքների մոտ արգելվում է բնակվել, ծառ տնկել, անասուններ արածեցնել (լուսանկարներ, տեսանյութ)Աղբյուրը <a href=”http://168.am/2013/08/10/261995.html”>© 168.am</a></br>

Ստորգետնյա թագավորության հեղինակը (լուսանկարներ)

Լևոն Առաքելյանի ստորգետնյա քարանձավը վաղուց հայտնի է շատերին: Լուսավոր, բարի ժպիտով պապիկը, ձեռքին ունենալով ընդամենը մուրճ ու հատիչ, 23 տարի նախանձելի համառության շնորհիվ ստեղծեց ստորգետնյա հրաշք, որը 21 մետր խորություն ունի, 7 սենյակ և 2 մուտք, իսկ ողջ տարին այնտեղ +10 աստիճան է: Այս ամենը ոչ թե արտասովոր արկածախնդրության, այլ վերերկրային երազների արդյունք էին: Վարպետ Լևոնը 5 տարի է, ինչ մահացել է, բայց ստորգետնյա հրաշքի տիրուհին՝ նրա կինը, հիշում է ստեղծման պատմությունը այնպես, ասես դա երեկ է եղել:

varpet Levon_msheci

Վարպետ Լևոնը շինարար էր: Տարվա ընթացքում մի քանի ամսով մեկնում էր երկրից՝ շինարարությամբ գումար վաստակելու: Հերթական մեկնումը եղավ ճակատագրական. «Ծովափին հանգստանալիս աչքին սպիտակ մառախուղ է երևում և մի ձայն ասում է. «Լևո՛ն, աշխարհով մի հրաշք կգործես, կհիվանդանաս, բայց հիվանդություններից չվախենաս, ինչ պատկերներ որ հայտնվեն աչքիդ՝ նույնությամբ կկատարես, բայց նախօրոք ոչ ոքի չասես: Երբ վերադարձավ տուն, ես պնդեցի, որ կարտոֆիլի համար հոր փորի: Ամեն տարի խնդրում էի, իսկ նա հետաձգում էր»,- պատմում է տիկին Տոսյան: Եվ ահա, 1985 թվականին վարպետ Լևոնը կարտոֆիլը պահելու համար սկսում է փորել տան բակի մի հատվածը: Երբ արդեն բավականին փորել էր, կինը խնդրում է դադարեցնել աշխատանքները, բայց ամուսինը համառում է: Մի քանի մետր փորելուց հետո ստիպված կանգ է առնում:

This slideshow requires JavaScript.

«Սև բազալտե քարն ամուր էր և, Լևոնը չէր կարողանում շարունակել աշխատանքը: Խնդրում էի, որ դադարեցնի: Հինգ օր անընդմեջ նույն երազը տեսավ: Առավոտյան ասաց, որ պետք է խաչ քանդակի ու հետո շարունակի գետնափորի աշխատանքը: Խաչը մի քանի ամսում պատրաստ էր, և իսկապես նրան հաջողվեց շարունակել»,- պատմում է կինը: Սկզբում փորում է առաջին սենյակը, հետո՝ երկրորդը, երրորդը, ի վերջո, ստացվում է 7 սենյակ, որը 2 մուտք ունի: Բարեկամները, հետաքրքրասերները, երբ գալիս էին այցի՝ ասում էին, որ հրաշք է: Վարպետ Լևոնը վերհիշում էր երազն ու համոզվում, որ իր հետ խոսող ձայնը հենց հրաշքից էր խոսում: «Լևոնի ու շատերի համար սա սրբավայր է: Մարդիկ գալիս են այստեղ տիրամոր պատկերի, խաչի առջև մոմ են վառում, երազանք են պահում»,- ասում է Տոսյա Ղարիբյանը: Եվ իսկապես, տասնյակ մատյանների գրառումներից պարզ է դառնում, որ ստոգետնյա քարանձավն երազանքներ է իրականացնում: Հատկանշական է, որ մատյանում կային գրառումներ, թե ինչպես է մայրն այցելել այստեղ, երազանք պահել և 25 տարվա կորցրած որդուն գտել, իսկ երիտասարդ կինը 6 տարի չհղիանալուց հետո այցելել է և մեկ ամիս անց իմացել, որ մայրանալու է: Տիկին Տոսյան ասաց, որ մարդիկ եկել ու չափել են «Երազանքի վայր» կոչվող հատվածը, որի մագնիսական դաշտը չափազանց դրական է ազդեցությամբ: «Հերթական քանդակը երբ վերջացնում էր, հարցնում էի՝ Լյովա, բա հաջորդն ի՞նչ ես անելու, ասում էր՝ «Չգիտե՛մ, կասեն»: Մի անգամ էլեկտրականությունը անջատվել էր, սարսափած հասա տուն, տեսա՝ բարձրացել է: Զարմացա, թե ինչպե՞ս է կարողացել ճանապարհը գտնել: Ասաց՝ «Տոսյա, ես երբ փակում եմ աչքերս, քարտեզն աչքիս առջև է գալիս: Ես հետևեցի մի լույսի, որն ինձ օգնեց վեր բարձրանալ»: Ամուսնու անհագիստ քնին ծանոթ էր, թեև օրվա ընթացքում 4 ժամ էր վարպետ Լևոնը քնում: Տիկին Տոսյային միշտ զգուշացնում էր, որ գետնափոս իջնելիս անպայման բարձրաձայն բարևի, իսկ դուրս գալիս՝ հրաժեշտ տա: Կինը զարմանում էր, հարցեր տալիս, բայց վարպետ Լևոնը ուզում էր, որ կինն իր սրտով անի: Աստվածավախ վարպետին երբ հարցնում էին, թե ե՞րբ է հավատացյալ դարձել, պնդում էր, որ խաչն իր ճակատին է ծնվել: Մահից առաջ էլ խնդրել էր, որ թաղելիս գործիքներից իր հետ դնեն: Կատակելով, թե՝ «վերևում» էլ գործ կա անելու: Տուրիստներից մեկն էլ վարպետի գործիքի համար 20 000 դոլար է ցանկացել վճարել, բայց տիկին Տոսյան մերժել է: Ամուսնու ամեն մի իր պահում է աչքի լույսի պես: Տիկին Տոսյան ամուսնու մահը ծանր է տանում: Ապրում է միայնակ՝ իր երկու կատուների հետ, բայց 4 դուստրերն ու 12 թոռները հաճախ են տատին այցելում, անգամ զբոսաշրջիկներին իրենք են ուղեկցում: Կինն ասում է, որ երազին այցի չի գալիս, բայց շատ է ուզում, որ ամուսինը գա, խորհրդով օգնի: Ամուսնու մասին խոսելիս տիկին Տոսյայի աչքերը փայլում են, ապա արցունքները չեն թողնում, որ երկար խոսի. «Նրա մահից հետո ասես թևերս կտրեին… Այնքան էի լացել, որ եկել էր աղջկաս երազին ու ասել, որ դադարեմ լացել իր համար, որ նրա տեղը լավ է: Այս տունը միասին ենք կառուցել, 40 տարի միասին ենք ապրել, ընտանիք ստեղծել, լավ ու վատ օրեր տեսել և հիմա կարոտում եմ առանց նրա…»,-ասում է նա: 2005թ. ՀՀ անձավագիտության կողմից վարպետ Լևոնն արժանացավ «Վաստակավոր քարանձավախույզ» կոչմանը: Վարպետի մասին գրել ու տեսագրել են տասնյակ լրատվամիջոցներ, իսկ փաստագրական ֆիլմ պատրաստեցին ռուսները, որը կոչվեց «Լաբիրինթ»: Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էլ իր «Քրմուհի» ֆիլմի որոշ կադրեր այստեղ է տեսագրել: Ստորգետնյա թագավորությունը տեսնելու համար Հայաստանից և աշխարհի տարբեր ծայրերից հայտնի ու անհայտ մարդիկ են գալիս. հետաքրքրասերների պակաս թանգարանը երբեք չի ունենում:

