Սցենարիստ Աբգարը

Աբգարը ներս քաշեց ծուխն ու արագ նետեց ծխախոտի մնացուկն աղբամանի կողմը, բայց վրիպեց: «Էս հարցում էլ եմ անտաղանդ, ամեն անգամ վրիպում եմ»,-մտածեց նա ու շտապեց կանգառին մոտեցող «21» համարի երթուղայինը:
Աբգարը մասնագիտությամբ դերասան էր, բայց հեռուստատեսությունում աշխատում էր որպես սցենարիստ:

msheci_screenwriter_abgar
Միջնահասակ, նեղ թիկունքով և ալիքավոր մազերով Աբգարը 29 տարեկան էր, թեև սպիտակ մազերն ու մորուքը նրան 35 տարեկան տեսք էի տալիս, որից նա  ավելի լավ էր իրեն զգում:
Ամեն անգամ երթուղային նստելիս մտածում էր, թե ինչո՞ւ ավտոմեքենա չունի և ինչո՞վ է պակաս կոլլեգա Տիկոյից և հետո հիշեց, թե Տիկոյին ինչի համար են սիրում TV-ում մտքերը փոխեց այլ  ուղղությամբ:

-Հոպա՛ր, կանգառում կպահես,-հետևից լսվեց երիտասարդ աղջկա ձայնը և ամբողջ երթուղայինի հայացքը ուղղվեց աղջնակի կողմը: Աբգարի կողքի տատիկը չկարողացավ իրենց զսպել ու բարձր ասաց.

-Աղջիկ երեխեն էլ տենց կխոսա, հոպա՞ր…
-Քյառթու դեմք էր,-թունոտ նետեց թանձր շպարով, գլամուրի ձգտող աղջնակը:
Մինչ երթուղայինում սկսվեց կարծիքների փոխանակում, վարորդը հանդարտացրեց ուղևորներին.
-Եղբորս աղջիկն էր:

Որքան էլ նեղվեր Աբգարը երթուղայինով երթևեկելու համար՝ մեկ է հոգու խորքում խոստովանում էր, որ այստեղ է նա գտնում իր հերոսներին, ուսումնասիրում նրանց վարքը, խոսքը, կերպարները և սեփական ավտոմեքենան կարող էր կտրել իրեն այդ կարևոր օղակից:

11 տարի էր, ինչ Աբգարը մենակ էր ապրում Երևանում: Հոկտեմբերյան գնալ գալը ֆինանսապես ձեռնտու չէր և որոշեց մնալ Երևանում ՝ սովորել, նաև աշխատել:
Մարզից եկած երիտասարդը երկչոտ էր ու որոշ բարդույթներ ուներ, որոնք նա հաղթահարեց թատերական իստիտուտ ընդունվելիս:
Սկզբնական շրջանում հաճախ էին կատակում կուրսընկերները՝ ծխելու բան ուզում Աբգարից: Դե Աբգարն էլ պակասը չէր, մի անգամ չորացրած համեմ ու ծիտրոնը խառնեց ու հրամցրեց ընկերներին: Վերջիններս ոչ պրոֆեսիոնալ լինելով կուլ տվեցին խայծն ու ծխեցին ողջ խոտը, բայց ամենածիծաղելին  այն էր, որ 3-ից 2-ի մոտ սկսվեց հիստերիկ ծիծաղ ու գերակտիվ վարք:
-Բրատ էս ինչ լավ ապրանք էր:
-Դե մեր հայրենի հողն ու ջուրը ուրիշ են ուրի՜շ,-գոհ ասաց Աբգարը:
-Ապեր էլի կբերես, չէ՞:
-Բա ոնց, ասում էր Աբգարն ու խույս տալիս ծխելու թեմաներից, մինչև մի օր ձանձրացավ ու խոստովանեց, որ համեմունքներն են նրանց այդքան զվարճացրել:

Վերջին տարին Աբգարը մի կերպ ավարտեց ինստիտուտը:
Մի անգամ տղան չափից դուրս էր գինովցել և վերադառնալով իր դատարկ տունը, որոշեց աղջիկ որսալ ինտերնետում: Նայեց facebook-ում ով է online և սկսեց գրել Լառա Ռուբենյանին, որն իր գրգռիչ լուսանկարներով պայթեցնում էր instagram-ը ու Աբգարն էլ առողջ տղա էր, որը անտարբեր չէր կարող մնալ նման գայթկղիչ աղջնակի հանդեպ:
Ալկոհոլն իրենն արեց, տղան հավաքեց համարձակությունն ու գրեց.
-Լառա իմ անքնության պատճառը դու ես, հենց նայում եմ նկարներդ քունս փախնում է ու…

large
-Ու ի՞նչ
-Ու սկսում եմ այլ բաների մասին մտածել, ուզել….
Լառան իրեն չկորցրեց ու ուղարկեց իր մերկ ոտքերով լուսանկարը, որից Աբգարը կորցրեց իրեն:
-Մի գժվացրո՜ւ…,- գրեց Աբգարը ու շտապեց իր լուսանկարն ուղարկել Լառային:
Բացահայտ ակնարկով լուսանկարը Աբգարը առանց երկար մտածելու ուղարկեց, բայց ոչ թե Լառային, այլ Լարիսա Մամիկոնվնային, որն իր ռուսերենի դասախոսն էր :
Լարիսա Մամիկոնվնան մեծ պատմություն չէր սարքի լուսանկարից և գուցե հավատար տղայի արադարացումներին, եթե այդ պահին համակարգչի մոտ նա մենակ լիներ, այլ ոչ թե ամուսնու հետ:
Աբգարին երկար ժամանակ հիշում էին ինստիտուտում, որպես տարեց կանանց սիրահետողի…

-Աբգար հետ ենք ընկնում, այսօր հանձնես երկու սերիան, երկխոսություններն առանց  Թամարիկի կգրես, նա երկու օր չի գալու աշխատանքի,-առանց բարևի վրա տվեց սերիալի ռեժիսորն, պրոդուսերը:
Աբգարն ուզում էր մի քանի կծու բան ասել, բայց զսպեց ու գնաց աշխատելու: Ինչ էլ ասեր մեկ է Թամարիկի 3-րդ համարի կրծքերն ավելին էին անում, քան Աբգարի տաղանդը:
Պրոդյուսերը վատ տղա չէր, մի քիչ կնամոլ էր ու քասթինգներ անցկացնում էր սիրային նվաճումների շարքը համալրելու համար և դեր ստանալու համար տաղանդը այդքան էլ կարևոր չէր նրա համար:
Աբգարը միայն մեկ մոլորություն ուներ կյանքում, նա կարծում էր, որ նա անչափ տաղանդավոր է ու անփոխարինելի: Նա վստահ էր, որ գալու է այն օրը, երբ բոլորը կխոնարհվեն նրա տաղանդի առջև և թքած, որ հանուն դրա նա ևս 7 տարի պիտի աշխատի:
Կես գիշերն անց էր, երբ Աբգարը TV-ից դուրս եկավ ուռած աչքերով, իսկ ուղեղում մշուշ: Սոված ստամոքսը լռեցրեց հերթական ծխախոտն ու ոտքերն ուղղեց մայրուղի՝ հույս ունենալով տաքսի կանգնեցնել:
15 րոպե կանգնած մնաց փողոցում և ոչ մի ազատ տաքսի չերևաց, բայց տաքսու փոխարեն կանգնեց  տնօրենի քարտուղարուհու մեքենան, որն իր պես գործը նոր էր վերջացրել:
-Աբգա՜ր, նստիր,-անտարբեր ասաց Սոֆին ուղղելով 10 րոպե առաջ խառնված մազերը:

