Նրա արվեստանոցը լեցուն է  բացառիկ ջերմությամբ ու դրական մթնոլորտով:

Իր այցելուներին դիմավորում է բարի ժպիտով ու սիրով: Ամեն անգամ արվեստանոց այցելելիս հիանում եմ վարպետի առույգությամբ, առողջ հումորով, կենսուրախությամբ…Նա շուտով կդառնա 90 տարեկան:

Նա Խաչատուր Իսկանդարյանն է: ՀՀ  ժողովրդական նկարիչ, վաստակավոր նկարիչ-քանդակագործ, իսկական երևանցի:

Բազում երկրներում է եղել, բայց Երևանը միակ թանկագին քաղաքն է, իսկապես որ իր սրտի մայրաքաղաքն է: Երևանի մասին խոսելիս  աչքերը փայլում են. ‹‹Այն ժամանակ մարդիկ հարգում էին միմյանց, հեղինակավոր մարդիկ շատ կային, հիմա չգիտես ովքեր են Երևանի ‹‹տերերը››, որտեղի՞ց են եկել, ինչե՞ր են անում քաղաքի հետ››:

Խաչատուր Իսկանդարյանը կարոտով է հիշում հին Երևանը, քաղաքի թաղերն ու փողոցները, մարդկանց, ովքեր կառուցեցին այս քաղաքը. ‹‹Երևանցիները կիրթ էին, աշխատասեր, իրենց քրտինքով էին վաստակում հանապազօրյա հացը…››:

Հենց հին Երևանի  կարոտն ու սերը նա արտահայտեց իր քանդակներում: Խաչատուր Իսկանդարյանը միակ քանդակագործն է, ով ստեղծել է հին Երևանին նվիրված մանրաքանդակների շարք՝‹‹Ջրավաճառ Զատիկը››,‹‹Թութ թափ տվողները ››, ‹‹Դանակ մկրատ սրողը››, ‹‹Երաժիշտները››, ‹‹Երվանդի Ֆայտոնը ›› և այլն:

Հատկանշական է, որ դիտելով Գյումրիում տեղադրված

Ավ. Իսահակյանի հուշարձանը՝ անվանի գրող Վիլյամ Սարոյանը թանգարանի հուշագրքում թողել է հետևյալ տողերը. ‹‹Ես մի օր պիտի մահանամ: Կուզեյի թաղվել այստեղ, այս բակում, Իսահակյանի արձանի հայացքի տակ ››:

Նա երբեք չի հոգնում ստեղծագործելուց. ‹‹Երբ քանդակից հոգնում եմ զբաղվում եմ գեղանկարով կամ գրաֆիկայով… ››:

Իսկ ճապոնացի հայտնի նկարիչ-գրաֆիկ Կամուո Սինկայը

Խ.Իսկանդարյանի արվեստանոցում դիտելով նրա աշխատանքները, գրել է. ‹‹Աշխատանքները թե՛ գույնով, թե՛ ոճով խորն են, ուժեղ տպավորություն են թողնում: Դուք մեծ ուժ եք ներկայացնում և որպես քանդակագործ, և որպես նկարիչ: Ես ուզում եմ ըմբռնել Ձեզ և ինձ հետ հայրենիք տանել ձեր աշխատասիրությունը, Ձեր նման բեղմնավոր լինել թե քանդակագործության, թե նկարչության մեջ››:

Մայր Թերեզայի քանդակն ու նախկին նախագահի սակարկումը

1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառով Հայաստանում էր Մայր Թերեզան: Մեծ գթամայրը եկել էր ցավակցելու, այդ ծանր օրերին հայերիս կողքին լինելու համար: Հենց երկրորդ այցելության ժամանակ էլ Խաչատուր Իսկանդարյանը քանդակեց Մայր Թերեզային. ‹‹Օդանավակայանում հանդիպեցի նրան և իմ բախտից նրա ինքնաթիռը երկու ժամը ուշացավ: Այդ ընթացքում ես հասցրեցի աշխատել ››:

Արդյունքում ծեր, իմաստուն, բարեգութ կնոջ քանդակը ստացվեց հրաշալի: Վարպետը մի քանի անգամ փորձեց այն ուղարկել  Հնդկաստան, բայց չստացվեց:

Տարիներ առաջ  տեղեկացավ, որ նախկին նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Հնդկաստան, զանգ տվեց նախագահական և պատմեց քանդակի մասին: Ռոբերտ Քոչարայանը եկավ արվեստանոց, հավանեց քանդակը, գին պայմանավորվեց: Մի քանի օր անց վարպետի արվեստանոց զանգ տվեցին: Զանգահարողը վարպետին առաջարկում էր ասված  5 հազար դոլլարի փոխարեն վճարել 3 հազարը:

‹‹Բարկացած կախեցի լսափողը: Միթե՞ չեն ամաչում, ո՞նց կարելի է…››,-վրդոված պատմում է նա:

Արհամարհանքի արժանացած Դերենիկ Դեմերճյանը

Վարպետի անցած ուղին բեղուն է և ուշագրավ: Շատ են հետաքրքիր հիշողությունները, գեղեցիկ պատմությունները, բայց վիրավորվածությունը նունպես շատ է:

1977 թվականին Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվեց մի հուշաքար հետևյալ ծանուցումով՝ ‹‹Այստեղ տեղադրվելու է Դերենիկ Դեմերճյանի հուշարձանը››: Այդ նպատակով 1983 թվականին Երևանի քաղաքային խորհուրդը հայտարարեց մրցույթ: Հաղթող ճանաչվեց (երկու անգամ հայտարարված մրցույթում ) Խաչատուր  Իսկանդարյանը. Նրա ներկայացրած տարբերակը արժանացավ համընդհանուր հավանության: 2,5 մետր բարձրությամբ հուշարձանի գիպսե տարբերակն առ այսօր մաշվում է վարպետի արվեստանոցում: Արվեսատագետը գրել է Երևանի գրեթե բոլոր քաղաքապետերին, գրել է նաև քաղաքի խորհրդի նախագահներին, բայց ապարդյուն:

‹‹Տարոն Մարգարյանին դեռ չեմ դիմել, հուսով եմ գոնե նա  չի մերժի››,- ասում է վարպետն ու կարդում  Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ Մ.Մարգարյանի պատասխանից մի հատված հատված. ‹‹Չարժե Դեմերճյանին հուշարձան կանգնեցնել, հին գրող է ավելի լավ գրողներ կան… ››:

This slideshow requires JavaScript.

                                                                                    Msheci

Leave a comment