Մշեցի  (Անի Կարապետյան)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/09/20/277719.html

Մի՛ նեղացրեք մեր արվեստագետներին

Նրա արվեստանոցը լեցուն է  բացառիկ ջերմությամբ ու դրական մթնոլորտով:

Իր այցելուներին դիմավորում է բարի ժպիտով ու սիրով: Ամեն անգամ արվեստանոց այցելելիս հիանում եմ վարպետի առույգությամբ, առողջ հումորով, կենսուրախությամբ…Նա շուտով կդառնա 90 տարեկան:

Նա Խաչատուր Իսկանդարյանն է: ՀՀ  ժողովրդական նկարիչ, վաստակավոր նկարիչ-քանդակագործ, իսկական երևանցի:

Բազում երկրներում է եղել, բայց Երևանը միակ թանկագին քաղաքն է, իսկապես որ իր սրտի մայրաքաղաքն է: Երևանի մասին խոսելիս  աչքերը փայլում են. ‹‹Այն ժամանակ մարդիկ հարգում էին միմյանց, հեղինակավոր մարդիկ շատ կային, հիմա չգիտես ովքեր են Երևանի ‹‹տերերը››, որտեղի՞ց են եկել, ինչե՞ր են անում քաղաքի հետ››:

Խաչատուր Իսկանդարյանը կարոտով է հիշում հին Երևանը, քաղաքի թաղերն ու փողոցները, մարդկանց, ովքեր կառուցեցին այս քաղաքը. ‹‹Երևանցիները կիրթ էին, աշխատասեր, իրենց քրտինքով էին վաստակում հանապազօրյա հացը…››:

Հենց հին Երևանի  կարոտն ու սերը նա արտահայտեց իր քանդակներում: Խաչատուր Իսկանդարյանը միակ քանդակագործն է, ով ստեղծել է հին Երևանին նվիրված մանրաքանդակների շարք՝‹‹Ջրավաճառ Զատիկը››,‹‹Թութ թափ տվողները ››, ‹‹Դանակ մկրատ սրողը››, ‹‹Երաժիշտները››, ‹‹Երվանդի Ֆայտոնը ›› և այլն:

Հատկանշական է, որ դիտելով Գյումրիում տեղադրված

Ավ. Իսահակյանի հուշարձանը՝ անվանի գրող Վիլյամ Սարոյանը թանգարանի հուշագրքում թողել է հետևյալ տողերը. ‹‹Ես մի օր պիտի մահանամ: Կուզեյի թաղվել այստեղ, այս բակում, Իսահակյանի արձանի հայացքի տակ ››:

Նա երբեք չի հոգնում ստեղծագործելուց. ‹‹Երբ քանդակից հոգնում եմ զբաղվում եմ գեղանկարով կամ գրաֆիկայով… ››:

Իսկ ճապոնացի հայտնի նկարիչ-գրաֆիկ Կամուո Սինկայը

Խ.Իսկանդարյանի արվեստանոցում դիտելով նրա աշխատանքները, գրել է. ‹‹Աշխատանքները թե՛ գույնով, թե՛ ոճով խորն են, ուժեղ տպավորություն են թողնում: Դուք մեծ ուժ եք ներկայացնում և որպես քանդակագործ, և որպես նկարիչ: Ես ուզում եմ ըմբռնել Ձեզ և ինձ հետ հայրենիք տանել ձեր աշխատասիրությունը, Ձեր նման բեղմնավոր լինել թե քանդակագործության, թե նկարչության մեջ››:

Մայր Թերեզայի քանդակն ու նախկին նախագահի սակարկումը

1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառով Հայաստանում էր Մայր Թերեզան: Մեծ գթամայրը եկել էր ցավակցելու, այդ ծանր օրերին հայերիս կողքին լինելու համար: Հենց երկրորդ այցելության ժամանակ էլ Խաչատուր Իսկանդարյանը քանդակեց Մայր Թերեզային. ‹‹Օդանավակայանում հանդիպեցի նրան և իմ բախտից նրա ինքնաթիռը երկու ժամը ուշացավ: Այդ ընթացքում ես հասցրեցի աշխատել ››:

Արդյունքում ծեր, իմաստուն, բարեգութ կնոջ քանդակը ստացվեց հրաշալի: Վարպետը մի քանի անգամ փորձեց այն ուղարկել  Հնդկաստան, բայց չստացվեց:

Տարիներ առաջ  տեղեկացավ, որ նախկին նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Հնդկաստան, զանգ տվեց նախագահական և պատմեց քանդակի մասին: Ռոբերտ Քոչարայանը եկավ արվեստանոց, հավանեց քանդակը, գին պայմանավորվեց: Մի քանի օր անց վարպետի արվեստանոց զանգ տվեցին: Զանգահարողը վարպետին առաջարկում էր ասված  5 հազար դոլլարի փոխարեն վճարել 3 հազարը:

‹‹Բարկացած կախեցի լսափողը: Միթե՞ չեն ամաչում, ո՞նց կարելի է…››,-վրդոված պատմում է նա:

Արհամարհանքի արժանացած Դերենիկ Դեմերճյանը

Վարպետի անցած ուղին բեղուն է և ուշագրավ: Շատ են հետաքրքիր հիշողությունները, գեղեցիկ պատմությունները, բայց վիրավորվածությունը նունպես շատ է:

1977 թվականին Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվեց մի հուշաքար հետևյալ ծանուցումով՝ ‹‹Այստեղ տեղադրվելու է Դերենիկ Դեմերճյանի հուշարձանը››: Այդ նպատակով 1983 թվականին Երևանի քաղաքային խորհուրդը հայտարարեց մրցույթ: Հաղթող ճանաչվեց (երկու անգամ հայտարարված մրցույթում ) Խաչատուր  Իսկանդարյանը. Նրա ներկայացրած տարբերակը արժանացավ համընդհանուր հավանության: 2,5 մետր բարձրությամբ հուշարձանի գիպսե տարբերակն առ այսօր մաշվում է վարպետի արվեստանոցում: Արվեսատագետը գրել է Երևանի գրեթե բոլոր քաղաքապետերին, գրել է նաև քաղաքի խորհրդի նախագահներին, բայց ապարդյուն:

‹‹Տարոն Մարգարյանին դեռ չեմ դիմել, հուսով եմ գոնե նա  չի մերժի››,- ասում է վարպետն ու կարդում  Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ Մ.Մարգարյանի պատասխանից մի հատված հատված. ‹‹Չարժե Դեմերճյանին հուշարձան կանգնեցնել, հին գրող է ավելի լավ գրողներ կան… ››:

This slideshow requires JavaScript.

                                                                                    Msheci

A Small Paradise Called MUGHNI

The sun in that place always greets visitors with a kiss. Time in that place comes to a halt. The church bells in that place make the flowers bow their heads. One of Armenia’s sacred sites is in that place, the Church of St. Gevorg in Mughni.

Mughni by Msheci

The Mughni church is surrounded by a heavenly garden maintained and taken care of by some village people, not for payment.

While we were strolling in the courtyard and helping ourselves to the wet nuts of the walnut-tree, we were joined by the pastor of the church, Father Yeghishe  Barseghian. He told us that he takes part in the grape harvest every year and, as the church tradition has gone for centuries, performs the blessing of grapes in the courtyard of the monastery.

In the Middle  Ages the monastery was quite famous for the relics of St. Gevorg (St. George), one of the Pan-Christian Saints. The churchof St. Gevorgwas built on the site of an earlier edifice as one of the remarkable structures of 17th century Armenian architecture. The first reference to the church can be found in two records, the copies of which date back to 1278 and1280. A perpetual fire burns near the relics of the Saint with an entrance limited to those who bear the name Gevorg. Only those people are allowed to add oil to the fire.

St. George, by Msheci

The Monastery of Mughni was rebuilt in the 17th century. From 1632-1655, the prior of the monastery, Bishop Martyros demolished the old church and built a new four-pillared church with adjacent structures and walls. Unfortunately, that church did not survive long since it was assembled with untreated stone. In 1664, the new prior of the monastery and the cousin of Bishop Martyros, Hovhannes, who was one of the outstanding religious figures of the time, sanctioned the complete demolition of the unsightly old church and proceeded with the construction of a new one with finished stone, sponsored by Hakob Jughayetsi. The construction was accomplished in 1670. The church we see today is in the shape it was built back then, only with partial renovations.

St. George in Armenia, by Msheci

TheChurchofSt. Gevorgis located in the central part of the monastery complex enclosed within a mighty wall. Adjacent building stand closer to the walls including the refectory, the warehouse and a freshwater spring. The church itself is a rectangular domed basilica made of tuffa stone with incredible black and orange hues. Concurrently

With the church, the hall with the triple-dome rotund bell tower and twelve pillars were built. Special attention was given to the tympanum of the western portal decorated with an ornament of luxuriant foliage and vases typical of West European baroque style, allegedly reflectingArmenia’s trade ties withWestern Europe.