sofi
-Սոֆի ջան, նորմալ է, գնա ես տաքսիով կգնամ,- ասաց Աբգարը:
-Տաքսի դժվար գտնես, նստիր կհասցնեմ,-պնդեց Սոֆին ու Աբգարը չհակաճառեց:
Աբգարը չիմանալով ինչից սկսել զրույցը Սոֆիի հետ հարցրեց այն ինչ մտքով առաջինն անցավ:
-Սոֆի դաստակիդ տատուն վաղուց ես արել:
-Մի քանի ամիս է, լավն է չէ՞, բայց սա միակը չէ: Մարմնիս տարբեր հատվածներում տատուներ են,- բազմանշանակ նետելով հայելուն Սոֆին և ավելացրեց,- եթե ժամանակ ունես գնանք իմ տուն ցույց կտամ, համ էլ կոֆե կխմենք, շեֆն է Ամերիկայից բերել:
Աբգարը մտածեց, որ եթե մերժի վախկոտի տպավորություն կթողնի, իսկ արկածախնդրությունն առավել ուժգին էր քան վախը:
-Եթե քեզ հարմար է՝ գնանք:
Սոֆիի հետ հանդիպումը ճակատագրական դարձավ սցենարիստի համար: Սոֆին տատուներից ավել ցույց տվեց Աբգարին և դարձավ սցենարիստի մուսան:
Որոշ ժամանակ անց Աբգարը ընդգրկվեց TV-իի լավագույն նախագծերում, ամենապահանջված սցենարիստների շարքում դասվեց: Սոֆիի թեթև ակնարկներն ավելին արեցին, քանի Աբգարի 7 տարվա աշխատանքային փորձը:
Շատ խելք պետք չէր հասկանալու համար, որ Սոֆիի երկրորդ սիրականը լինելը և՛ օգտակար է և՛ վտանգավոր, որովհետև Սոֆին պատկանում էր շեֆին:
Շեֆը նոր խնդիր էր դրել սցենարիստի առջև.
-Ապեր ինձ նենց սերիալ ա պետք, որը կպայթեցնի բոլոր հնարավոր ռեյթինգները: Ինձ չի հետաքրքրում, թե դա ինչի մասին կլինի՝ բայց պետք է լինի ամենաքննարկվողը: Պարզ ա՞:
-Հա՛:
-Դե գնա աշխատի,երկու օրից մոտս լինես սինոփսիսով, Սոֆիին էլ ասա մոտս գա:
Սոֆիի անունից սիրտն ավելի արագ բաբախեց և ոչ թե վախից, այլ իրենց թվաց, որ Սոֆին երբեք այդքան իրենը չէր եղել՝ ինչպես այս պահին:
Իր և Սոֆիի հարաբերությունները հասան դրամատիզմի, երբ շեֆը մի քանի օր առաջ ասել էր հինգշաբթի երեկոյան բարձրացիր մոտս ՝քննարկման և մոռանալով դա Սոֆիին էր մոտը կանչել: Իսկ սցենարիստը ներս մտավ այն պահին, երբ շեֆը սեր էր անում իր սեղանին սցենարիստի սիրելիի հետ սցենարիստի սցենարների վրա:
Շփոթված սցենարիստը միայն ասաց.
-Կներեք,- ու դուրս գնաց շենքից:
Անընդմեջ զանգերին ու հաղորդագրություններին ոչ պատասխանեց, ոչ էլ ցանկություն ուներ էկրանին նայել, թե ով է:
Մի կողմից սցենրիստի տղամարդկային արժանապատվությունն էր խոցվել, բայց չէ՞ որ նա գիտակցում էր, որ եթե անգամ նա չէր տեսել Սոֆիին շեֆի գրկում դա  դեռ չէր նշանակում, որ նման բան տեղի չի ունենում առհասարակ:
Նա այլևս չխոսեց Սոֆիի հետ և տեղափոխվեց մրցակից TV-ի աշխատելու:
Թվում էր, որ կյանքը հարթվում է, բայց…
«Ամերիկյան երազանք»-ի տենդը նրա կողքով էլ անտարբեր չանցավ:
Աբգարը որոշակի ջանքերից հետո հայտնվեց Լոս Անջելեսում, ուր իր կարծիքով հայկական գաղութը իրեն գլխի վրա պետք է, որ պահեր, բայց…
taxi.jpg

Բայց Աբգարը տաքսի էր քշում Լոսում ու հաճախորդներին ասում՝ ամբողջ կյանքս հո տաքսի չեմ քշել, սցենարիստ եմ եղել, սցենարի՜ստ…

  Մահվան ճամփին

(Պատմվածք )

Msheci_patmvacq

Աղջիկը կանգնած էր կամրջի վրա ու մոլորված  չգիտեր ուր գնար, ինչ աներ, բայց ավելի շատ նա  ցած նետվելու մասին էր մտածում: Այն միտքը, որ րոպեներ անց խնդիրներն այլևս անցյալում կլինեն, իրեն ուժ էր տալիս այդ քայլն անելու:
Առավոտն այնքան վատ սկսեց…Վիճեց մոր հետ, ում կյանքում ամենաշատն էր սիրում, ում կյանքից էլ առավել էր սիրում…
Թեյը թափեց վրան ու արտաքին ցավը ձուլվեց հոգու ցավին և ամեն ինչ թվաց միանշանակ, իմաստազուրկ:   Աղջիկը տհաճորենք փոխեց համազգեստը, որն ամեն օր պարտավորված էր հագնում, նա այս կյանքում ամեն ինչն էլ մեքենայորեն էր անում, առանց մտածելու, վերլուծելու, ասես գլխում անջատել էր ինքնավերահսկման կոճակը:
Մի անգամ, երբ ընկերուհիներով խոսում էին Մերին շատ կտրուկ հարցրեց.
-Լուսինե՛, իսկ դու մտածել ես, եթե մեռնեիր ի՞նչ կխոսեին քո մասին, ի՞նչ կգրվեր քո տապանաքարին, ի՞նչ ասելիքով էիր դու լույս աշխարհ եկել ու ի՞նչ թողեցիր երկրի վրա: Ես վերջերս շատ եմ մտորում այս թեմայով, գիտես…
-…Ես մահից չեմ վախենում,-հանկարծ պատասխանեց Լուսինեն ու շարունակեց նույն հստակությամբ,- Ես երջանիկ կլինեմ, թե մահանամ, հասկանո՞ւմ ես: Մահը երջանկությա՜ն պես մի բան է, մահը վերջ է տալիս մեր տառապանքներին, հիշողություններին…Ես որ մեռնեմ մարդիկ կասեն՝ ծնվեց, տառապեց, հեռացավ:
-Լո՞ւս, ինչե՜ր ես խոսում…մնում էր մտածեիր, որ մահը երջանկություն է, անիմաստ բան ասացիր: Ես այլ բան նկատի ունեի, հասկանո՞ւմ ես: Ես նկատի ունեի, երբ հասակ առած լինես, երբ ծե՜ր, զառամյալ տատիկ լինես, ալեհեր: Հիմա հասկացա՞ր միտքս :
-Իսկ ո՞վ է որոշում մահվան տարիքը Մերի,-  ապա ցուցամատը ուղղեց երկինք ու հարցրեց,-Վերևո՞ւմ է որոշվում, չէ ՜, չկա՛ նման բան, անգամ այս հարցում են մեզ ազաատություն տվել: Իսկ ես գուցե ուզում եմ ապրել 22 տարի ու վե՛րջ: Հա, հենց այդպես, ես ունեմ ընտրության հնարավորություն, ես կարող եմ հրաժարվել այն ամենից ինչ կարող եմ ունենալ ու դնել վերջակետ, իմ ձեռքերով:
-Քո կամքով չես լույս աշխարհ եկել ու քո կամքով չէ, որ պիսի հեռանաս:
Ես արդեն անհանգստացա քեզ համար:  Լո՜ւս, հիմարություն է վերջակետ դնել 22 տարեկանում, երբ 32,42,52,62 անգամ 88 տարեկանում քեզ աննկարագրելի երջանկության պահեր են այցի գալու:
-Պահե՜ր, պահե՜ր…երջանկության պահե՞ր: Իսկ ի՞նչ է երջանկությունը Մերի, ասա՛,ստվե՞ր, որի մասին բոլորն են խոսում , որին բոլորն են սպասում, բայց նա ԺԼԱՏ է, նա՛ է որոշում ում այցի գնալ ում՝ոչ:  Չէ՜, խնդրում եմ, ես չեմ խաղում այս կյանքի կանոններով…
Մերին ապշած նայեց Լուսինեի դեմքին ու նրան թվաց օտար մի մարդու հետ է խոսում: Սարսափեց, մոտեցավ ընկերուհուն, բռնեց նրա սառած ձեռքն ու զգաց,թե ինչպես Լուսինեի ձեռքի դողն անցավ  իր իսկ մարմնով: Կորուստի վախը համակեց Մերիին ու նա ուժգին գրկեց նրան.
-Լո՜ւս, արև՜…այլևս, երբե՛ք չասես նման բաներ…Դու ծնվել ես որ երջանիկ լինես ու դու կլինես երջանիկ, հավատա ինձ ընկերուհիս: Էլ չմտածեց մահվան մասին, մահը բոլորիս է այցի գալիս, մի օր, բայց ո՛չ հիմա, քանի երիտասարդ ենք ու գեղեցիկ պիտի ապրե՜նք, Լո՜ւս  ախր չկա նենց մի բան, որ հաղթահարելի չլինի…
Լուսինեն քարացած հայացքով նայում էր դիմացի շենքի պատուհանին, ուր մի կին փոքրիկի շորեր էր պարանին կախում: Արցունքներ սահեցին նրա աչքերից, բայց հայացքն անթարթ էր:
Լռությունն ընդհատեց Մերիի ձայնը.
-Թեյ կխմե՞ս,-
-Ահա, նանայով, եռման…կոկորդս այլրելու աստիճան տաք,-արցունքների միջից ժպտաց Լուսինեն ու արագ սրբեց այտերը:
Msheci_patmvacq_Lusinen

Հաջորդ առավոտն աշխատանքային չէր: Մերին վաղ արթնացավ ու գնաց Լուսինեի մոտ: Տան դուռը բաց էր, ներս մտավ՝ զարմացավ, թե ինչու իրեն արձագանքող չկա:
Մոտեցավ Լուսինեի սենյակին, ուր նա քնած էր: Սենյակի լռության մեջ պարզ լսվում էր Լուսինեի հանդարտ շնչառությունը: Հանգստություն, խաղաղություն կար այդ սենյակում: Լուսինեն ամբողջովին ճերմակ էր հագել ու սև սաթի պես մազերը ներդաշնակություն, երկնային հմայք էին տալիս աղջկան: Մերին ջերմորեն շոյեց ընկերուհու գլուխն ու  զգույշ արթնացրեց նրան ասելով, որ տեղ պիտի գնան ու որ պետք է արագ հագնվի:
Լուսինեն նախ զարմանքով նայեց ընկերուհուն, ապա անտարբերությամբ վերցրեց կողքին դրված հագուստն ու մտավ լողասենյակ:Մի քանի րոպե անց վերադարձավ ու ի միջիայլոց  ասաց.
-Ես պատրաստ եմ, բայց լավ կլինի ասես, թե ո՞ւր ես ինձ ուզում տանել:
-Լավ տեղ ենք գնում, ուղղակի արի հետս,- ժպիտով ավելացրեց Մերին ու դուրս եկան տանից:
Օրը կիրակի էր, լուսավոր, արևոտ առավոտ էր, քանի դեռ մարդիկ քնած էին քաղաքը շունչ էր քաշում:
-Մերի՛, իսկ քեզ ասել եմ, որ այս բոլոր փողոցները մայրս է ավլում…Մաքրում է ամեն մի սանտիմետրը, որովհետև ոչ միայն դրանով հաց է վաստակում, այլև սիրում է քաղաքը: Ասում է ՝ իմ  տունն է, որ այն մարդիկ, ովքեր աղտոտում են քաղաքը նրանք նաև աղտոտում են իրենց հոգիները: Ասում է՝ մարդիկ ներքուս, որ անհաշտ չլինեն մյուսների կյանքն էլ դժբախտ չեն դարձնի: Մամայիս ամենաշատն եմ սիրում…: Եթե միայն իմանայիր, թե ո՜նց է սիրտս կտոր-կտոր լինում, երբ հոգնած տուն է վերադառնում, փուլ գալիս բազմոցին ու ասում՝ մի րոպե, հիմա քեզ նախաճաշ կպատրաստեմ ու այդպես քնած է մնում բազմոցին:
Ես միշտ երազել եմ ամուր ընտանիքի՝ հոր,եղբոր, քրոջ մասին: Իմ երազանքները երբեք չեն իրականանում…
Դու ինձ չես հասկանա…Դու ամեն ինչ ունես:
-Մի՛ ասա , ես հասկանում եմ քեզ, մենք միասին ամեն ինչ ենք կիսել, անգամ դպրոցի բուլկին:
-Ի՞նչ մի բան գտար հիշելու,-ծիծաղեց Լուսինեն:
-Լուս քո ցավը նաև իմ ցավն է: Չեմ ուզում քեզ այսպես կոտրված տեսնել: Այ կտեսնես, ամեն բան լավ կլինի:
-Զզվում եմ այդ արտահայտությունից՝ ամեն բան լավ կլինի: Ոչինչ էլ լավ չի լինի, որ լիներ՝ կլիներ:
-Քեզ այլևս ոչ ոք չի ցավեցնի:
-Ցավեցնի՞, դու դա անվանում ես ցավեցնե՞լ: Այդ անասունն ինձ…
-Լավ,լավ  հասնում ենք, սո՜ւս:
-Եկեղեցի՞…Մերի՜…

