Առանց Քեզ…

Կորած ճամփեքով քեզ մոտ կգամ, որ ասեմ ինչ օտար ու սառն է Երկիրն առանց ՔԵԶ…Իմ շուրջը կրակներ են, որոնք ինձ չեն կարող ջերմացնել, որովհետև իմ արևը վառվում է քեզ համար: Ու հիմա էլ, երբ արցունքիս վերջին կաթիլը կեղեքում է հոգիս, ես դառնությամբ շունչ եմ քաշում ու արհամարհում հոգուս ճիչը:

msheci.wordpress.com

Հույսս արեց իր վճիռն ու մահապատժի ենթարկեց ծարավ հոգիս…Իսկ հիմա ինձ թվում է, թե արցունքի փոխարեն արյուն է հոսում աչքերիցս ու սրտիցս:

Ես հոգնած քայլում եմ օտար մարդկանցով լեցուն հարազատ փողոցներով ու հարցականներ բաժանում հայացքովս: Ես ցավում եմ… ես բողոքում եմ… ես հեռանում եմ ինքս ինձանից…Ես մոռանում եմ ինքս ինձ, ես…Ես ՕՏԱՐ են ինքս ինձ:

Advertisements

Ճամփորդական նոթեր 8. Առյուծների քաղաքը

Վաղ առավոտյան Արթուրը զինվորի ճշտապահությամբ պատրաստվում էր մեր ճամփորդությանը: Լուսադեմին, մանվանդ երբ անձրևում է անհնար է մտածել ճանապահ ընկնելու մասին: Սկսում եմ համոզել նրան, որ գոնե մեկ օրով հետաձգենք ճամփորդությունը մոռանալով, որ ազատ օրերը հաշված են երկուսիս էլ համար չէ…ու առհասարակ ամեն օրն է հաշվարկված նպատակային  ՛՛ծախսելու՛՛ համար:
Մարդիկ հաճախ են իրենց ժամանակը ծախսում ոչինչի վրա և հետո հետադարձ հայացք նետում ու ասում՝ կյանքից բան չհասկացանք…: Իսկ կյանքից կարելի է ՛՛բան՛՛ հասկանալ, եթե սկսես հենց այսօրվանից, այլ ոչ թե սպասես  արևոտ  օրվա..))
Ինձ մոտիվացնելու համար Արթուրը լավ հյուրընկալի պես տաք սուրճ պատրաստեց, իր սիրելի կրուասանից հյուրասիրեց ու կարծես Ուկրաինա գնալու ցանկությունս նորից բոցավառվեց:
Msheci_Ukraina_noter
  Ամենահաջող ավտոստոպերը մեզ հաջողվեց կատարել Ուկրաինա գնալիս: Տասը րոպե էլ չէինք սպասել, երբ մի ուրախ ընտանիք մեզ ՛՛վերցրեց՛՛ մայրուղուց: Այս ուրախ ամուսինները  բավականին տեղեկացված էին հայերի ու հայկական մշակույթի մասին, մեծ հետաքրքրսիորությամբ հարցեր էին տալիս, որոնց սիրով էինք պատասխանում:
PicsArt_1434834021382
Մեր ճանապարհն անցնում էր Գեռլայով,որը ժամանակին կոչվում էր Արմենոպոլիս, քանի որ այն 5 դար առաջ հայ գաղթականների կողմից էր հիմնվել: Կիլիկիայի հայերով բնակեցված այս քաղաքը նաև ասել են ՛՛Հայաքաղաք՛՛:
Հայկական եկեղեցի, գերեզմանոց, հայկական հետքեր, բայց ոչ հայեր…
Մեկ այլ ազգություն ունեցող քրիստոնյաների հետ ապրելը նվազեցնում է ազգապահպանման հարցը և որոշ ժամանակ հետո   ձուլումն անխուսափելի է  դառնում:
Gherla_Armenian-Catholic_cathedral-1
Մի քանի մեքենա փոխելով, անտառի մայրուղում կանգնելով փորձում ենք վերջին մեքենան գտնել, որը մեզ կհասցնի սահման: Մի ռումինաց պապիկ է մեզ պատահում և փոքր ինչ փնփնթալով հասցնում Ռումինիայի և Ուկրաինայի սահամնի մոտ: Շնորհակալություն ենք հայտնում ու հրաժեշտ տալիս պապիկին:
Ուկրաինական սահմանում սահմանապահը վերցնում է անձնագիրս ու հայերեն ասում
-Բարև Ձեզ, ո՞նց եք:
Ես շփոթված լսածիցս, լեզուս կապ ընկած մի կերպ հարցնում եմ.
-Հայերեն խոսո՞ւմ եք:
Իսկ նա ժպտում ու ինձ է մեկնում անձնագիրս:
PicsArt_1434819160469
Ընդամենը մի քանի մետր այն կողմ իրավիճակն այլ է: Ասես մենք մեկ այլ իրականությունից տեղափոխվեցինք մյուսին: Գունագեղ, կոկիկ, ծաղկաշատ տնակներից անցում կատարեցինք սովետական գյուղակ լայն գետով, անսարք, փոշոտ ճանապարհներով ու սովորույթներով: Թեև մարդիկ ամենուր նույնն են, բայց ընկալումներն են տարբեր: Հարևաններ լինելով Ուկրաինան ու Ռումինիան լրիվ այլ կյանքերով էին ապրում և այդ ամենը սկսվում էր հենց սահմանամերձ գյուղերից:
Msheci_Ukraine.jpg
Սոլոտվինոյին քիչ թե  շատ ծանոթանալով մենք վերցրեցինք գիշերային գնացքի տոմսերը:
Զարմանահրաշ Լվովը մեզ էր սպասում:
Ճերմակամաշկ, կլորիկ, կանաչաչյա կինը հոգատար հայացքով նայում է ինձ ու ասում.
-Մեղք եք ախր, ցուրտ է, վերմակ էլ վերցրեք, կմրսեք…
-Քնապարկ ունենք, մի անհանգստացեք….շնորհակալ եմ…:
PicsArt_1435528276893
Լուսադեմին հասնում ենք Լվով, բայց գիշերը հասցնում եմ սաստիկ սառչել:
Արևոտ, ամառային Ռումինիայից տեղափոխվել էինք սառնաշունչ, բայց հյուընկալ մի երկիր…
Լվո՜վ…երանելի, գեղեցիկ, սքանչելի, արվեստով ու վեհությամբ հագեցած քաղաք…
Անկուշտ աչքերով նայում եմ շուրջս ու թվում է, թե ես և՛ օտար եմ այս քաղաքին և՛ անչափ հարազատ…
PicsArt_1434910522927
Մինչ Արթուրը կողմնորոշվում է, թե ոնց ենք հասնելու մեր հյուրընկալի տուն ես վազում եմ դեղատուն մրսածության դեմ որևէ հաբ վերցնելու:
Հիվանդանալու և նվնվալու իրավունք չունես, երբ ընդամենը մի քանի օր ժամանակ ունես նոր վայրերը կլանելու համար…
PicsArt_1434878411909
Ես ապշած եմ Արթուրի արագ կողմնորոշման վրա: Առանց ջանք թափելու հասնում ենք Ղուկասյանի բնակարան: Բակում մեզ կանգնեցնում է մի պապիկ, որը լավ հարց ու փորձ անելուց հետո միայն թույլ է տալիս բարձրանալ վերև:
Մարինան մեծ շուն ուներ: Հենց նրան տեսա անմիջապես մտափոխվեցի, որ նրա տան եմ մնալու, որովհետև տարիներով վախ ունեի շներից…Ի՞նչ իմանայի, որ տուն վերադառնալիս ես լիովին հաղթահարելու եմ շների հանդեպ իմ վախը:
PicsArt_1435392303532
Մարինան…զուսպ, չխոսկան կարմրահեր աղջնակ էր, ով հայերեն ոչ մի բառ չէր խոսում, Հայաստանում երբեք չէր եղել ու հայ ընկերներ էլ չուներ: Ասում էր, որ հնարավոր է բարեկամներ ունենա Հայաստանում, բայց ոչինչ չգիտի նրանց մասին…
