Առանց Քեզ…

Կորած ճամփեքով քեզ մոտ կգամ, որ ասեմ ինչ օտար ու սառն է Երկիրն առանց ՔԵԶ…Իմ շուրջը կրակներ են, որոնք ինձ չեն կարող ջերմացնել, որովհետև իմ արևը վառվում է քեզ համար: Ու հիմա էլ, երբ արցունքիս վերջին կաթիլը կեղեքում է հոգիս, ես դառնությամբ շունչ եմ քաշում ու արհամարհում հոգուս ճիչը:

msheci.wordpress.com

Հույսս արեց իր վճիռն ու մահապատժի ենթարկեց ծարավ հոգիս…Իսկ հիմա ինձ թվում է, թե արցունքի փոխարեն արյուն է հոսում աչքերիցս ու սրտիցս:

Ես հոգնած քայլում եմ օտար մարդկանցով լեցուն հարազատ փողոցներով ու հարցականներ բաժանում հայացքովս: Ես ցավում եմ… ես բողոքում եմ… ես հեռանում եմ ինքս ինձանից…Ես մոռանում եմ ինքս ինձ, ես…Ես ՕՏԱՐ են ինքս ինձ:

Advertisements

Սցենարիստ Աբգարը

Աբգարը ներս քաշեց ծուխն ու արագ նետեց ծխախոտի մնացուկն աղբամանի կողմը, բայց վրիպեց: «Էս հարցում էլ եմ անտաղանդ, ամեն անգամ վրիպում եմ»,-մտածեց նա ու շտապեց կանգառին մոտեցող «21» համարի երթուղայինը:
Աբգարը մասնագիտությամբ դերասան էր, բայց հեռուստատեսությունում աշխատում էր որպես սցենարիստ:

msheci_screenwriter_abgar
Միջնահասակ, նեղ թիկունքով և ալիքավոր մազերով Աբգարը 29 տարեկան էր, թեև սպիտակ մազերն ու մորուքը նրան 35 տարեկան տեսք էի տալիս, որից նա  ավելի լավ էր իրեն զգում:
Ամեն անգամ երթուղային նստելիս մտածում էր, թե ինչո՞ւ ավտոմեքենա չունի և ինչո՞վ է պակաս կոլլեգա Տիկոյից և հետո հիշեց, թե Տիկոյին ինչի համար են սիրում TV-ում մտքերը փոխեց այլ  ուղղությամբ:

-Հոպա՛ր, կանգառում կպահես,-հետևից լսվեց երիտասարդ աղջկա ձայնը և ամբողջ երթուղայինի հայացքը ուղղվեց աղջնակի կողմը: Աբգարի կողքի տատիկը չկարողացավ իրենց զսպել ու բարձր ասաց.

-Աղջիկ երեխեն էլ տենց կխոսա, հոպա՞ր…
-Քյառթու դեմք էր,-թունոտ նետեց թանձր շպարով, գլամուրի ձգտող աղջնակը:
Մինչ երթուղայինում սկսվեց կարծիքների փոխանակում, վարորդը հանդարտացրեց ուղևորներին.
-Եղբորս աղջիկն էր:

Որքան էլ նեղվեր Աբգարը երթուղայինով երթևեկելու համար՝ մեկ է հոգու խորքում խոստովանում էր, որ այստեղ է նա գտնում իր հերոսներին, ուսումնասիրում նրանց վարքը, խոսքը, կերպարները և սեփական ավտոմեքենան կարող էր կտրել իրեն այդ կարևոր օղակից:

11 տարի էր, ինչ Աբգարը մենակ էր ապրում Երևանում: Հոկտեմբերյան գնալ գալը ֆինանսապես ձեռնտու չէր և որոշեց մնալ Երևանում ՝ սովորել, նաև աշխատել:
Մարզից եկած երիտասարդը երկչոտ էր ու որոշ բարդույթներ ուներ, որոնք նա հաղթահարեց թատերական իստիտուտ ընդունվելիս:
Սկզբնական շրջանում հաճախ էին կատակում կուրսընկերները՝ ծխելու բան ուզում Աբգարից: Դե Աբգարն էլ պակասը չէր, մի անգամ չորացրած համեմ ու ծիտրոնը խառնեց ու հրամցրեց ընկերներին: Վերջիններս ոչ պրոֆեսիոնալ լինելով կուլ տվեցին խայծն ու ծխեցին ողջ խոտը, բայց ամենածիծաղելին  այն էր, որ 3-ից 2-ի մոտ սկսվեց հիստերիկ ծիծաղ ու գերակտիվ վարք:
-Բրատ էս ինչ լավ ապրանք էր:
-Դե մեր հայրենի հողն ու ջուրը ուրիշ են ուրի՜շ,-գոհ ասաց Աբգարը:
-Ապեր էլի կբերես, չէ՞:
-Բա ոնց, ասում էր Աբգարն ու խույս տալիս ծխելու թեմաներից, մինչև մի օր ձանձրացավ ու խոստովանեց, որ համեմունքներն են նրանց այդքան զվարճացրել:

Վերջին տարին Աբգարը մի կերպ ավարտեց ինստիտուտը:
Մի անգամ տղան չափից դուրս էր գինովցել և վերադառնալով իր դատարկ տունը, որոշեց աղջիկ որսալ ինտերնետում: Նայեց facebook-ում ով է online և սկսեց գրել Լառա Ռուբենյանին, որն իր գրգռիչ լուսանկարներով պայթեցնում էր instagram-ը ու Աբգարն էլ առողջ տղա էր, որը անտարբեր չէր կարող մնալ նման գայթկղիչ աղջնակի հանդեպ:
Ալկոհոլն իրենն արեց, տղան հավաքեց համարձակությունն ու գրեց.
-Լառա իմ անքնության պատճառը դու ես, հենց նայում եմ նկարներդ քունս փախնում է ու…

large
-Ու ի՞նչ
-Ու սկսում եմ այլ բաների մասին մտածել, ուզել….
Լառան իրեն չկորցրեց ու ուղարկեց իր մերկ ոտքերով լուսանկարը, որից Աբգարը կորցրեց իրեն:
-Մի գժվացրո՜ւ…,- գրեց Աբգարը ու շտապեց իր լուսանկարն ուղարկել Լառային:
Բացահայտ ակնարկով լուսանկարը Աբգարը առանց երկար մտածելու ուղարկեց, բայց ոչ թե Լառային, այլ Լարիսա Մամիկոնվնային, որն իր ռուսերենի դասախոսն էր :
Լարիսա Մամիկոնվնան մեծ պատմություն չէր սարքի լուսանկարից և գուցե հավատար տղայի արադարացումներին, եթե այդ պահին համակարգչի մոտ նա մենակ լիներ, այլ ոչ թե ամուսնու հետ:
Աբգարին երկար ժամանակ հիշում էին ինստիտուտում, որպես տարեց կանանց սիրահետողի…

-Աբգար հետ ենք ընկնում, այսօր հանձնես երկու սերիան, երկխոսություններն առանց  Թամարիկի կգրես, նա երկու օր չի գալու աշխատանքի,-առանց բարևի վրա տվեց սերիալի ռեժիսորն, պրոդուսերը:
Աբգարն ուզում էր մի քանի կծու բան ասել, բայց զսպեց ու գնաց աշխատելու: Ինչ էլ ասեր մեկ է Թամարիկի 3-րդ համարի կրծքերն ավելին էին անում, քան Աբգարի տաղանդը:
Պրոդյուսերը վատ տղա չէր, մի քիչ կնամոլ էր ու քասթինգներ անցկացնում էր սիրային նվաճումների շարքը համալրելու համար և դեր ստանալու համար տաղանդը այդքան էլ կարևոր չէր նրա համար:
Աբգարը միայն մեկ մոլորություն ուներ կյանքում, նա կարծում էր, որ նա անչափ տաղանդավոր է ու անփոխարինելի: Նա վստահ էր, որ գալու է այն օրը, երբ բոլորը կխոնարհվեն նրա տաղանդի առջև և թքած, որ հանուն դրա նա ևս 7 տարի պիտի աշխատի:
Կես գիշերն անց էր, երբ Աբգարը TV-ից դուրս եկավ ուռած աչքերով, իսկ ուղեղում մշուշ: Սոված ստամոքսը լռեցրեց հերթական ծխախոտն ու ոտքերն ուղղեց մայրուղի՝ հույս ունենալով տաքսի կանգնեցնել:
15 րոպե կանգնած մնաց փողոցում և ոչ մի ազատ տաքսի չերևաց, բայց տաքսու փոխարեն կանգնեց  տնօրենի քարտուղարուհու մեքենան, որն իր պես գործը նոր էր վերջացրել:
-Աբգա՜ր, նստիր,-անտարբեր ասաց Սոֆին ուղղելով 10 րոպե առաջ խառնված մազերը:

sofi
-Սոֆի ջան, նորմալ է, գնա ես տաքսիով կգնամ,- ասաց Աբգարը:
-Տաքսի դժվար գտնես, նստիր կհասցնեմ,-պնդեց Սոֆին ու Աբգարը չհակաճառեց:
Աբգարը չիմանալով ինչից սկսել զրույցը Սոֆիի հետ հարցրեց այն ինչ մտքով առաջինն անցավ:
-Սոֆի դաստակիդ տատուն վաղուց ես արել:
-Մի քանի ամիս է, լավն է չէ՞, բայց սա միակը չէ: Մարմնիս տարբեր հատվածներում տատուներ են,- բազմանշանակ նետելով հայելուն Սոֆին և ավելացրեց,- եթե ժամանակ ունես գնանք իմ տուն ցույց կտամ, համ էլ կոֆե կխմենք, շեֆն է Ամերիկայից բերել:
Աբգարը մտածեց, որ եթե մերժի վախկոտի տպավորություն կթողնի, իսկ արկածախնդրությունն առավել ուժգին էր քան վախը:
-Եթե քեզ հարմար է՝ գնանք:
Սոֆիի հետ հանդիպումը ճակատագրական դարձավ սցենարիստի համար: Սոֆին տատուներից ավել ցույց տվեց Աբգարին և դարձավ սցենարիստի մուսան:
Որոշ ժամանակ անց Աբգարը ընդգրկվեց TV-իի լավագույն նախագծերում, ամենապահանջված սցենարիստների շարքում դասվեց: Սոֆիի թեթև ակնարկներն ավելին արեցին, քանի Աբգարի 7 տարվա աշխատանքային փորձը:
Շատ խելք պետք չէր հասկանալու համար, որ Սոֆիի երկրորդ սիրականը լինելը և՛ օգտակար է և՛ վտանգավոր, որովհետև Սոֆին պատկանում էր շեֆին:
Շեֆը նոր խնդիր էր դրել սցենարիստի առջև.
-Ապեր ինձ նենց սերիալ ա պետք, որը կպայթեցնի բոլոր հնարավոր ռեյթինգները: Ինձ չի հետաքրքրում, թե դա ինչի մասին կլինի՝ բայց պետք է լինի ամենաքննարկվողը: Պարզ ա՞:
-Հա՛:
-Դե գնա աշխատի,երկու օրից մոտս լինես սինոփսիսով, Սոֆիին էլ ասա մոտս գա:
Սոֆիի անունից սիրտն ավելի արագ բաբախեց և ոչ թե վախից, այլ իրենց թվաց, որ Սոֆին երբեք այդքան իրենը չէր եղել՝ ինչպես այս պահին:
Իր և Սոֆիի հարաբերությունները հասան դրամատիզմի, երբ շեֆը մի քանի օր առաջ ասել էր հինգշաբթի երեկոյան բարձրացիր մոտս ՝քննարկման և մոռանալով դա Սոֆիին էր մոտը կանչել: Իսկ սցենարիստը ներս մտավ այն պահին, երբ շեֆը սեր էր անում իր սեղանին սցենարիստի սիրելիի հետ սցենարիստի սցենարների վրա:
Շփոթված սցենարիստը միայն ասաց.
-Կներեք,- ու դուրս գնաց շենքից:
Անընդմեջ զանգերին ու հաղորդագրություններին ոչ պատասխանեց, ոչ էլ ցանկություն ուներ էկրանին նայել, թե ով է:
Մի կողմից սցենրիստի տղամարդկային արժանապատվությունն էր խոցվել, բայց չէ՞ որ նա գիտակցում էր, որ եթե անգամ նա չէր տեսել Սոֆիին շեֆի գրկում դա  դեռ չէր նշանակում, որ նման բան տեղի չի ունենում առհասարակ:
Նա այլևս չխոսեց Սոֆիի հետ և տեղափոխվեց մրցակից TV-ի աշխատելու:
Թվում էր, որ կյանքը հարթվում է, բայց…
«Ամերիկյան երազանք»-ի տենդը նրա կողքով էլ անտարբեր չանցավ:
Աբգարը որոշակի ջանքերից հետո հայտնվեց Լոս Անջելեսում, ուր իր կարծիքով հայկական գաղութը իրեն գլխի վրա պետք է, որ պահեր, բայց…
taxi.jpg