Msheci_surb_Hovhannes
-Քեզ պետք է ներս մտնել, աղոթել,-հանդարտ ասաց Մերին ու թևանցուկ արեց ընկերուհուն:
-Ես պիղծ եմ Մերի, Աստված ինձ չի՛ ների, ես…ես չեմ կարող…ի վիճակի չեմ…թո՛ղ ձեռքս, ուզում եմ գնալ,-Լուսինեն փորձեց ազատվել նրա ձեռքից: Մերին նրան գրկեց ու մոտեցրեց եկեղեցու բակի նստարանին:
-Լավ, լավ,ոնց կամենաս…Արի բակում նստենք, պատարագի ձայնն այստեղ էլ հասնում է…Ուղղակի լուռ նստենք:
Լուսինեն սրբեց արցունքներն ու կամաց սկսեց երգել.
‹‹…Քեզ հավատամ, խոստովանիմ…անմահական սուրբ Տիրամէր…քու տաճարին երկրպագիմ, անմահական սուրբ ՏիրամԷր…››:
-Սիրում եմ քո ձայնը, թախիծ ու թովչանք կա ձայնումդ…
-Մերի…այսօր գիշերն արթնացա մամայի լացի ձայնից: Երազին տեսել էր, թե հարսի շորով դագաղում եմ պառկած: Գոռում էր՝ նորահարս եմ թաղում…ու անիծում էր Աստծուն: Ես շվարել նստել էի անկողնումս՝ չգիտեի ինչ անել: Արցունքոտ աչքերով մոտեցավ, ամուր գրկեց ինձ,ապա խաչակնքվեց ու ասաց, որ ես եմ իր լույսը: Ամենաշատը վախենում եմ մորս մենակ թողնել էս անօրեն աշխարհում …
-Իսկ դու ինչո՞ւ պիտի թողնես նրան, ասա:
-Անկապ բաներ եմ խոսում, ուշադրություն մի՛ դարձրու…:
Աղջիկները մինչև պատարագի ավարտվելը մնացին եկեղեցու բակում: Եկեղեցին դատարկվեց մարդկանցից, Լուսինեն խնդրեց մենակ մտնել եկեղեցի: Աջ անկյունից վերցրեց գլխաշորը, խաչակնքվեց ու պատին հենվեց :  Վախվորած էր նայում իրեն ժպտացող սրբի պատկերին: Աչքերը կախեց ու ինչ որ բան սկսեց մրմնջալ:
Ձախ  կողմում նկատեց մի տատիկի, ով ծնկի էր իջել ու աղոթում էր: Տատիկը վերջացրեց աղոթքը,խաչակնքվեց ու դուրս գալուց մի ցավոտ հայացք նետեց Լուսինեի վրա: Տատիկի  թախծոտ աչքերից արցունքներ էին գլորվում, որից Լուսինեի սիրտը մղկտաց :
Վերադառնալիս աղջիկները  ոչինչ  չխոսեցին: Միայն շենքի բակում Լուսինեն առաջարկեց տուն բարձրանալ, բայց Մերին մերժեց:
Աշխատանքային շաբաթը  սկսված էր: Լուսինեն ավարտեց գործը և որոշեց մի քիչ քայլել: Տուն չէր վերադառնալու, դա գոնե հաստատ էր որոշել:
Բռնաբարությունից հետո Լուսինեն ամիսներ շարունակ մտածում էր ինքնասպանության մասին: Ամիսներ շարունակ նա հայելու մեջ իր պատկերին չէր կարողանում նայել: Ամիսներ շարունակ  նա զզվանքով էր մտածում իր գոյության   մասին ու վերջապես վրա էր հասել սպասված օրը: Րոպեներ անց նա կհեռանար այնպես՝ ասես չէր էլ ծնվել:
Երեկոն քամոտ էր: Կամուրջն այդ օրն ‹‹անհանգիստ›› էր: Լուսինեն քայլում էր կամրջով ու զգում, թե ինչպես է ոտքերի տակ դողում հատակը: Հասնելով կամրջի ուղիղ մեջտեղին կանգ առավ ու վար նայեց: Ներքևում մշուշ էր, մթությունն ասես փակել էր նրա գիտակցության մեջ ամեն ինչ: Լուսինեն զգաց մահվան հոտը, շունչ քաշեց ու անցկացրեց աջ ոտքը, ապա՝ ձախը:  Ձեռքերով դեռ ամուր բռնել էր կամրջի երկաթներից  ու համարձակության վերջին ճիգն էր գործադրում  նետվելու համար: Հանկարծ հեռվից մի աղեկտուր ձայն լսվեց.
-Բալե՜ս, բալե՜ս…սպասի՜ր, ի՛նձ լսիր, բալե՜ս մի՛ արա տենց բան, բալե՜ս:
Լուսինեին թվաց, թե մայրն է, բայց իրեն էր մոտենում մի տատիկ, ոտքից գլուխ սև հագած, ճերմա՜կ մազերով: Տատիկը մոտեցավ Լուսինեին ու բռնեց նրա ձեռքը.
-Բալես , մի՛ արա բալե՜ս…
Լուսինեն հիշեց տատիկին, ում երեկ եկեղեցում էր տեսել: Լուսինեն լուռ, ամոթահար գլուխը կախեց, անշարժ մնաց, չիմացավ ինչ ասի:
-Լսի՜ր…թոռնիկս հինգ տարի առաջ կամուրջից նետվել է , հենց այս անիծված կամրջից…Ես ամեն երեկո հատում եմ այս կամուրջը, վար եմ նայում, ասում եմ՝ բարի գիշեր բալես ու գնում տուն: Տունս մոտ է ՝այ էն շենքում եմ ապրում: Թոռնիկիս մենակ եմ մածացրել, այս կյանքում նրանից բացի ես ոչ ոքի չունեի…Էլ ինչ գործ ասես չարեցի, որ թոռս մեծանա, որդուս  ժառանգը ու նա էլ սենց անամոթ բան արեց…բալե՜ս , նա արեց, բայց դու չանես:
Էս կամուրջը քո կյանքի դժվարության ուղին է, հասկացի՛ր: Կյանքիդ կես ճամփին կանգ մի առ, մի՛ հանձնվիր…
-Տատ ես պարտվել եմ կյանքին, ախր դու չգիտես…
-Եթե դու ծնվել ես՝ ուրեմն հաղթել ես: Կամուջները ստեղծված են հատելու համար, նոր ուղղի գտնելու համար, մթությունից դեպի լույս տանելու համար: Դու կարո՛ղ ես, դու պետք է ապրես, դու պետք է պայքարես: Ու քանի դեռ մեկ սիրտ կա, որ բաբախում է քեզ համար, դու պիտի՛ երջանկացնես նրան քո գոյությամբ,ներկայությամբ, քո սիրո՜վ…

Մեկ  ժամ անց Լուսինեի մայրը զանգ ստացավ.
-Մամ, Սառա տատիկենց տանը նանայով թեյ եմ խմում, չանհանգստանաս գալու եմ…

CLF - Olmstead Parks

Զինվորի սերը

(պատմվածք)

Տիգրանը, երբ հրաժեշտ էր տալիս հարազատներին չգիտեր, որ այսուհետ նա հաշվելու է օրերն ու ժամերը նրանց կրկին տեսնելու համար: Նա չգիտեր, որ հայտնվելու է իր երկրորդ ընտանիքում, ուր ամեն ինչ կանոնակարգված է և խիստ:
Նա չէր էլ պատկերացնում, որ այսուհետ ՙկարոտ՚ բառն ընկալելու է իր ամեն մի բջիջով:
Նա միայն գիտեր, որ այնտեղ Վանաձորում մի քնքուշ սիրտ է բաբախում իր համար և որ տասնյակ գիշերներ դեռ պիտի արցունքոտվեն աղջնակի բարձը : Տիգրանն ուզում էր հավատալ, որ ծառայությունը Հայոց Բանակում չի խարսխի իր և Գայանեի սերը ու նա կսպասի…
Օրերն անցնում էին, իսկ Տիգրանը սկսում էր ընտելանալ բանակի կարգ ու կանոնին, հպարտանում էր, որ նա հնարավորություն է ունեցել ծառայելու, ի վերջո նա կատարում է իր սուրբ պարտքը հայրենիքի առջև, ի վերջո նա և հազարավոր հայորդիներ աչքները բաց, ձեռքերը զենքին հսկում են հայրենքի անդորրը:
Իսկ այդ ժամանակ Գայանեն քայլում էր իրեն ծանոթ փողոցներով և աչքերով փնտրում նրան…ամեն ինչ նույնն է, բայց մի տեսակ օտար ու սառը: Ամեն ինչ նույնն է, բայց նա իր կողքին չէր…

msheci_zinvori_ser@_1
Որոշ ժամանակ անց Տիգրանը Գայանեից ստացավ առաջին նամակը.
<<Բարև սիրելիս:
Սարսափելի է պատկերացնել, բայց քեզ չեմ տեսել արդեն մի քանի շաբաթ: Ես տեսնում եմ լիալուսինը, իսկ դու չկաս, ես տեսնում եմ արևածագն ու մայրամուտը, բայց քո դյութիչ աչքերը` ոչ մի անգամ: Նամակիս մեջ ցանկանում եմ դնել ամբողջ կարոտս ու քեզ ուղարկել: Օրերն եմ հաշվում, թե երբ նորից կլինենք միասին: Ամեն վայրկյան մտածում եմ` արդյոք ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես: Եթե իմանայիր, թե քանի՜-քանի՜ անգամ եմ երազով թռել, եկել քեզ մոտ, կարոտիս ծարավը գեթ ակնթարթ հագեցրել:Տիգրան, իսկ  հիշո՞ւմ ես, թե քանի քանի անգամ ենք պատկերացրել մեր կարոտավառ սպասումները…Հիշո՞ւմ ես, գնալուց առաջ վերջին անգամ աչքերդ հառեցիր վրաս հարցնելով` կսպասե՞ս: Դե իհարկե, կսպասեմ քեզ, իմ Սեր: Աշխարհը կարծես գորշ գույներով ներկված լինի, քանզի դու իմ կողքին չես: Առանց քեզ գարունն էլ չի գերում իր թովիչ գեղեցկությամբ: Առանց քեզ նման եմ մի անջուր ծաղկի, որն օր-օրի կախում է գլուխն ու սպասում: Առանց քեզ, ձմեռն է բույն հյուսել իմ սրտում, ցուրտ է…Վերադարձի՛ր, ես միշտ կսպասեմ քեզ, իմ զինվոր>>:
Տիգրանն ուրախացավ և անմիջապես էլ տխրեց: Մի պահ խելահեղ աշխարհը կանգ առավ շարժուն թողնելով միայն նրանց սերը:
Իսկ այն ժամանակ, երբ Տիգրանն ու Գայանեն միմյանց նամակներ էին գրում լցնելով դատարկ առօրյան իրենց սպանումներով ու հույզերով, Գայանեի մայրիկը լրջորեն մտածում էր իր միակ աղջկան ամուսնացնելու մասին:
Գայանեի երկրպագուներն ավելանում էին, իսկ Գայանեն կարծես չէր էլ նկատում շուրջը, նա ապրում էր սպասումով, սիրով ու երազանքներով:

-Չեմ հասկանում, թե ի՞նչ ես գտել այդ տղայի մեջ: Հասկացի՛ր , նա դեռ շատ երիտասարդ է, որպեսզի նրա հետ փորձես կյանք կապել: Նա դեռ պիտի ծառայի, աշխատանք •տնի, իսկ դու այդքան տարի չես կարող սպասել:

-Հասկացի՛ր, դու աղջիկ ես ու քո տարիներն անցնում են անդարձ: Տես ինչ գեղեցիկ ես ու երիտասարդ, իսկական ժամանակն է քայլ անելու և ամուսնանալու: Բալե՛ս, շուրջդ տես ինչքան գեղեցիկ և հաջողակ երիտասարդներ են պտտվում, թո՛ղ Տիգրանին, նա միայն խանագարում է քեզ:

-Մայրի՛կ, ինձ ոչ ոք էլ պետք չէ: Ես սիրում եմ Տիգրանին: Ես անսահման հպարտ եմ, որ իմ ընկերը զինվոր է, որ նա ծառայում է հայրենիքին և ոմանց նման չի փորձում խուսափել ծառայությունից:

– Բայց ինչո՞վ է պակաս Աշոտը, հը՞, ասա՛: Նա գեղեցիկ, կիրթ, կայացած երիտասարդ է: Հասկանո՞ւմ ես, որ եթե կյանքդ կապես նրա հետ, ապա ոչ մի հոգս չես ունենա: Մտածի՛ր աղջիկս, խելքդ ՙկերել՚ է էտ ջահել, անմիտ տղան:

-Մա՛մ, էդպես մի՛  ասա…նա անմիտ չէ: Գուցե նա դեռ երկար ճանապարհ ունի կայանալու համար, բայց հավատա՜ ես պատրաստ եմ այդ ճանապարհն անցնելու նրա հետ…

-Բայց Աշոտը…

-Հենց այդ նույն կայացած, գեղեցիկ ու կրթված Աշուտն ինչ-ինչ քայլերի դիմեց, որ հաստատի թե հիվանդ է և չծառայի: Օֆֆ, մամ, հասկանո՞ւմ ես, էտ թուլամորթը երբեք չի կարող հասնել իմ Տիգրանին:

-Ես առաջարկում եմ քո համար լավագույն տարբերակը: Սիրելիս, բաներ կան, որ դու դեռ չես հասկանում, իսկ երբ հասկանաս, •ուցե և ուշ լինի: Էնպես որ լավ մտածիր…

-Մայրիկ, մի՛ ստիպիր, որ իմ կամքին հակառակվեմ և սիրտս կոտրեմ…

Գայանեի մայրը որոշեց, որ առանց աղջկա կամքը հաշվի առնելու ինքնուրույն որոշի նրա ճակատագիրը: Նա չմերժեց Աշոտին, ով ցանկանում էր այցելել և պաշտոնապես հայտարարել իր մտադրությունների մասին:
Թե Գայանեի, և  թե Աշոտի ընտանիքի անդամների դեմքը երջանկությամբ էր փայլում: Իսկ Գայանեի սիրտը կտոր-կտոր էր լինում, քանի որ առանց իրեն հարցնելու որոշել էին նրան կնության տալու մեծահարուստ Աշոտին:
<<Նրանք ծախեցին ինձ…իմ ծնողները ծախեցին ինձ` իմ երջանկության հաշվին…>>,-անվերջ կրկնում էր Գայանեն ու լաց լինում:
Վատ լուրը շուտ հասավ զորամաս: Փուլ եկավ աշխարհը Տիգրանի գլխին: Բարկությունից քիչ էր մնում ջարդ ու փշուր աներ ամեն ինչ, բայց միթե՞ դա հարցի լուծում էր:
<<Ինչո՞ւ նա այդպես վարվեց: Ինչո՞ւ նա սպանեց մեր սերը, ինձ…ինչո՞ւ Գայանե, ասա՛ ինչո՞ւ>>,-մտածում էր Տիգրանն ու զսպում արցունքները: Նա առհասարակ չէր լացում, բայց այդ պահին ուզում էր մոռանալ ՙտղամարդկային թուլություն՚ կոչվածն ու լացեր մանչուկի պես…
Ուշ գիշեր էր: Ուժգին թակում էին դուռը: Գայանեի հայրը անհանգստացած բաց արեց դուռը և իր առջև տեսավ մի զինվորական համազգեստով, մոլորված մի երիտասարդի:

-Տղաս, այս ուշ ժամին ո՞ւմ ես կորցրել մեր տանը:

-Գայանեին, կանչե՛ք խնդրում եմ Գայանեին…

-Նախ, երևի բացատրեիր, թե ով ես ու ի՞նչ գործ ունես այստեղ, այն էլ այս ժամին:

Գայանեն լսեց Տիգրանի հուզված ձայնն ու նետվեց դեպի դուռը:

-Հայրի՛կ,- ձայնեց նա,-Թո՛ղ նրան,նա ինձ համար է այստեղ:

-Տղաս, ցավում եմ, բայց Գայանեի հետ որևէ հույս կապելն անիմաստ է, նա երեկ նշանվել է…

-Թույլ տվեք ես Գայանեից հարցնեմ:

-Անիմաստ է,,,,-ընդհատեց Գայանեի հայրը:

-Հայրիկ խնդրում եմ, թող խոսի,-խնդրում էր Գայանեն:

-Գայանե,-դառը հոգոց հանելով ասաց Տիգրանը,-ասա՛, խնդրո՛ւմ եմ, դու քո կամքո՞վ ես նշանվել նրա հետ: Դու մոռացե՞լ ես ինձ: Դու էլ չես սիրում ինձ…

-Սիրում եմ Տիգրան, Աստված վկա սիրում եմ: Նրանք ինձ ստիպել են…ես չեմ ուզում կյանքս կապել ուրշ մեկի հետ: Ես քեզ եմ սիրում: Ես խոստացել էի սպասել…

-Աղջի՛կ, դու գժվե՞լ ես,- բղավեց հայրը:

-Ո՛չ, ես միշտ էլ սիրել եմ Տիգրանին ու կսիրեմ միայն նրան: Հայրիկ, եթե չես ցանկանում քո միակ աղջկան դժբախտ տեսնել, ապա ուղղիր այդ սխալը…

Վեց ամիս անց ի հեճուկս բոլորի Գայանեն ու Տիգրանը նշանվեցին պատրաստ լինելով հաղթահարելու նոր խոչընդոտներ…

2008թ.

msheci_zinvori_ser@_2

Փոշեկուլը

(Պատմվածք)

poshekuly-msheci

Կիրակնօրյա երեկոները սովորաբար ուրախ էին անցնում այդ քաղաքում:

Մայրաքաղաքից գալիս էին տեսակ-տեսակ երգիչ երգչուհիներ ու մարզադաշտը լցվում էր աղմուկով: Մարդիկ զբոսնում էին, տեսնում հին ու նոր ծանոթներին, ծանոթանում նորերի հետ, իսկ արևածաղկի բիզնեսը թափ էր առնում: Օդը լցվում էր երիտասարդ աղջիկների ծիծաղով ու արձագանքող երաժշտությամբ: Մայրաքաղաքից եկած երգչուհիներից մեկն առանձնանում էր…անգամ չեմ հիշում ինչով, բայց այն ժամանակ մեծից փոքր պնդում էին, որ քաղաքապետի սիրուհին է: Հենց հարցաքննում էի, թե որտեղի՞ց ստույգ գիտեն, ասում էին` հաստա՛տ բան ենք ասում, մի կասկածիր:

Բայց պատմությունն այս ոչ թե քաղաքապետի սիրուհու, այլ` փոշեկուլի մասին է:

Գրեթե յուրաքանչյուր համերգից հետո կազմակերպվում էին վիճակահանություններ ու մարդիկ շահում էին տարբեր իրեր: Այս անգամ Բաբայանների “բախտը բերեց” և նրանք շահեցին փոշեկուլ: Մեծ իրադարձությունը իսկական խմելու առիթ էր Գուրգենի համար, ով անտարբեր չէր խմիչքի հանդեպ: Լցրեց՝ խմեց, լցրեց՝ խմեց, ամբողջ ընտանիքը “գլխին հավաքեց” ու հայտարարեց, որ կայացրել է մի շատ կարևոր որոշում` այդ փոշեկուլն իրենն է ու նա պետք է վաճառի այն:

-Ա՜յ պապ,-ասաց Վանիկը,-Հո չե՞ս գժվել, խի ծախենք է՞, տուն ա, պետք կգա, հարսիդ գործը կթեթևանա:

-Ինչի՞, որ մեր ժամանակ տունը ավելով էին մաքրում կնանիքի մեջքը ծռվո՞ւմ էր, թող կնիկդ էլ ավել անի:

-Պապ ախր շահել ենք, քթած բան ա: Խի՞ ծախենք:

-Իմ տանն եք ապրում, ուրեմն իմնա՛ էտ պիլասոսը ու ես ասեցի ծախելու եմ, ինձ փողա պետք:

-Ա՛յ հեր, էտ որ ծախես ինչքան փող պիտի տան, համ էլ ի՞նչ ես անում էտ փողը,-ասաց Վանիկը ու հոր ձեռքից վերցրեց օղու շիշը,- Քի՛չ խմի:

-Վա՛հ, արա՛ այ անխելք, փողը հմի ո՞ւմ պետք չի,-վրա տվեց ավագ Բաբայանն ու խլեց շիշը, լցրեց ու ավելացրեց,- դու ում դռան շունն ես, որ ձեռիս արաղն ես տանում:

-Սկսվե՜ց, այ բիձա հենց խմում ես քեզ կորցնում ես, գոնե հարսիցդ ամաչի…,-միջամտեց Մանուշակն ու թոռներին սենյակից դուրս տարավ:

-Էս չի դաստիրակածդ տղեն, հորը լեզույա դարձնում, վաա՜այ աշխարհ, աշխարհ, ծախելո՛ւ եմ, էտ պիլասոսը ինձ պետք չի, ծախելու եմ էտ փողով քեֆ անեմ:

-Գժվելա՜ էս մարդը այ մեր…,-բղավեց Վանիկը,- ո՞նց ես հետը էսքան տարի ապրել, զարմանո՜ւմ եմ այ մամ:

-Վանիկ ջան գլուխ մի դիր, նո՞ր ես ճանաչում հորդ հեսա տանը ինչ կա չկա ջարդ ու փշուր կանի, մեզ էլ հետը, թաղեմ էտ արաղ ստեղծողին, որ մեզ էս օրը քցեց,-ավելացրեց Մանուշակն ու սկսեց սեղանը կարգի բերել:

Գուրգենն էլ սպասում էր առիթի, որ պոռթկար, վերցրեց օղու դատարկ շիշն ու շպրտեց կնոջ վրա` չկպավ, Մանուշակը վաղուց սովոր էր այդ “շշային” հարձակումներին և այս անգամ էլ կարողացավ խույս տալ հարվածից:

-Պապ լռիվ գժվե՞լ ես, բա որ կպնե՞ր:

-Բախտը էլի բերեց, լեզուն շատա երկարել, պիտի ճամփեմ հոր տուն, որ խելքը գլուխը գա:

-Անխելք գլուխս թաղեմ, որ ես քեզ ուզեցի, պիտի մնայիր վերջում էլ արաղիդ հետ կպսակվեիր,-ավելացրեց Մանուշակն ու թթվի, պանրի ափսեն դուրս տարավ:

-Այ հեր, գնանք քնի:

-Ուրա՞ պիլասոսը, բեր,պտի կողքս դնեմ նոր քնեմ

-Ա՛ռ, վեկալ քնի, պինդ կգրկես չմրսի,-հրճվաց Վանիկն ու մեկնեց փոշելուլի տուփը:

-Ջա՜ն է, ջան, առավոտ տանելու եմ ծախեմ, մեկդ խանգարի կսատկացնեմ,-ավելացրեց նա ու որդու ուղեկցությամբ մի կերպ մտավ ննջասենյակ:

Առավոտյան արթնացավ մեքենայի աղմուկից, վեր թռավ անկողնուց ու պատուհանից գողաց.

-Սաքո՜, Սաքո՜ քաղաք ե՞ս իջնում:

-Հա Գուրգեն ձյա, ի՞նչ կա:

-Ինձ հետդ տար Սաքո, գործ ունեմ Երեւանում:

-Իջի՛ տանեմ Գուրգեն ձյա:

-Հա՛, սպասի, չգնաս հա՜…

Գուրգենը վերցրեց փոշեկուլի տուփն ու իրենից գոհ իջավ բակ: Նստեց մեքենան, փոշեկուլի տուփն էլ տեղավորելով հետևի նստատեղին:

-Գուրգեն ձյա ո՞ւր ես գնում

-Սաքո ջան շուկա, ուր էլ տանես լավա:

Տուփը գրկած մոտենում էր վաճառողներին ու առաջարկում.

-Ապեր թոփ թազա պիլասոսա, պասպորտ էլ ունի, հենա նայ, էժանով վեկալ գնամ, փողա պետք,- ահա այսպես էր առաջարկում նա “իր փոշեկուլը”: Եվ  վաճառողներից մեկին դա հետաքրքրեց ու սկսեց սակարկել: Վաճառողը գին ասաց, Գուրգենը՝ սակարկեց, մի խոսքով  պայմանավորվեցին  ու ձեռք սեղմեցին: Մինչ գումար տալը վերավաճառողը փորձարկեց փոշեկուլը` չէր աշխատում:

-Հոպար ջան ձե՞ռ ես առնում, փչացած ապրանք էիր ուզում ծախել վրե՞ս…

-Տենց բան չկա, աշխատումա՜, դու ես խաբում, փողս տուր:

Խոսքը դարձավ վերճ` վեճը ծեծկռտուք, փոշեկուլը` կոտրվեց, Գուրգեն պապն էլ ձեռբակալվեց խուլիգանություն համար :

Ուշացած երազ

Լիլիթը բացեց պատուհանը, որպեսզի անձրևի կաթիլները շոշափելի դառնան:
Անձրևը գալիս էր, իր սիրտը լալիս էր ու միայն անցյալի հուշերն էին անիմաստ ակոսում հոգին:

msheci
Այսօրն էլ անցյալ դարձավ ու նա էլի մնաց անցյալի մի մասնիկ…Մասնիկներն այդ շատ են: Նրանց  քանակությունը տակնուվրա է անում ներկան ու փոթորիկի պես քանդում ապագան:
Հեռախոսը զանգեց, իսկ նա բարկացավ, որ ընդհատեցին իր հիշողություններից:
-Ի՞նչ ես անում:
-Ոչ մի բան: Տանը մենակ եմ ու անտրամադիր:
-Սպասիր, գալիս եմ:
Կես ժամ անց  եկավ ընկերուհին:
Եթե չլիներ Հերմինեի պատրաստակապ ու կենսուրախ բնավորությունը, ապա Լիլիթը կկորցաներ ինքն իրեն:

-Գինի եմ բերել,-երջանիկ ասաց Հերմինեն,-Քե՜ֆ ենք անելու, գժվելու ենք:
Վերջին անգամ Դավիթի հետ էր գինի խմել…Նրանք նստած էին մութ սենյակի հատակին, ուր բուխարին էր վառվում:
Լիլիթը թեթև գինովցած էր: Նա նայում էր մեկ թեժացող կրակին, մեկ Դավիթի թովիչ, խելքահան անող աչքերին:
-Ես հարբեցիիի՜,-ծիծաղելով ասա Լիլիթը:
-Դու հարբած ես գինով, ես հարբած եմ քո սիրով,-ավելացրեց Դավիթն ու համբույրներով կարկատեց Լիլիթի շուրթերը:
-Լի՞լ, ինչ ես սառած կանգնել, վերցրո՛ւ ձեռքիցս գինի,-ճչաց Հերմինեն,-Այ քեզ բա՜ն: Հետաքրքիր մարդ ես, հա՜, տեսնում ես թրջված կանգնած եմ, չես էլ օգնում:
Հերմինեն մտավ հյուրասենյակ, ուր անփույթ թափված նամակների կույտ կար: Ինքնաբերաբար աչքերը սահեցին տողերով.
Հերմինեն մտավ հյուրասենյակ, ուր անփույթ թափված նամակների կույտ կար: Ինքնաբերաաբար աչքերը սահեցին տողերով:
<<…Քո թովիչ  աչքերի գերին եմ դարձել: Հոգիս կվաճառեմ չարքին միայն թե լինես կողքիս…>>:
<<…Ներիր ինձ, խնդրում եմ: Իմ անմիտ խանդը անտեղի էր…Ես հավատում եմ քեզ, կարոտել եմ, այնպես եմ ուզում տեսնել քեզ հոգիս…>>:
<<…և ես հրաժարվում եմ ապրել առանց քեզ: Այն օրը քո արցունքները խոստովանեցին, որ դու էլ դեռ սիրում ես ինձ…>>:
-Հե՜մ, պաղպաղակ ունեմ, չո՞ւտենք,-խոհանոցից ձայնեց Լիլիթը:
-Իսկ գինի՞ն:
-Չեմ ուզում: Մի ուրիշ անգամ կխմենք:
-Լի՞լ, այս ի՞նչ նամակներ եմ տեսնում…պահոցդ ես բացե՞լ:
-Իսկ միթե՞ քեզ չեն սովորեցրել, որ չի՛ կարելի ուրիշի նամակները կարդալ:
-Ինչո՞ւ ես պահել, Լիլի՛թ:
-Հիշողություն է էլի, թող մնա:
-Իզուր մի՛ ցավեցրու սիրտդ…
Լիլիթը հյուրասենյակ մտավ ապսեները լին պաղպաղակով:
<<Դավիթն էլ էր պաղպաղակ սիրում: Մի անգամ այնքան շատ պաղպաղակ կերավ, որ շուրջ տաս օր տաս օր չէր կարողանում տանից դուրս գալ, որովհետև սաստիկ էր հիվանդացել>>,-մտածես Լիլիթն ու մոտեցավ սեղանին:
-Իսկ եթե այրե՞նք, հը՞,-առաջարկեց Հերմինեն:
-Ի՞նչը:
-Դե նամակները էլի :
-Թող մնան, ինձ չեն խանգարում:
-Ի՛նձ են խնգարում:
Լիլիթը անմիջապես հավաքեց նամակներն ու տեղավորեց մի ոսկեգույն տուփի մեջ: Հետո առաջարկեց ֆիլմ նայել:
-Ասում են լավ, սիրային ֆիլմ է: վերջաբանն էլ ուրախ է:
Ֆիլմերում ու գրքերում սերը լավ վերջաբան է ունենում, բայց ո՛չ կյանքում,-հոգոց հանելով ասաց Լիլիթը:
-Կյանքում էլ է պատահում, վերջացրու՛:
Ֆիլմի հերոսի գանգուր մազերը կտրեցին Լիլիթին իրականությունից:
Նրան դուր էր գալիս շոյել Դավիթի գանգուր մազերը: Մատները քնքուշ սահում էին փափուկ մազերի միջով:
Մի անգամ Լիլիթն ասաց Դավիթին.
-Երանի մեր տղայի մազերն էլ քո մազերի պես գանգուր լինեն:
-Տղա չէ՛, աղջիկ է լինելու: Քեզ պես ձյունաճերմակ ինչպես փերին, քո զմրուխտ կանաչ աչիկներով ու քո գիժ բնավորությամբ:
-Ուրեմն գիժ եմ հա՞:
-Հա՛, իմ գիժս, իմս, իմս,իմս…
-Խուտուտ մի տուր,-կչկչում էր Լիլիթը,-տղա՛ ենք ունենալու,քեզ այնքան նման է լինելու, որ քեզ ճանաչողները ասեն ՝փոքրիկ Դավիթիկ:

Հարսանիքի օրն արդեն նշանակված էր, երբ Լիլիթը պարզեց, որ չի կարող մայրանալ: Երկինքը փուլ եկավ գլխին…Որոշեց, որ ոչինչ չի պատմի Դավիթին և առանց որևէ բան ասելու հավաքեց իրերն ու արտերկիր մեկնեց՝ մորաքրոջ մոտ:

msheci-ushacac eraz
Երբ վերադարձավ մայրը հենց օդակայանում ասաց, որ Դավիթն արդեն ամուսնացել ու ոչինչ չի ուզում լսել Լիլիթի մասին:
Վերադարձից մի քանի ամիս անց Լիլիթը իմացավ, որ Դավիթը հայր է դարձել…աղջկա անունը Լիլիթ էր ի հիշատակ մեծ ու գեղեցիկ սիրո…:

Մերկապարուհի Մաշան

Մաշան այն սովորական մերկապարուհիներից էր, ովքեր գալիս են Հայաստան, որպեսզի գումար վաստակեն՝ գիշերային ակումբներում պարելով: Իր տարիքի աղջիկները համալսարաններում էին սովորում, իսկ նա՝ պարային նոր շարժումներ, որպեսզի ավելի ցանկալի ու հրապուրիչ լինի… աչքերի, շատ-շատ աչքերի համար… Մաշան գրքեր չէր կարդում, գունագեղ այս աշխարհում քիչ բան էր հուզում նրան, գուցե դա էր պատճառը, որ նա անհետաքրքիր զրուցակից էր…Անհետաքրքիր զրուցակիցը այնքան հետաքրքիր ու կրքոտ էր գալարվում պարաձողին, որ ներկաներին սարսուռ էր պատում: Հենց այդ ներկաների մեծ մասը Մաշային տեսնելու համար էին այցելում ակումբ, սակայն վայելում էին նրան լոկ հայացքով…Ժամանակը կանգ էր առնում՝ մի պահ այցելուներին տանելով մի ուրիշ աշխարհ` Մաշայի աշխարհ: Պարի ժամանակ նա և՛ աստվածուհի էր, և՛ ստրկուհի: Մաշայի աշխարհը ակումբն էր, նա տիրուհին էր այն հայացքների, որոնք լափում էին նրան և ամեն անգամ, հիշելով բոլոր այդ տղամարդկանց ողջակեզ հայացքները, իրեն զգում էր լիարժեք ու կատարյալ… 

Մաշան ուներ ընտրության հնարավորություն, և նա ընտրել էր հենց այդ աշխատանքը, հարկադրված մեկուսի ապրելակերպը: Նա առանց ուղեկցության տանից դուրս չէր գալիս, ակումբի հաճախորդների հետ չէր շփվում, հարկ եղած դեպքում փոխում էր աշխատավայրը, երբեմն էլ ուղեկցում “որոշ անձանց” հանդիպումների ժամանակ: Եվ ահա, մի օր նրանով հետաքրքրվեց մի հայ երիտասարդ…

Սեր առաջին հայացքից, թե հաճելի ժամանց, այդ արդեն հնարավոր չէ իմանալ, մի բան հաստատ պարզ էր, որ Տիգրանն ուզում էր փոխել նրա  “աշխարհը”:Տիգրանն ամեն անգամ գրքեր, ֆիլմեր էր տանում Մաշայի համար և դիտմամբ ընտրում կնոջ մեղավորությունն ընդգծող բովանդակությամբ ստեղծագործություններ: Ժամանակն անցնում էր, իսկ Մաշան ապրում էր իր աշխարհով ու նաև Տիգրանով: Նա գիտակցում էր, որ այդ երկու աշխարհներն անքակտելի են իրենից, սակայն անզուգադրելի միմյանց համար: Մաշան խելագարի պես էր սիրում նրան…սիրում էր մարմնով…սիրում էր հոգով…սիրում էր անմնացորդ, անգամ մի օր փորձեց պատուհանից դուրս նետվել, երբ իմացավ, որ այլևս չի տեսնելու նրան: Այդ քայլը վերջին ճիգն էր Տիգրանին իր մոտ պահելու` չստացվեց:…Մի անգամ դռան առջև գեղեցիկ փաթեթավորված տուփ գտավ:

Մաշան բացեց տուփն ու տեսավ տասնյակ կրակայրիչներ ու երկտող. “ Ահա՛…չէ որ դու սրանց համար ես պարում ու ապրում… ”:

Դաշնամուրը…

…Նախկին տերս կնամոլի մեկն էր, բայց մի տեսնեիր թե ո՜նց էին կանայք խենթանում նրա համար…մութ սենյակ, իմ սև, շքեղ փայտին շարված էին մոմեր-մոմեր…անթիվ գիշերներ: Տերս ինձ կիսաբաց էր անում ու բարձրաձայն ասում, որ այսպես ավելի ռոմանտիկ է:

 Կանանց հետ այդ գինարբուքներից հետո հաճախ ես էի տուժում…

Օրերն անցնում էին ու ես հոգնում էի այդ միօրինակությունից: Ախր այդ հիմարը գիտեր ընդամենը երկու ստեղծագործություն: Մեղքս ինչ թաքցնեմ, նա այդ երկուսն էլ հիանալի էր նվագում, այնքան լավ, որ տասներկու կանանցից իննը հաստատ հուզվում էին:

Չգիտեմ, գուցե այդ իննը չափազանց զգայուն էին, կամ հիմարիկ, որ չէին հասկանում, իրենց նման լինելը գեղեցիկ անձեռոցիկների…մեկօրյա…

Իսկ նրա ընկերուհին…ըմմմ՜ կարծեմ Օլգա էր նրա անունը: Խենթանալ կարելի էր նրա կրակոտ կարմիր մանիկյուրից, երկար կատվային եղունգներից, որ ամեն անգամ երբ դիպչում էին ինձ մարմինս փշաքաղվում էր: Օլգան իսկական խենթ էր, սակայն շատ էժանագին ինձ համար:

 Մի անգամ տերս անհետացավ ու պարզվեց անթիվ պարտքերն էին դրա պատճառը:

Ինձ վաճառեցին…Օ՜ թող օրհնյալ լինի այն օրը, երբ ես դարձա Նրանը, իսկ նա Իմը:

 Երեսունամյա շքեղ, փխրուն, գայթակղիչ ու կրակոտ կին…ես դարձա նրա գերին:

Երբ նա երեկոյան ցնցուղ ընդունելուց հետո հագնում է գիշերվա պես թափանցիկ ու սև խալաթը, որի տակից ուրվագծվում է նրա ձյունաճերմակ մաշկը…ես ցնորվում եմ Նրա համար, իսկ նրա չքնաղ մաշկից եկող այդ թովիչ բուրմունքը գլխապտույտ է առաջացնում:

Նրա խոնավ, ալիքավոր մազերից կաթող ջրի կաթիլներն անգամ չեն կարող ծարավս հագեցնել…Իսկ նրա դյութիչ մատների շոյանքն ասես թմրեցնող սպեղանի լինի…ես պաշտում եմ Նրան:

Ես պաշտում եմ, երբ նրա մատները մեկ քնքշորեն, մեկ կոպտորեն տիրում են ինձ և ես դառնում եմ նրա գերին:

 Նա կարմիր գինի է սիրում…երբ նրա հյութեղ շուրթերը դիպչում են գինու բաժակին ինձ թվում է թե իմ արյունն է Նա խմում: Ես երազում եմ Նրա թաց, անզուսպ շուրթերը զգալ իմ շուրթերին, ուզում եմ, որ այդ համբույրը տևի հավերժություն, որ արյունս սառչի իմ երակներում:

Եթե միայն իմանար, որ նրա ներկայությունից անգամ մարմնովս քաղցր դող է անցնում…Ես կգրկեմ նրան ու շուրթերս մոտեցնելով նրա քնքուշ, փոքրիկ ականջներին կշշնջամ, որ իրենն եմ մինչ մահ: Իսկ նրա մարմնից ճառագող լույսն ու անսահաման ջերմությունը մահվան դուռը կհասցնեն ինձ, բայց ընկերս, ախր ես ընդամենը մի սովորական դաշնամուր եմ…