Մարինա մի ասա, կրակի կտոր ասա…շաբաթական մի քանի անգամ օդապարիկով թռիչքներ անող աղջիկն աշխատում էր տուրիստական ընկերությունում և գիշերները սթրիփթիզ պարում գիշերային ակումբում, ավտոստոպով հասել էր Չինաստան և մտադրություն ուներ տեսնել ողջ Ասիան և ցավում էր, որ վիզայի պատճառով չի կարողանում ավելի շատ երկրներում լինել…թեև հիմա պատկերն այլ է, Ուկրաինան կարծես Եվրոպայի մուտքի վիզայի խնդիր այլևս չունի:
 Ինչևէ, Մարինան տաք սուրճ հյուրասիրեց հետո առաջարկեց ցույց տալ քաղաքը:
Ուշքի գալուց. կարգի բերելուց ու 15 կիլոգրամանոց ուսապարկից ազատվելուց հետո մենք պատրաստ էինք Լվիվը կամ Լվովը «շնչելու»…
Քաղաքում ընդգծված, հակառուսական տրամադրություններ էին տիրում, զոհված զինվորների լուսանկարներ, հանգանակություններ, Պուտինի պատկերով զուգարանի թղթեր, մինչև անգամ Պուտին- տիկնիկ, որին կարելի էր հարվածել մի քանի մանրադրամի փոխարեն:
PicsArt_1434979536019
Մարինան մեզ ուղեկցեց Լվովի հայկական եկեղեցին և երբ ներս մտանք  ոտքից գլուխ սև հագած տղամարդը շարական էր երգում…Աստվածային էր:
Փշաքաղվեցի, գրեթե մեկ տարի եկեղեցու շունչ չէի զգացել…աչքերով կարոտս էի առնում ամեն մի հայկականին նայելով, աչքերով «գրկում, համբուրում» այն ամենին ինչին որ հայի ձեռքեր էին դիպչել:
Եկեղեցուց դուրս գալիս հայերեն լսեցի, սիրտս թրթռաց…մի խումբ երիտասարդներ էին :
-Հա՞յ եք…
-Հա՜…
Աննկարագրելի երջանկություն ես զգում, երբ աշխարհի մի ծայրում, անհեսցե մի երկրում քո տեսակին ես հանդիպում…Հայի՜, հայե՜ր ձեր ցավը տանեմ ես…Այնքան կարոտ, ջերմություն ու սեր կար այդ հանդիպմանը…
PicsArt_1435095639940
Ալյոնան ու Մարգոն միացան մեր խմբին ու քաղաքի ճանաչողական պտույտը շարունակվեց:
Մարգոն ողջ օրը մեզ հետ անցկացրեց ցույց տալով Լվովի ամենահետաքրքիր ու յուրօրինակ վայրերը:
Ոտքերս ինձ չէին ենթարկվում, բայց նորը տեսնելու ագահությամբ ծանոթանում էինք դեղատան, սուրճի, շոկոլադի, Սադո մազոյի թանգարան- սրճարաններին: Գլխապտույտ, արբեցնող, արկածային ճամփորդություն էր…
-Երեկոյան ինչ եք ուզում անել,-հարցնում է Մարգոն:
-Մարգո՜, դու ավելի լավ գիտես ուր տանել մեզ:
-Գնանք գարեջրի կոմբինատ, համ կտեսնեք ինչպես է պատրաստվում գարեջուրը, վերևում էլ կնստենք կխմենք, իսկ պատուհանից քաղաքն ասես բռիդ մեջ լինի:
Գարեջրատանը ամերիկացի հատուկ հյուրեր կային: Ուկրայուհիներից քաղաքական բնույթի հարց ու փորձ էին անում:
Ukarine
Գիշերը հազիվ ենք տուն գալիս, նոր վայրերին ընտելանալն ու կապվելը հեշտ է, մանավանդ երբ ամեն քայլափոխի հանդիպում ես հայկական հետքերի…:
Հայկական եկեղեցի, փողոց, հացի հերթ կանգնած տատիկը հայկական լավաշ է տանում նախաճաշին, հայկական քանդակագործություններով զարդարված իտալական պիցերիան, մարդիկ, որոնք իմանալով ազգությունդ ժպտում ու առավել սիրալիր վերաբերվում…անասելի հաճելի ապրումներ էին…:
Հաջորդ օրը որոշել էինք վերնիսաժ գնալ, հուշանվերներ նայել:
Պտտվում ենք այս ու այն կողմ, իմ ու Արթուրի հետաքրքրությունները տարբեր են, բայց կարծես երկուսսիս սրտով բան չենք կարողանում գտնել:
-Ա՜ն տես ինչ սիրուն զարդեր են, հաստատ կհավանես,-կանչում է Արթուրը:
Մոտեցա տեսնեմ իսկապես գեղեցիկ ձեռքգործ աշխատանքներ են…
-Վա՜խ ինչ սիրուն են Արթուր, տես մեկը մյուսից լավն է, ո՞նց եմ ընտրելու:
Վաճառողուհին բարի ժպիտով մեզ է նայում ու ասում.
-Երեխեք ջան, բա որ հայ եք սկզբից էլ ասեիք մի ժամ ուրիշ լեզվով տանջվում ենք:
Ես երջանկությունից արդեն օդերում եմ:
-Դե բա իհարկե, ամբողջ Վերնիսաժում ամենասիրուն ձեռագործ աշխատանքները հայինը պիտի լինեին…,-ավելացնում եմ ես ու անմիջապես ծանոթանում ենք, պատմում մեր մասին:
Հայուհին պատմում է, որ վաղուց են ընտանիքով տեղափոխվել Ուկրաինա ու բնակություն հաստատել  Լվովում: Մի քիչ կարոտ առնելով հայերից զեղչով վաճառում է ականջօղերն ու լավագույն բարեմաղթանքներով հրաժեշտ տալիս մեզ:
PicsArt_1436089479623
 Երբ ինձ հարցնում են, թե Ռումինիայում գնչուները շա՞տ են…Իսկ մենք ինչո՞վ ենք առավել գնչուներից…մեր կամքից անկախ ամեն երկրում ծվարել ու անհագ կարոտը սրտներումս, աչքներս Հայաստանին հառած ապրում ենք,  ոնց կարողանում ենք…
 Երեկոյան գնացքին ուշացանք և մեր նախատեսածից էլ ավել մնացինք Լվովում: Ես շատ էի ուզում Կիևը նույնպես տեսնել, այնտեղ ինձ էին սպասում ուկրաինացի ընկերներս, որոնք Հայաստանում 2 շաբաթ մնացել էին: Նրանցից յուրաքանչյուրը պնդում էր, որ իրեն հյուրընկալեմ, վստահ եմ դեռ առիթ կունենամ …և առհասարակ  կտեսնեմ իմ բոլոր արտասահմանցի ընկերներին հենց իրենց բնակավայրում…
lviv_ukraine-wallpaper-1680x1050-1.jpg
Ժպտերես, քաղցր, ուրախ Մարգոն սիրով մեզ հետ անցկացրեց ևս մեկ օր խոստանալով, որ անպայման մեզ Հայաստանում հանդիպելու է….և իսկապես, ամիսներ անց Մարգոյին հանդիպեցի Բաբաջանյանի արձանի մոտ:
Շատ երջանիկ էի նրան տեսնելու համար, բայց ցավոք չհասցրեցի նրան ցույց տալ իմ Երևանը…
PicsArt_1435527373679
Մարգոն այնքան էր կապվել Հայաստանին ու իր հայրենակիցներին, որ այլևս չէր ուզում վերադառնալ Ուկրաինա…Ցավոք Մարգոն ստիպված վերադարձավ ծնողների մոտ, որոնք դեմ էին նրա որոշմանը:
Ես ապշած էի…Մարգոն իր ողջ գիտակցական կյանքը ապրել էր Ուկրաինայում, բայց ավելի հայրենասեր, ավանդապահ էր քան ինձ հանդիպած որևէ այլ հայուհի:
Մարգոյին այլևս չտեսա, բայց գիտեմ, որ լավ է…
Մարինան նույնպես լավ է, շարունակում է խենթ ճամփորդությունները ասիական երկրներում…