Բայց Աբգարը տաքսի էր քշում Լոսում ու հաճախորդներին ասում՝ ամբողջ կյանքս հո տաքսի չեմ քշել, սցենարիստ եմ եղել, սցենարի՜ստ…

Ճամփորդական նոթեր 2. Գտնված սեր

 

Մայա շեկլիկ մազերով ճերմակաթույր մաշկով գերմանուհի է:
Նա ասես ձնծաղիկ լինի, վաղորդյան գարնան ծաղիկ…Նրա ժպիտը անդիմադրելի է, թշի փոսիկներն ու պեպենոտ քիթիկը  միշտ շարժման մեջ են: Չկա մի տեսակի էմոցիա, որ նրա դեմքին չկարողանաս կարդալ, թե լավ և թե վատ…բոլորը նրանք , ովքեր շփվում էին նրա հետ միաբերան հաստատում էին, որ նա ասես գերմանուհի չլինի…
Մայան կամավորության էր եկել Ռումինիա, որովհետև էլ բան չուներ անելու կամ չգիտեր , թե ինչ է ուզում կյանքից:
Հայրենիքում թողնելով ընկերոջը, որոշել էր բախտը փորձել:
Մենք հայերս միշտ կարծում ենք, թե Եվրոպաներում ապրող մարդիկ կատարյալ կյանք են ունենում, բայց իրականությունը կարող է ապշեցնող լինել:
Մայան, երբեք չէր ասում, թե ինչպիսի կյանքով է ապրել Գերմանիայում, թերևս միայն գինովցած էր անկեղծանում, բայց այդ ժամանակ նա փորձում էր ուրախ լինել, այդ վիճակից հենց ուրախ լինելն էր նա կորզում…
-Չեմ կարող  և չեմ էլ ուզում պատմել , թե ինչպիսի կյանքով եմ ապրել Գերմանիայում: Ո՞վ կհասկանա, որ 16 տարեկանում հեռացել եմ տանից, ոչ թե, որ  ուզում էի մենակ ապրել, այլ որովհետև հայրս հարբեցող էր եղբայրս՝ թմրամոլ: Հերթական կռիվների ժամանակ , երբ նրանք դանակներով հարձակվեցին միմյանց  վրա ես հասկացա, որ էլ չեմ կարող ապրել հայրական տանը:
Մենակ ապրելը հեշտ բան չէ, այն էլ Եվրոպայում, երբ ծնողներդ քեզ տեսնում են միայն դեկտեմբերի 25-ին(Սուրբ Ծննդին ), երբ ամիսներով չեն զանգում ու չգիտեն, ո՞ւր ես, որտե՞ղ, ինչի՞ կարիք ունես…Սա փայլփլուն ազատության գինն է: Սա մարտահրավեր է, որ ոմանք հաղթահարում են ու դառնում հրաշալի մասնագետներ, մարդիկ, իսկ ոմանք աննպատակ ապրում մինչը ծերություն: Թեև այս երկրորդ խմբի մարդիկ մեծապես չեն տարբերվում Հայաստանում ապրող այն ջահելներից, ովքեր 30-ը բոլորած ծնողների <<վզին>> նստած բողոքում են, թե ՝ երկիրը երկիր չէ ու աշխատանք չկա:
Մայան պատմում էր, որ հաճախ չունենալով սննդի գումար, երեկոյան գաղտնի սողոսկել են սուպերմարկետների <<աղբամանները>> (հա ի դեպ Գերմանայի աղբամանները մի քիչ այլ տեսք ունեն մեր աղբամաններից ) և օրվա մնացած սնունդը փախցնել  գոյատևելու համար:
Իսկ ամենամեծ անակնկալն այն եղավ, երբ Մայան պատմեց, որ բեռնատարի վարորդ է աշխատել, այդ գործն է հասու եղել՝ դա էլ արել է: Նրա փոքրամարմին, փխրուն տեսքին նայելիս երբևէ մտքովդ չէր անցնի, թե նա կարող էր բառնատար վարել :