Interestingly, as opposed to other medieval structures of this kind that have window openings towards the four corners of the world, the windows at Mughni do not obey this rule. The distinctive striped drum below the conical cupola is externally decorated with five belts of orange-red stones and, alternating above the windows, the carvings of the Cross and the symbols of the Four Evangelists; man, bull, lion and eagle.

The Mysteries of Mughni

There are several cross- tones in the backyard. The oldest of them dates back to 932 and the newest one was carved in 1975. My steriously enough, this last “Khachkar” was placed in the yard at night, and therefore nobody knows who by.

A secret passageway, one kilometer long, was built from Mughni to the Kasakh Rivercanyon to serve for escape in dangerous situations, to save the manuscripts and to carry water to the monastery.

In older times the church was a legendary sacred site. People with various diseases have healed themselves in the church. Allegedly, even Muslims have come here to make sacrifices.

The Churchof  St. Gevorg has a Sunday school today. It also has a newspaper that leads the struggle with sectarianism. During our conversation, Father Yeghishe recalled that in older days it was extremely difficult to bring the Shlushkan Gospel (also know as the Mughni Gospel, 11th century) to Mughni from Matenadaran, the institute andMuseum ofAncient Manuscripts. Now it is brought every year.St. Gevorg’s Day is observed on the last Saturday of September.

A nice tradition is observed here. Before deciding to get married, young couples visit theChurchofSt. Gevorgto get the Saint’s blessing and only then go home to break the news to their parents.

                                                                                                                                                                                                               Msheci (Ani Karapetyan)

Ինչպե՞ս պայքարել անքնության դեմ

Վինսթոն Չերչիլը կարծում էր, որ տղամարդիկ պետք է քնեն 6 ժամ, պատանիները` 7, և միայն կանայք ու հիմարները` ավելի: Վերջիններիս մասին ասվածն անտեղի է հաստատելը, սակայն փաստ է, որ կանայք պետք է երկար քնեն` լավ տեսք ունենալու համար:

 Հնում ասում էին, որ քունը փոքրիկ մահ է, սակայն ժամանակակից գիտությունն ապացուցում է, որ անգամ քնած ժամանակ մեր ուղեղն աշխատում է` կառավարելով օրգանները: Մարդու քունը բաղկացած է 4 փուլից, որոնցից միայն 3-րդ փուլում է ուղեղն իսկապես «հանգստանում », թեև դա էլ է հարաբերական, քանի որ անգամ այս փուլում նա շարունակում է հսկել մյուս օրգանների աշխատանքը` միաժամանակ կատարելով օրգանիզմը վերականգնող գործընթաց և ամրապնդելով օրգանիզմի դիմադրողականությունը: Պարբերական անքնությունը (շաբաթական 2-3 անգամ 1 ամսից ավելի) թուլացնում է իմունային համակարգը, կանգնեցնում հորմոնների արտադրությունը և քայքայում նյարդերը:

Երբ մարդը քիչ կամ վատ է քնում, նրա ուղեղն ու մարմինը փոքր-ինչ բթանում են, աչքերն այտուցվում, կորչում է դրանց փայլը: Քնի ժամանակ է արտադրվում հասակի հորմոնը, որը երեխաներին և պատանիներին օգնում է հասակ առնել, իսկ չափահաս մարդու օրգանիզմում կարգավորվում է ճարպի արտադրությունը: Եվ, որպեսզի մարդը պահպանի  երիտասարդությունն ու առողջությունը, պետք է քնի այնքան, որքան ցանկանում է:

Յուրաքանչյուր մարդու համար լիարժեք քունն առնելն անհատական է: Սա կապված է նաև տարվա եղանակների, օրվա ցերեկային ժամերի տևողության հետ: Բոլոր դեպքերում մարդն արթնանալիս պետք է  առույգ և հանգստացած լինի: Ի դեպ, այսօր մարդիկ մեր նախնիների համեմատ 2 ժամ քիչ են քնում` պայմանավորված սթրեսի, լարվածության և հոգեկան հիվանդությունների առկայությամբ:

Ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել թեթև անքնությունից ( հոգեկան խնդիրների  և պարբերական անքնության դեպքում օգնել կարող է միայն համապատասխան մասնագետը):

  1. Շատ կարևոր է սովորույթի ուժին հետևելը` միևնույն ժամին քնելը և արթնանալը:
  2. Քնելուց 3-4 ժամ առաջ խորհուրդ չի տրվում ծխել, ուտել սպիտակուցներով հարուստ և ճարպոտ սնունդ, շոկոլադ, որն ակտիվացնում է օրգանիզմը:
  3. Տաք, հանգստացնող, բուրավետ յուղերով լոգանքը թուլացնում է մկանները, թեև կան մարդիկ, որոնց մոտ հակառակն է լինում, առույգանում են:
  4. Օգտակար է նաև ոտքերը տաք ջուր դնելը: Ջրին կարելի է ծովի աղ ավելացնել:
  5. Քնելուց առաջ չարժե լուրջ խնդիրների ու հարցերի մասին խորհել, համակարգչի առջև նստել, որովհետև օրգանիզմն առատ լույսն ընկալում է որպես ցերեկային լույս և «չի ցանկանում»  քնել:
  6. Որպեսզի ուղեղը հանգստանա, հեռուստացույցի փոխարեն արժե հանդարտ երաժշտություն միացնել, օրինակ` ծովի, անտառի կամ անձրևի ձայներով:
  7. Սեքսով զբաղվելը նույնպես նպաստում է քնին:

 

Հատկանշական է, որ որոշ կենդանիներ պարունակում են բնական քնաբերներ:  Հրաշալի քնաբեր է բանանը, որը նաև թուլացնում է մկանները: Երիցուկի թեյը ոչ միայն հանգստացնում է նյարդերը, այլև հակասթրեսային միջոց է համարվում: Քնեցնող հատկություն ունի տաք կաթը, որը նաև կալցիումի պաշար է օրգանիզմի համար: Մեղրի ոչ մեծ քանակը կաթի կամ թեյի մեջ նույնպես օգտակար է: Բնական քնաբերներ են նուշը, ցորենի թեփից թխած հացը, հնդկահավը, կարտոֆիլը, մածունը և այլն: Մասնագետներն առաջարկում են քնելուց կես ժամ առաջ զբոսնել, քնել օդափոխած, մութ սենյակում, փոխել քնելու դիրքը և այլն: Անուշ քուն:

                                                                                                                                                                                                                                                                              

Հնում ՀԱՅԵՐԸ նույնպես օծանելիք են պատրաստել

Հայտնի է, որ հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում, Ֆրանսիայում պատրաստում էին օծանելիք, սակայն Հին Հայաստանում այս երևույթը նույնպես տարածում է ունեցել…

 Հնում և միջին դարերում հայկական անուշահոտ օծանելիքներն արդեն հայտնի էին տարածաշրջանում: Հայերն այն պատրաստվում էին նարդոս  կոչվող ծաղկից: Պլինիոսը հիշատակում է Հայաստանում մի խեժի մասին, որին պաղլեղ էին ասում:

Գառնիում և հին Վաղարշապատում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով ապակե սրվակներ, որոնք գործածվել են անուշահոտ յուղերի համար: Այդ սրվակների թիվը մեծ է, մանավանդ Գառնիում, որտեղ մի գերեզմանում երբեմն դրված է եղել մինչև 7 սրվակ: Փաստորեն անուշահոտ յուղերով օծանելը` ոչ միայն սովորական է եղել, այլև ձևավորված կուլտուրա`հայկական իշխող վերնախավի կենցաղում, ինչպես նաև անուշահոտ խեժերը, որոնք խնկարկվում էին ոչ միայն եկեղեցիներում:

Անուշահոտ յուղերի բարդ կոմպլեքս է նաև մեռոնը…որի մասին անդրադառնում կլինի մի փոքր ուշ:

Անորակ օծանելիք կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել…2

Օծանելիքը գլխավորն է, այն անհատականության ինքնագիրն է…

Պաբլո Պիկասո


Օծանելիքի հոտը գնահատելիս պետք է նկատի ունենալ, որ մեր հոտառությունը վարժվում է դրան, ահա թե ինչու հաճախ թվում է, թե օծանելիքի հոտն այլևս որսալի չէ:Այսօր շատ շատերը չգիտեն օծանքլիքից գրագետ օգտվելու կանոնները: Դրանից պետք է օգտվել չափավոր, ոչ թե <<ողողվել>>: Մտածեք նաև շրջապատի մասին, չէ որ շատերին հաճելի չէ ձեր <<գրոհը>>: Նախևառաջ պետք է հիշել, որ օծանելիքը դրական արդյունք է թողնում միայն մաքուր մաշկի վրա: Որպեսզի օծանելիքն ավելի լավ բուրի, այն պետք է քսել զարկերակային հատվածներում: Եթե չեք ցանկանում բաժանվել Ձեր սիրելի բուրմունքից, ապա օգտագործեք տվյալ բուրմունքի օճառներ, լոսյուններ, կրեմներ, սափրման փրփուրներ:Օծանելիքի բույրն ավելի շատ պահպանվում է մազերի վրա: Շատ կարևոր է ընտրել տարիքին համապատասխան բուրմունք: Ներկայումս շատ երիտասարդ աղջիկներ օգտագործում են 30+ տարիքի համար նախատեսված բույրեր, որոնք փչացնում են երիտասարդ աղջնակի կենսախինդ կերպարը:

Հաճախ մարդիկ գնում են էժաանագին ու անորակ օծանելիք` չմտածելով դրա բացասկան հետևանքների մասին: Նմանատիպ էժանագին օծանելիքները պարունակում են քիմիական վնասակար նյութեր, որոնք հաճախ գլխացավ են առայացնում: Իսկ անհայտ բաղադրությամբ օծանելիքները ( <<լցնովի>>) կարող են պազուկներ, գունավոր բծեր և նույնիսկ մաշկի քաղցկեղ առաջացնել:  Շատ կարևեր է, որ մարդիկ գնեն ֆիրմային խանութներից` խուսափելով կեղծիքից: Սակայն ֆիրմային խանությում էլ մի զլացեք և խնդրեք , որ Ձեզ ցույց տան փաստաթուղթ,որը հավաստում է խանութի և ֆիրմայի համագործակցումը: Օրիգինալ օծանելիքի հետ անպայման պետք է վաճառվեն նույն բուրմունքի այլ պարագաներ: Ցանկացած հեղինակավոր ֆիրմա օծանելիք արտադրում է  3-4 տարին մեկ:


Անորակ օծանելիք կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել…

Վաղուց ի վեր օծանելիքը սոսկ  հաճելի բուրելու պարագա չի համարվում…այն կարող է պատմել մարդու մասին ավելին,քան ինքը մարդը:

 Անցյալի հետքերով…

Օծանելիքը համարվում է կնոջ ամենացանկալի ու ամենապարտադիր պարագաներից մեկը: Յուրաքանչյուր կին օծանելիքի օգնությամբ փորձում է ընդգծել իր անհատականությունն ու յուրօրինակությունը:

Հնում անուշահոտությունները (բուսական եթերայուղեր, խեժեր, կենդանական ծագման նյութերի թուրմեր) օգտագործում էին բնակարաններում, տաճարներում և այլուր: Յուրաքանչյուր հարուստ կին ուներ իր սիրելի բուրմունքը, որը պահում էր թանկարժեք անոթներում:

Ժամանակակից օծանելիքի հայրենիքը համարվում է Հին Արևելքը: Եգիպտացիներն անուշահոտությունների  մեծ վարպետներ էին: Եգիպտոսում արտադրվող օծանելիքները օգտագործվում էին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտահանվում էին Հին Արևելքի մյուս երկրներ:

Իսկ ահա հին հրեաները օծանելիքները ոսկու հետ պահում էին գանձարաններում:

Հունաստանում, որտեղ օգտագործվում էին Եգիպտոսից բերված անուշահոտությունները, գտան յուղերն ու ճարպերն անուշաբույր դարձնելու եղանակը:

Հին  Հռոմ օծանելիքները թափանցեցին Հունաստանից: Հին Իտալիայում (մ.թ. 2-9 դդ.) արտադրում էին անուշահոտություններ (էսենցիա, շրթնաքսուկներ): Արտադրությունն առանձնապես արագ զարգացավ, երբ Իսպանիայից փոխառնվեց գինուց թորման ճանապարհով էթիլային սպիրտի ստացման եղանակը:

Իտալիայից օծանելիք ստեղծելու արվեստը տարածվեց Ֆրանսիա, որտեղ տիրում են բույսեր աճեցնելու համար բարենպաստ կլիմայական պայմաններ: Ֆրանսիական պետությունն էլ գնահատեց հավանական առաջընթացն ու խրախուսեց օծանելիքի արտադրությունը:

Օծանելիքի պատրաստման համար հումք են ծառայում հոտավետ նյութերը (բնական և սինթետիկ), էթիլենային սպիրտը, թորած ջուրը, որոշ ներկանյութեր, ինչպես նաև հոտավետ նյութերի ցնդելիությունը նվազեցնող ոչ հոտավետ նյութեր:

Օծանելիքները բառի նեղ իմաստով այն նյութերն են, որոնք հագուստին, մազերին,մաշկին, սպիտակեղենին, օդին տալիս են հաճելի բուրմունք:

Տարբերվում են օծանելիքների հոտի տարածման 3 փուլ` սկզբնական, հիմնական ( միջին) և մանցորդային: Օծանելիքի բնույթի մասին չի կարելի դատել անմիջապես: Դրանց իսկական հատկություններն առաջանում են 10-15 րոպե հետո: Օծանելիքի հոտը պահպանվում է 15-20 ժամ, մնացորդայինը` նույնքան ժամանակ:

Շարունակելի…

Փոքրիկ դրախտ, որի անունն է Մուղնի

Այնտեղ արևն իր շողերով մշտապես համբուրում է եկվորներին ու բարի գալուստ ասում…Այնտեղ ժամանակը կանգ է առնում, զանգերի հետ ծաղիկներն անգամ խոնարհում են գլուխները…Այնտեղ է գտնվում Հայաստանի նշանավոր սրբավայրերից մեկը` Սուրբ Գևորգ եկեղեցին:

Դրախտ հիշեցնող պարտեզով է շրջապատված Մուղնու եկեղեցին, ու գյուղի բնակիչներից մի քանիսն էլ սիրով և անշահախնդիր զբաղվում են պարտեզի խնամքով:

Մինչ շրջում էինք բակում և թաց ընկույզ ուտում, մեզ միացավ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը: Նա պատմեց, որ յուրաքանչյուր տարի մասնակցում է խաղողի հավաքմանը, և  ըստ ձևավորված բարի ավանդույթի, ամեն տարի եկեղցու բակում գինու օրհնություն է կատարվում:

Միջնադարում վանքը մեծ հռչակ է վայելում համաքրիստոնեական հանրահայտ սրբերից մեկի` Սուրբ Գևորգի` այստեղ պահվող մասունքների շնորհիվ: Ուշ միջնադարում վանքն ապրել է ծաղկման նոր շրջան: Հնագույն եկեղեցու տեղում կառուցվել է այժմյան Ս. Գևորգ եկեղեցին, որը 17-րդ դարի հայ եկեղեցական ճարտարապետության նշանավոր կառույցներից է: Մուղնու վանքն առաջին անգամ հիշատակվում է 1278 և 1280թթ.-ին ընդօրինակված ձեռագիր երկու հիշատակարաններում: Հատկանշական է, որ սրբի մասունքների մոտ պահվում է անմար ճրագ, և միայն Գևորգ անունը կրողներն են այցելում ու ձեթ լցնում այնտեղ:

Մուղնու վանքը վերածնվել է 17-րդ դարում: Նախ 1632-1655թթ. Վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը, քանդելով տեղի հին ու խարխուլ եկեղեցին կառուցում է նոր, քառասյուն եկեղեցի` կից շինություններով ու պարսպով: Բայց այդ եկեղեցին շատ կարճ կյանք է ունենում, քանի որ շինված էր անմշակ քարով: Մարտիրոս եպիսկոպոսի եղբորորդի և Մուղնու նոր վանահայր Հովհաննես վարդապետը,որը ժամանակի նշանավոր եկեղեցական գործիչներից  էր, հիմնովին քանդում է եկեղեցին և 1664-ին կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու օժանդակությամբ ձեռնարկում  սրբատաշ քարերով նոր եկեղեցու կառուցմանը: Շինարարությունն ավարտվում է 1670թ.: Եկեղեցին մեզ հասել է գրեթե նախնական տեսքով, միայն մասնակի նորոգումների է ենթարկվել:

Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է պարսպապատ  վանական համալիրի կենտրոնում, իսկ պարիսպներին կից տեղակայված են մյուս շինությունները ` սեղանատունը , պահեստը, աղբյուրը: Եկեղեցին քառանկյուն գմբեթավոր բազիլիկ է` կառուցված սև և դեղնակարմիր, սրբատաշ տուֆով: Արևմտյան կողմում բուն կառույցի հետ միաժամանակ կառուցվել է եռակամար նախասրահ, որի կենտրոնում 12 սյուներով զանգակատուն-ռոտոնդան: Նախասրահի կենտրոնական կամարն ավելի լայն և բարձր է, ինչի շնորհիվ ընդգծվում է կառույցի արևմտյան ճակատի ճարտարապետական արտահայտչականությունը:

Հետաքրքիր է, որ, ի տարբերություն միջնադարյան մյուս եկեղեցիների, որոնց լուսամուտները բացվում են աշխարհի 4 կողմերի ուղղությամբ, Մուղնիում լուսամուտներն այս սկզբունքից որոշ չափով շեղված են: Գմբեթն ունի հովհարաձև ծածկ: Թմբուկն արտաքինից հարդարված է դեղնակարմրավուն քարերի 5 գոտիով, իսկ պատուհաններից վեր, մեկ ու մեջ` խաչի և 4 ավետարանների խորհրդանիշների (մարդ,եզ, առյուծ,արծիվ):

Մուղնու խորհրդավորությունները…

Ս.Գևորգ եկեղեցու բակում կան մի քանի խաչքարեր: Ամենահինը` 932, նորը 1975թ.-ի է: Հետաքրքիրն այն է, որ այս վերջին  խաչքարը գիշերով գաղտնի է տեղադրվել, և ոչ ոք չգիտի`ով է բերել: Քասախ գետից մինչև Մուղնի ձգվել է մոտ 1 կմ-անոց գաղտնի ճանապարհ, որը ծառայել է ջուր բերելու, վտանգավոր իրավիճակներում փախչելու և ձեռագիր  մատյանները փրկելու համար:

Եկեղեցին նաև հայտնի սրբավայր է եղել: Բուժվելու նպատակով այստեղ են եկել առողջական տարբեր խնդիրներ ունեցողները: Անգամ մահմեդականներ են այցելել  Ս. Գևորգ և զոհ մատուցել:

Ս. Գևորգ եկեղեցում գործում է կիրակնօրյա դպրոց, տպագրվում թերթ, ու եկեղեցին ժողովրդի հետ միասին հակաաղանդավորական պայքար է մղում …Մեր զրույցի ժամանակ Տեր Հայրը հիշեց, որ տարիներ առաջ մեծ դժվարությամբ էր հաջողվում Շուրիշկանի ավետարանը բերել եկեղեցու Մուղնի: Այսօր այն Մուղնի է բերվում յուրաքանչյուր տարի: Մուղնում եկեղեցում ամեն տարվա սեպտեմբերի վերջին շաբաթ օրը տոնվում է Ս. Գևորգի օրը:

Այստեղ նաև պահպանվել է շատ գեղեցիկ մի ավանդույթ: Սիրահար զույգերը նախքան ամուսնանալն այցելում են Ս. Գևորգ, սրբից օրհնություն ստանում, նոր միայն դիմում ծնողներին:

This slideshow requires JavaScript.

Վիլյամ Սարոյան


<<Բարին երբեք չի մահանում: Եթե մահանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի: Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով…>>,-այս խոսքերն ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանն ուղղում է <<Մարդկային կատակերգություն>> վեպի հերոսին:

Բարին կամեցող, լույս ու հույս բերող. Ահա այսպինին է ՆԱ:

Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908թ. Օգօստոսի 31-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում, հայ չքավոր գաղթականներ Արմենակ և Թագուհի Սարոյանների ընտանիքում, որտեղ նա 4-րդ զավակն էր ու միակը, որ ծնվել էր ԱՄՆ-ում և ոչ հարազատ Բիթլիսում: Փոքրիկ Ուիլյամը 3 տարեկան էր, երբ հայրենիքից հեռու ,այդպես էլ չհարմարվելով ամերիկյան կյանքին , մահացավ հայրը, ումից նա ժառանգել էր սերն ու հետաքրքրությունը դեպի գրականությունը, գրելու ձիրքը:

…<< Հիմա ասեմ, եթե դու նվազագույն հարգանք ունես գիրք ասած բանի նկատմամբ ու գիտես, թե ինչ է նշանակություն ունեն գրքերը կյանքում, եթե հավատ ունես թղթի ու տպագրության նկատմամբ, ապա չես կարող որևէ գրքի որևէ էջ վառել: Նույնիսկ, եթե սառչում ես: Նույնիսկ, եթե ինքդ ես փորձում մի բան գրել: Չես կարող: Մեծ բան է պահանջվում դրա համար:

…Այսօր իմ սենյակում նույն ցուրտն է, ինչ այն օրը, երբ ուզում էի գիրք վառել: Ցրտի մեջ նստած` ծխում եմ` աշխատելով թղթին հանձնել այս ցուրտը, որպեսզի, երբ Սան Ֆրանցիսկոյում նորից տաք օրեր գան, չմոռանամ,թե ինչպես էր ցուրտ այդ օրերին…>>:

(Հատվածներ <<Ցուրտ օրը>> պատմվածքից )

Հոր մահից հետո Վիլյամ Սարոյանը, եղբայրն ու քույրերը հարկադրված հայտնվում են որբանոցում, քանզի մայրը պետք է աշխատեր կրկնակի:

Վերջինիս յուրաքանչյուր այցելությունը փոքրիկ Վիլյամի մեջ սրում է հոր մահվան դառը զգացողությունն ու մոր անհագ կարոտը: Որբանոցի աղքատ ու տխուր օրերը տղային տալիս է սեփական անձի գիտակցումը  և ինքնուրույնություն, ի վերջո, այն, ինչով նա տարբերվում է մնացած բոլոր տաղանդավոր գրողներից:

Ֆրեզնո քաղաքում հայերը շատ էին, այն մի փոքր Հայաստան էր հայրենիքը կորցրած հայերի համար: <<Սարոյանական>> տոհմում ապրող հետաքրքրասեր, ընկալունակ, պոռթկուն ու երազկոտ Վիլյամի համար ամենատաղտկալին դպրոցն էր, որը նա կիսատ է թողնում: 7 տարեկանից լրագրեր է վաճառվում (Սարոյանի գրվածքներում լրագրեր վաճառող տղան ամենուր ուղեկցում է) և ամենաշատը չէր սիրում մահվան հեռագրեր բաժանելը:

…<<15 րոպե հետո Հոմեր Մաքոլին հեծանիվից իջավ մի մեծ, գեղեցիկ հին տան առջև: Այդ տանն ինչ-որ տոնախմբություն էր: Լուսամուտներից երևում էին պարող երիտասարդ զույգեր: Երբ տեսավ, որ հարկի տակ երջանկություն է տիրում, տղան վատ զգաց: Նա ուղղվեց դեպի դուռը և, մի պահ կանգնելով, ունկնդրեց ներսից եկող երաժշտությունը: Նրա մատը դողաց դռան զանգի վրա, հետո անզոր ցած ընկավ:

…-Ես գրասենյակից կհեռանամ,- ասաց նա իրեն: Ես կփախչեմ: Ես այսպիսի աշխատանք չեմ ուզում…>>:

(  Հատվածներ <<Մարդկային կատակերգություն>> վեպից)

Վիլյամ Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել, սակայն գերազանց զբաղվել է ինքնակրթությամբ: Գրադարանում ժամեր անցկացնելը նրա ամենասիրելի զբաղմունքներից էր:

…<< Ես հայտնաբերեցի, որ ընթերցանությունը կարող է արկածներից մեծագույնը լինել, և որ անթիվ են կարդալու արժանի գրքերը…>>,-ասում է Վիլյամ Սարոյանը:

Գրական գործունեությունը սկսվել է 1930-ականներին, իսկ առաջին անգամ տպագրվել է 1933-ին <<Հայրենիք>> ամերիկահայ շաբաթաթերթում` Սիրակ Գորյան ստորագրությամբ:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանն արդեն մի քանի հարյուր պատմվածք, պիեսներ ու արձակ գործեր ուներ, որոնք հենց առաջին օրվանից ոգևորությամբ ընդունվեցին:

1942թ. Սարոյանը զորակոչվում է բանակ` աշխատելով զինվորական սցենարների վրա: 1950-60-ականներին նա ապրում էր Եվրոպայում, ապա վերադառնում ԱՄՆ: Սկսած 60-ականներից` Սարոյանը գրում է քնարական, ինքնակենսագրական գործեր, հուշեր:

Գրողը հայրենիք առաջին անգամ այցելում է 1935թ.-ին:

…<<Ես հայ եմ արյունով : Ես ամերիկացի եմ միջավայրով: Հայ եմ, բայց Կալիֆոռնիան իմ տունն է: Մեկը հարցնում էր. <<Ի՞նչ է Կալիֆոռնիան Ձեզ համար>>: <<Իմ ծննդավայրն է,-ասացի,- ես խորապես կապվել եմ դրան>>: Ասում է` <<Հայաստանի չա՞փ>>: <<Այո Հայաստանի և Բիթլիսի չափ>>: Այլաբանական կամ զգացական տեսակետով , անշուշտ, Բիթլիսը վսեմ է, գերագույնն է…>>,-ասում է Վիլյամ Սարոյանը:

1981թ. Մայիսի 16-ին Վիլյամ Սարոյան հանճարը հեռացավ կյանքից, սակայն թողեց այն բարին ու լուսավորը, որոնք մշտապես իշխում են նրա ստեղծագործություններում: Գրողի խնդրանքով նրա աճյունի մի մասը տեղափոխվում է Հայաստան, հայոց մեծերի պանթեոն: Ազնվաբարո ու վեհանձն այս ՄԱՐԴԸ մշտապես խոնարհման է արժանի…

…<<Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, մի վախեցիր գործած սխալների համար կամ նորերը գործելուց: Դու բարի սիրտ ունես, վստահիր սրտիդ, ունկնդրիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու: Եթե ընկնես, խաբված  կամ հալածված  ուրիշներից կամ ինքդ քեզանից, վեր կաց և ետ մի նայիր: Բազմաթիվ անգամներ պիտի պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի պիտի լաց լինես, այդ ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան պիտի լինեն իրարից : Քո կյանքում դու ոչ մի րոպե չես ունենա ստոր, նենգ կամ փոքրոգի լինելու…>>:

                                      (Հատվածներ <<Մարդկային կատակերգություն>> վեպից)