 

Ճամփորդական նոթեր

  Ավտոստոպը Ռումինիայում

Ուրբաթ առավոտ կանուխ շտապում ենք քաղաքից դուրս: Վաղ է , բայց մի քանի միլիոնանոց Բուխարեստում կյանքի եռը հենց վաղ առավոտից է սկսում:
Չսիրեցի այս քաղաքը, մի տեսակ մոխրագույն ու  միանման է , այստեղ մոլորվելն էլ է հեշտ հենց այդ միանման լինելու պատճառով…Ճամփորդողները Բուխարեստը Կոմունիստական  քաղաք են անվանում,թերևս դրականն այն է, որ  ռումինացիները բարհեամբույր ու հայերիս պես օտարազգիներին ձեռք մեկնող են:
Մենք շտապում ենք մայրաքաղաքից  դուրս տանող հիմնական մայրուղին: Այնտեղից հեշտ է մեքենա կամ բեռնատար գտնելը երկրի մեկ ծայրից մյուսը տեղափոխվելու համար՝անվճար:
Ավտոստոպ երևույթն այս երկրում հրաշալի է գործում: Մեծից փոքր կարելի է տեսնել մարդկանց, ովքեր փողոցում կանգնած, բթամատը  վեր պահած մեքենա են <<որսում>>: Իսկ հատկապես օտար ճամփորդի համար սա յուրօրինակ ձև է երկիրն ավելի  <<խորքից>>  ճանաչելու համար:
Վարորդները հիմնականում բարի, հասարակ մարդիկ են, ովքեր ձանձրանում են  մի քանի հարյուր կիլոմետր միայնակ անցնելու և ճամփորդներին չեն անտեսում: Նրանց մեջ այնպիսի մարդկանց  կարելի է հանդիպել, որ վերջին հացն անգամ կիսում  են հետդ, պատմում երկրի, ավանդույթների մասին, ամեն ինչ անում, որ սիրես Ռումինիան:
Ավտոստոպ երևույթը ես անվանում եմ կազինո: Երբեք չես իմանա ինչ տեսակի  վարորդի կհանդիպես՝ իտալիայից  ժամանաց գլամուռ դիմահարդարի, թե որսորդի, որի բեռնախցիկում վայրի խոզ է և մեքենայից դեռ գալիս է արյան հոտը:
Ավտոստոպը կամ ինչպես բրիտանացիներն են անվանում՝ hitchhiking –ը ունի կանոններ, գրված և չգրված օրենքներ,որոնց հետո ավելի մանրամասն կանդրադառնամ:  Չգրված օրենքներից է ունենալ ցուցապաստառ , ուր պետք է  նշված լինի այն քաղաքը ուր գնում ես:

msheci_hitchhiking
Իմ պաստառը միշտ զարդարում էի արևներով ու ժպիտներով, իսկ ահա մեջքիս 15 կիլոգրամանոց ուսապարկը վկայում էր, որ ես յուրային չեմ և հետաքրքիր ճանապարհի ընկեր կարող եմ դառնալ տեղացիների համար:
Օրը մռայլ էր, երբ ես ու մեկ այլ հայուհի ճամփա ընկանք:
-Արփ ես հաջողակ եմ, ես երբեք երկար չեմ սպասում ճանապարհին, հուսամ այս օրը այդ օրերից է,միայն թե անձրև չսկսվի:
-Ես էլ եմ հաջողակ, մի՛ անհանգստացիր հիմա հաստատ մեքենա կունենանք…,- և խոսքը չավարտած մի մեծ բեռնատար է կանգնում:
-Բունա,- բարևում եմ ու հետո հարցնում , թե անգլերեն խոսում է և  ցույց եմ տալիս պաստառի վրա գրված քաղաքը՝ Brasov: Վարորդը գլխով է անում ու հասկացնում, որ բարձրանանք բեռնատար: Ես ռումիներեն այդքան էլ լավ չգիտեմ, հետևաբար ընկերուհիս է խոսում, հարց ու փորձ անում, իսկ ես փակում աչքերս ու մտածում , որ սա ես չեմ, սա ինչ որ ֆիլմ է…
-Սուճ կխմեք,- հարցնում է վարորդը:
-Ոչ շնորհակալություն,-միաձայն պատասխանում ենք: Նա կանգնեցնում է բեռնատարը բենզալցակայանի մոտ ու իջնում: Հինգ րոպե անց մոտենում է սուրճի երկու բաժակներով: Հետո ներքևից ձայն տալիս որ դուռը բացենք և վերցնենք այն:
Շնորհակալություն ենք հայտնում ու վերցնում  սուրճի բաժակները: Օտար երկրում սկսում ես գնահատել ամեն մի լավ արարք ու շնորհակալ լինում դրա համար: Սա մի տիեզերական կարողություն է դառնում՝ շնորահակալ լինել ամեն լավ բանի համար ինչ հանդիպում է քո ճանապարհին և փոխհատուցել քո բարությամ, թեկուզ փոքրիկ:
– Ես հայուհիների երբեք չէի տեսել: Հազիվ կկարողանամ քարտեզում ցույց տալ Ձեր երկիրը: Բայց վստահ ասում եմ, որ հայուհիները գեղեցիկ աչքեր ունեն…,-ի պատասխան ամոթխած ժպտում ենք…
Երկինքն ամպամած էր…սարսափում էի այն մտքից, որ անձրև կարող է տեղալ: Անտառախիտ այդ երկրում երբ անձրևները սկսում են՝ օրեր են տևում: Արևահամ երկրի բնակչին դժվար է օրերով արևի երես չտեսնելը…Իսկ մեզ մրսել չի կարելի…օտար երկրում, ոչ ոք չի թակում, քո ննջասենյակի դուռն ու նանայով տաք թեյ բերում…օտարության մեջ դու ես քո գլխի տերը ու դու պարտավո՛ր ես հոգ տանել քո մասին:
-Հասնում ենք Բրաշով,-մտքերս ընդհատում է ընկերուհիս: Ցատկում եմ բեռնատարից, հետո նա տալիս է մեր ուսապարկերը, շնորհակալություն ենք հայտնում ու հրաժեշտ տալիս նրան:
Անձրևի կաթիլները շոշափելի են դառնում: Ես ավելի եմ անհանգստանում այդ մտքից ու մտածում ով կլինի այն բարի մարդն, ով կկանգնի՝  մեզ իր հետ տանելու համար…մնաց  400 կիլոմետր…
Նոր մակնիշի մեքենա է կանգնում: Սովորաբար լավ մեքենաներ ունեցող վարորդները հազվադեպ են կանգնում ճամփորդներին վերցնելու: Հարուստ մարդիկ վախկոտ են…չեն վստահում…չեն էլ փորձում…սա բացառությո՞ւն էր:
Վարորդը փայլուն անգլերեն է խոսում: Անձրևը սաստկանում է , մենք արագ տեղավորում ենք ուսապարկերը բեռնախցիկում և նստում մեքենայի մեջ:
Դանիելը 40 անց տղամարդ էր: Ճերմակ մազերն արդեն նկատելի էին: Խոսում էր գերազանց անգլերեն, ամերիկյան ակցենտով: Ասես չհավատալով երկրորդ անգամ եմ հարցնում, թե իսկապե՞ս ռումինացի է:
– 18 տարի է ապրում եմ Ամերիկայում: Ծնողներիս տեսակցության եմ եկել: Ռումինիան իմ երկիրն է, ուր էլ ապրեմ միշտ հետ եմ գալիս իմ հողն ու ջուրը:
Այս նախադասությունը միշտ լսել եմ պանդուխտ հայերից…
<<Ուր էլ լինես, քո մայր լեզուն…>>…
-Իսկ դո՞ւք,- հարցնում է Դանիելը,- Ի՞նչ գործ ունեք Ռումինիայում:
-Կամավորներ ենք, ընկերուհիս դպրոցում է աշխատում,փոքրիկ ռումինացիներին հայկական երգ ու պար է դասավանդում, ես ռադիոյում եմ աշխատում՝ հունգարական:
-Տրանսիլվանիայում հունգարացիները շատ են,-ասում է Դանիելը:
-Ըհը, ասում են իրենց պատմական երկիրն է,- ավելացնում եմ ես՝ առաջ բերելով կոնֆլիկտային հարցը: Միշտ հետաքրքիր է, թե միևնույն հողի համար պայքարող տարբեր ազգերի ներկայացուցիչներն  ոնց են մեկնաբանում փաստերը: Ու հենց այդ ամենի մեջ ապրելով զուգահեռներ եմ տանում իմ երկրի խնդիրների հետ: Մոտ հարյուր տարի է, ինչ գոյություն ունի այս կոնֆլիկտը հունգարացիների և ռումինացիների միջև, մարդիկ ապրում են իրենց պապենական հողում, բայց փաստաթղթերով այլ երկրի քաղաքացի են: Ատելությունը ակնառու չէ, բայց հրաժարվում են անգամ ռումիներեն լեզուն սովորելուց, ռադիոներով ռումինական երագեր չեն պտտեցնում,իսկ միմյանց միջև ամուսնությունը բարկացնում է հատկապես ազգայնականներին:
Դանիելը պատմում է, թե ինչպես է հայտնվել Ամերիկայում, ասում է չուզենալով  է գնացել.
-Նոր էի ամուսնացել: Կինս երազում էր ԱՄՆ-ի մասին և ա՜յ քեզ հրաշք, նա  Green Card շահեց ու մեկնեցինք: Սարսափելի դժվար էր, նոր միջավայր՝ ուրիշ կենասկերպով ապրող մարդիկ, այլ արժեքներ: Առավոտից իրիկուն աշխատում էի, դպրոց հաճախում կնոջս հետ, մի խոսքով փորձում էինք ինտերգրվել այդ երկրում: Շատ բարդ էր, ամիսներ անց կինս չէր կարողանում կարոտին դիմադրել: Այն ժամանակ էլ չկար Skype  կամ նմանատիպ բաներ, որոնք կարոտը մեղմացնում են…Ամեն ամսվա վերջում ես հասկանում էի, որ ավելի շատ վճարում եմ
ԱՄՆ-Ռումինիա զանգերի համար քան խնայում: Սկսվեցին ընտանեկան վեճերը, կինս ամեն օր տեսարան էր սարքում, ամեն մի մանրուքի համար վիճում էինք: Կյանքս քաոս դարձավ, էլ չէի կարողանում հանդուրժել: Մի գեղեցիկ օր էլ կինս վերջնահաշիվ  դրեց ՝վերադառնում ենք Ռումինիա այլապես սպառնում էր բաժանվել: Դե մեկ  տարի անցել էր, իսկ ես իմ ապագան ԱՄՆ-ում էի տեսնում և ասացի նրան, որ կարող է գնալ, եթե ուզում է և ես նրան չեմ հետևելու:
-Չէի՞ք սիրում նրան,-զարմացած հարցնում եմ:
-Դե գիտես, դա նրա՛ երազանքն էր ԱՄՆ-ում ապրելը ո՛չ թե իմ: Եթե չսիրեի՝ չէի հետևի նրան, կմնայի իմ հայրենիքում, ուր վատ չէինք ապրում: Չուզեցի նրա խաղալիքը լինել: Կանացի կամակորությունները չեմ կարողանում հանդուրժել, եթե անգամ չափից շատ եմ սիրում:
-Իսկ նա՞
-Նա գնաց…
-Կապ կա՞, շփվո՞ւմ եք
-Նա ինձ ատում է, գիտեմ, որ ինձանից հետո մի քանի տարի անց անհաջող ամուսնացավ, հիմա տեղյակ չեմ ինչով է զբաղվում, ոնց է ապրում:
-Իսկ չեք էլ փորձել հանդիպել…ի վերջո ընտանիք եք ունեցել…
-Չէ, երկուսս էլ համառ էինք ու հպարտ:
-Երեխաներ ունեք:
-Ոչ…բայց կուզեյի:
-Իսկ երեխայի գործոնը կստիպե՞ր բաժանվել նրանից:
-Երբ տղամարդը որոշում է հեռանալ, նրան այլևս ոչ ոք չի կարող պահել, ես չեմ ափսոսում ոչինչի համար…Իսկ հիմա ես կայացած բիզնեսմեն եմ, ձկնարտադրության ճյուղ ունեմ ,էլ մենակ չեմ, ընկերուհի ունեմ
տիպիկ ամերիկուհի է: Չցանկացավ հետս ճամփորդել Ռումիայում: Դե գիտեք, կանա՜յք, իրենց ձևե՜րը, մի խոսքով պրակտիկ չէ նրա հետ ճամփորդելը: Բացի դա կարծում եմ, որ զույգերը ժամանակ առ ժամանակ պիտի միմյանցից հեռու ապրեն, դա ավելի է մոտեցնում նրանց:
Դանիելի պատմությունն ինձ տանում է հիշողությանս փոշոտ անկյունները: Այն ինձ հիշեցրեց իմ 20 տարեկանը, երբ սիրահարված էի մի նյութապաշտ ու ցնդած նկարչի, ով հեռացավ ԱՄՆ իր երազանքի հետևից ինձ թողնելով միայնակ իմ սիրո հետ:  Եւ այո…տարիներ անց ես հասկանում, որ ամեն սեր չէ, որ դիմանում է հազարավոր կիլոմետրերի փորձությանը:
Խիստ ու կարգապահ Դանիելը տարին գոնե երկու անգամ այցի է գալիս ծեր ծնողներին տեսակցության: Առիթն էլ  բաց չի թողնում շրջելու իր սիրելի երկրում.
-Տես ինչ սիրուն անտառներ, սարեր ունենք: Սա իմ երկիրն է, ուր էլ գնամ իմ միտքն ու սիրտն այս երկրին է պատկանում:

Romania
-Հասկանում եմ…
-Այ դու կուզենայիր ապրել Ռումիայում, ընդմիշտ…
-Սիրում եմ Ձեր երկիրը, բայց չէ…Իմը Հայաստանն է…իմ սիրտն էլ մեր լեռներում է,-հիշում եմ Սարոյանին:
-Խոսիր ինձ համար, հայերեն, երբեք չեմ լսել այդ լեզուն, թեև ԱՄՆ-ում  ազդեցիկ հայ ընկերներ ունեմ:
Ես սկսում եմ խոսել  հայերեն, ինչ որ բան պատմում:
– Գեղեցիկ լեզու է, ես կարծում էի կոպիտ լեզու կարող է լինել, բայց քնքուշ է հնչում:
Իսկ օտարության մեջ հայերենով խոսելը սաստիկ ես կարոտում: Քանի անգամներ եմ առավոտյան քնաթաթախ գերմանացի կամ հունգարացի ընկերներիս հետ հայերեն խոսել հետո էլ ակնկալել, որ պիտի պատասխանեն:
Դանիելին եմ մեկնում հեռախոսս, ուր Մեսրոպատառերն են իրենց ողջ գեղեցկությամբ:
-Սա Ձեր տառերն են, ինչ բարդ է թվում: Իսկ Ձեզանից բացի էլ ո՞վ է այս այբուբենն  օգտագործում:
-Միայն մենք՝ հայերս:
Հետո խոսակցությունը սահուն անցնում է հայերի մշակույթի, ավանդույթների ու պատմության շուրջ: Իսկ մենք արդեն մոտենում ենք այն քաղաքաին, ուր պետք է հրաժեշտ տանք Դանիելին և այլ մեքենայով հասնենք տուն, որը շատ մոտ: Դանիելն առանց վարանելու առաջարկում  է մինչը տուն հասցնել մեզ: Հրաժարվում ենք,բայց  նա պնդում է.
-Անձրևը չի դադարել, մինչ հասնեք կթրջվեք, իսկ դուք օտար երկրում եք, ձեզ ոչ ոք տաք թեյ չի առաջարկելու եթե հիվանդանաք…

Սքանչելի ու անկրկնելի Էռնա Յուզբաշյանը

ՀՀ վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը, երբ իմացավ, որ հարցազրույցը Գյումրիի թերթի համար է նախատեսված շատ ուրախացավ և համաձայնեց հարցազրույց տալ նշելով, որ գոնե թերթի միջոցով կստացվի կապ հաստատել գյումրեցիների հետ:

-Ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում
-Ապրում ենք, շփվում սփյուռքահայերի, հայական համայնքի հետ: Ես շատ ընկերներ ունեմ այստեղ: Նոր գաղափարներ ունեմ, նոր երգեր եմ ձայնագրում: Իմ համերգային ծրագրերն եմ թարմացնում, ավելացնում եմ  երգեր , որոնք ինչ որ ժամանակ շատ հայտնի էին իմ կատարմամբ: Կարծում եմ, եթե հաջողվի, Մոսկվայում էլ համերգ կունենամ մեր հայրենակիցների համար: Սիրով , բարեգործական համերգներով հանդես կգամ Հայաստանում, եթե կազմակերպիչներ լինեն: Բավական է միայն կազմակերպչական հարցերը լուծվի:
Ես ուզում եմ Հայաստանի գյուղերում ճամփորդել,  արմատներիս մոտ լինել, սիրում եմ գյուղացի մարդկանց, շատ անկեղծ, բարի ու հասարակ են: Կարծում եմ, որ մարզերում ապրող մարդիկ դեռ չեն կորցրել հայկական շունչը, էությունը:

– Դասավանդո՞ւմ եք
-Այո, եղել է փորձ, անգամ ստուդիան անուն էլ ուներ` ‹‹ALEGRA›› : Կային աշակերտներ, բայց ես որակի համար էի աշխատում: Վարձակալել էի տարածք, բայց եկավ մի պահ, որ երեխաները շատ արագ ուզում էին բեմ դուրս գալ, որին ես դեմ էի: Նախ պետք է պատշաճ պատրաստվել հետո նոր մտածել բեմի մասին: Այստեղ ավելի շատ նախընտրում են պարը, քան երգը:

-Հայաստանում ամենաշատը ո՞ ւմ կամ ի՞ նչն եք կարոտում
-Ընկերներիս, մտերիմներիս, կոլեգաներիս:  Թեև ոչ մի սեփականություն չունեմ Հայաստանում, բայց ձգողությունը մեծ է: Կարոտում եմ Հայաստանի  օդը, Հայաստանս:
Ես 80-ականներին եմ Երևան եկել ու 14 տարի եմ ապրել այնտեղ, հետո  եկել եմ ԱՄՆ, ուր ավելի շատ եմ ապրել, քան Հայաստանում: Արդեն 19 տարի է Ամերիկայում եմ: Գալիս եմ Երևան կարոտում եմ ԱՄՆ-ն, այստեղ եմ լինում կարոտում եմ Երևանը: Տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ չեն տալիս շատ կարոտել, բացի այդ, ես հաճախ եմ Հայաստանում լինում:

՞ նչ կա ԱՄՆ-ում, որ գրավում է մարդկանց ու վերջին շրջանում հատկապես արվեստագետներն են մեկնում ու ապրում այնտեղ : Բացի աշխատանքից էլ ի՞նչն է գրավում:
-Ես մեկնել եմ  այլ պատճառներով: Ես ուժեղ սիրահարված էի մի տղամարդու, ով ապրում էր Ամերիկայում և ուզում էի նրա հետ լինել: Երբ ԱՄՆ-ում էի հնարավոր չէր վերադառնալ: Այլ մարդկանց համար ոչինչ չեմ կարող ասել: Մարդ կա գալիս է գումար աշխատելու, սովորելու: Լավ կյանքից դեռ ոչ ոք չի հեռացել:

-Հավանաբար նկատել եք, որ երգարվեստում գեղեցիկ երգերը քչացել են: Ամեն մի անփորձի  կոմպոզիտոր են անվանում, ովքեր իրականում չունեն այդ վաստակը: Ո՞րն է պատճառը գեղեցիկ երգեր, երաժշտություն չունենալու հարցում:
-Բացի այդ, ամեն ջահելի մաեստրո են ասում, որն ինձ սաստիկ բարկացնում է:
Հավանաբար  ամենաթողությունից է: Ես մեղադրում եմ նաև Ձեզ` ժուռնալիստներիդ, հեռուստաժուռնալիստներին, որովհետև կար ժամանակ, որ կարելի էր ամեն ինչ գնել` հոդվածներ, եթերներ, մարդկանց: Եթերում այնպիսի դեմքեր հայտնվեցին, որից հետո ամեն նայողը մտածում էր, որ ինքն էլ կարող է փորձել: Այդ պատճառով հայտվեցին ոչ ճիշտ երգեր, ներկայացումներ: Ես չգիտեմ, թե ով է այս ամենը կանգնեցնելու: 90-ականներից սկսվեց այս խառնաշփոթը:
Գիտեք, ես չեմ սիրում այս թեմայով խոսել, որովհետև կգտնվեն մարդիկ, որ կասեն` տես հեռվից մեզ դատում է, ի՞նչ իրավունքով: Դրա համար ուղղակի ասում եմ` չեմ հավանում, բայց վերլուծությամբ չեմ ուզում զբաղվել: Եթե, ես ապրեի Հայաստանում կմիջամտեի, կփորձեի ինչ որ բան փոխել:

Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ

՞նչ տարբերակներ կան ուղղելու, շտկելու իրավիճակը:
-Հիմա այդքան էլ տեղեկացված չեմ, թե ինչ է կատարվում էստրադայում: Երբեմն սոցիալական ցանցում տեսնում եմ տեսահոլովակներ, որոնցից ոչ բոլորն եմ հավանում: Գիտեմ, որ քննադատություններ կան: Բայց այս ամենին ընդհանուր կարգավորում է անհրաժեշտ: Ես հասկանում եմ այն լրագրողներին, ովքեր այդ անտաղանդների PR –ով են զբաղված , մարդիկ գումար են աշխատում:

Ի վերջո, մեր ազգը հիմար չէ և շատ լավ տարբերում է վատը լավից, պարզապես, եթե մարդուն անընդհատ թեթև, նույն ”սնունդը” տաս նա ուղղակի կսովորի ու էլ ոչինչ  չի ուզի: Կարծում եմ պետք է ուշադրություն դարձնել դասական երաժշտությանը: Մեր ազգը հեռացել է դասական երաժշտությունից, կար ժամանակ, երբ դասական երաժշտությունն ավելի շատ էին լսում: Ուրախ եմ, որ գուսական արվեստն է առաջ է գնում, անգամ երիտասարդներն են լսում: Լավ կլիներ, որ դասականին էլ ուշադրություն դարձնեին ու քարոզեին այն: Համենայն դեպս, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է գտնի իր երաժշտությունը, այն ինչ հոգեհարազատ է  իրեն :

Էռնա Յուզբաշյանը դստեր հետ

Հ.Գ. ‹‹ Գյումրիում եղել եմ 1987 –ին : Անգամ չեմ պատկերացնում, թե ինչպիսին է Գյումրին հիմա: Հետևում եմ  նորություններին, գիտեմ, որ կենտրոնը վերանորոգված է : Իմ երազանքներից մեկն է Գյումրի գալ բարեգործական համերգով:  Առհասարակ, երազանք ունեմ Հայաստանի շրջաններում համերգաշար ունենալ, բայց, ցավոք սրտի կազմակերպիչներ, հրավիրողներ չկան…

 Ինձ համար գյումրեցիների հետ հանդիպումը շատ ցանկալի է: Եւ տա Աստված, որ մի օր ստացվի իմ գալը: Շատ կուզենայի հանդիպել գյումրեցի իմ ընկերներին, որոնց հետ կապը կորցրել եմ:

 Ես ԱՄՆ-ում էի արդեն, երբ այդ սարսափելի արհավիրքը եղավ: Խորը ցավ եմ ապրել…1989թ.-ին ԱՄՆ-ում ես հայ երիտասարդների հանդիպեցի, ովքեր եկել էին այստեղ բժշկական և հոգեբանական բուժման համար: Ես հիշում եմ, որ  բարեգործական համերգ ենք կազմակերպել: Նյու Ջերսիից մենք ինչով կարողացանք օգնություն ուղարկեցինք:

 Գյումրու բնակիչները հատուկ մարդիկ են` տաղանդավոր արվեստագետներ, մարզիկներ, երաժիշտներ:  Ուզում եմ, որ մարդիկ այնտեղ լավ ապրեն:

Շատ կուզեի, որ համահայկական դրամահավաք լիներ աղետի գոտու համար, լավացնեին այդ մարդկանց ապրելու պայմանները: Ես քաղաքականությունից ինձ հեռու եմ պահում, ես արվեստի մարդ եմ, բայց կարծում եմ, որ եթե որոշ  օլիգարխներ այդքան ռեստորաններ ու ակումբներ կառուցելու փոխարեն ինչ որ գումար տրամադրեին և աշխատատեղով ապահովեին մարդկանց, ապա այսչափ արտագաղթ չէր լինի…››:

 

Հարցազրույցը արված է  Գյումրիի ‹‹Շրջապատ›› շաբաթաթերթի համար

        Msheci  ( Անի Կարապետյան)