Մինչ նա մտածում էր, թե ինչ կտար իրեն բնակության վայր փոխելն  ու դպրոցներում աստղագիտություն դասավանդելը կյանքն ընդառաջ եկավ՝  իր սիրուն անակնկալներով:
Մեր տանը անքնությամբ տառապողներից էինք ես ու Մայան: Նա միակն էր, ում հետ ժամերով խոսում ու չէի ձանձրանում: Իմ մեկ գավաթ նանայով թեյն ու նրա մեկ գավաթ գարեջուրը հաճելի աշնանային հերթական զրույցի սկիզբն էին դնում:
Ինձ դուր էր գալիս մեր տարբեր լինելը, տարբեր մտածելն ու վերլուծելը:
-Սերը ժամանակ է սիրում: Այ տես, օրինակ՝ ես իմ ընկերոջը սիրեցի մեր միությունից մեկ տարի անց: Նա լավ ընկեր է, ինձ սիրում է, հոգատար է ու մի օր էլ հասկանում ես, որ նա է ու էլ  պետք չէ փնտրել,-կում է անում գարեջրից ու շարունակում,-Նախորդ ընկերս սրիկայի մեկն էր, բայց նրան շատ էի սիրում, այնքան շատ, որ թույլ էի տվել տարիներով ինձ ծեծի, ստորացնի,- ցույց է տալիս սպիները,- Տես սրանք դանակով է արել…շատ դժվարությամբ կարողացա հեռանալ նրանից՝ սիրում էի, բայց նրա հետ ապրելը ինքնակործանում էր: Հիմա հանգիստ եմ, սա սեր է հանգիստ ու խաղաղ:
-Գիտես Մայա, սերն ինձ համար ուրիշ մի երանգ ունի: Այն  պիտի կրակի պես բորբոքվի, ծովի պես ալեկոծվի…ոնց ասեմ, երբ նա կողքիդ լինի դու պիտի անհանգիստ լինես, ուզենաս նրան գրկել, համբուրել, կմճտել…ուզենաս նրա համար ամեն ինչ անել…դա մի անհանգիստ էմոցիոնալ վիճակ է,- ժեստորով, էմոցիաներով եմ խոսում, ասես նա չգիտի թե սերն ինչ է:
-Չէ ես համաձայն չեմ քեզ հետ: Փորձիր իմ պես առանց սիրելու, պարզապես հնարավորություն տուր մեկին քեզ սիրելու քո կողքին լինելու ու կտեսնես, թե ոնց ես ինքդ փոխվում…
-Է՜ Մայա չէ, դա նույնը չէ…եթե ի սկզբանե մեջդ փոթորիկ չկա հետո էլ դժվար լինի: Մենք այս թեմային կվերադառնանք ավելի ուշ, երբ այնքան սիրես, որ քայլելիս գետինը չզգաս:
Ժամեր տևող մեր բանավեճում ոչ ոք չի հաղթում: Յուրաքանչյուրը մնում է իր կարծիքին կամ եթե փաստարկներդ համոզիչ են նրանք ընդունում են:  Այստեղ բանավեճը երբեք կռվի չի վերածվում զուտ այն պատճառով, որ բոլորը հարգում են դիմացինի կարծիքը անգամ եթե համաձայն չեն: Բանավիճելիս այստեղ մարդիկ չեն ասում մեկ այլ բան ու մտածում լրիվ այլ: Եվրոպացիների շրջանում ( համենայն դեպս 100-ից ավել հասնող այլազգիներ են նրանք, ում հետ ընկերացել եմ) ես սիրեցի ուղղախոսությունը: Այստեղ << համայնքը>> զորավոր չէ այնքան որ անհատների ճակատագրեր խորտակի…
Մայան սիրում էր Իտալիան ու ընկերոջ հետ պլանավորել էր մեղրամիսը Իտալիայում անցկացնել: Ասում էր, որ խենթանում է, այդ երկրի, լեզվի համար ու միշտ երազել է այնտեղ բնակվել…
Նրա պատմությունը ապացուցեց, որ մեր մտքերն ու երազանքները ուղղակիորեն կապված են վերևի հետ…Մայան Ռումինիայում հանդիպեց իր ասպետին՝ Լորենցոյին: Թեև Լորենցոն տիպիկ այն ասպետներից չէր, որոնց մասին երազում են աղջիկները, բայց նա այն տղամարդն էր, ով լիարժեք դարձրեց Մայային…
Ծակ կոշիկներով, անփույթ հագնված կապտականաչավուն աչքերով այս հմայիչ երիտասարդը անմիջապես նրա սրտում հայտնվեց…Սա մի իտալոգերմանական սեր էր, որի վկան դարձան բոլոր միջմշակութային  մեր երկու կամ երեքահրյուրանոց համայնքը:
Մայայի գերմանուհի ընկերուհիները խորհուրդ էին տալիս միաժամանակ պահել կապերը երկուսի ետ, միաժամանակ կենակցել նրանց հետ և հետո ընտրություն անել:Իմ մշակութային շոկերիցս մեկն էլ սա էր:
Եվ ահա Մայան մի օր թակեց սենյակիս դուռը, աչքերին արևային ակնոցներ էին՝ հասկացա, որ լացել է, առաջարկեց զբոսնել…
Մեր ավանատիպ քաղաքում ամենահետաքրքիր վայրերից մեկն էլ գնացքի կայանն էր…գնացքի գծերին նստած գերմանուհին ու հայուհին խոսում էին, լալիս ու փորձում նոր բանաձև գտնել՝ երջանիկ լինելու համար:
-Չեմ ուզում ընկերոջս ցավեցնել…նա իմ կողքին էր այն ժամանակ, երբ  ես ոչ ոք չունեի: Նա ինձ օգնեց ապրելու, նա ինձ սիրում է, ես չեմ կարող նրան ցավեցնել ու ասել, որ ուրիշին եմ սիրում…Ան դու ճիշտ էիր, սա է իսկական սերը, ես դեռ երբեք այսպես երջանիկ չեմ զգացել: Նրա կողքին ես պարզապես հանգիստ չեմ կարող կանգնել…նա իմ կեսն է…
-Թո՛ղ ընկերոջդ…
-Չե՛մ կարող, վախենում եմ…
-Ահա՛, սերդ, եկել դիմացդ կանգնել է, իսկ դու երկմտում ես…մի՛ փակիր դուռը նրա առջև …կխռովի էլ չի գա,-կատակում եմ:
-Բայց չեմ էլ կարող խաբել…ո՛չ ինքս ինձ, ո՛չ ընկերոջս, ո՛չ էլ իմ խենթ իտալացուն: Ես անազնիվ չեմ կարող լինել մեկի հետ ում եթե ոչ ինչպես տղամարդու, ապա գոնե որպես ընկերոջ սիրել եմ…
Մայայի և Լորենցոյի սիրո պատմությունը ծաղկեց ու աճեց մեր աչքի առջև: Երկու տարբեր աշխարհներից եկած մեկ այլ  երրորդ երկիր, ապրելով տարբեր քաղաքներում գտան միմյանց…
Շաբաթական մի քանի անգամ նրանք կտրում եին գրեթե 700 կիլոմետր միմյանց տեսնելու համար: Հաճախ գիշերելու տեղ էլ չէին ունենում և քնում էին հասարակական այգիներում, ամուր գրկված ու երջանիկ:
Կոմֆորտիզմի սիրահարներիը դժվար թե հասկանան այս զույգի ապրելաոճը, բայց սա այն իրական երջանկությունն էր, որի մասին միայն երազել էին…թաքուն…

Msheci_Maya&Lorenzo
Մայան ու Լորենցոն հիմա ապրում են Իտալիայում, տարբեր տեսակի աշխատանքներ են անում ապրելու համար, որոշել են որ 5 զավակ են ունենալու:
Մայան ու Լորենցոն Հայաստան անպայման գալու են ինձ ու  իրենց մյուս հայ ընկերներին տեսնելու:
Դե… հա…սերն այդպիսին է՝ գալիս է միանգամից ու երջանկացնում նրանց, ովքեր հավատում են այդ հեքիաթին, որն իրականում՝ ԻՐԱԿԱՆ Է: